Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, տարբեր վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, մարզիչներ, երկրպագուներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ «Հայաստանի օլիմպիական տունը» իրականություն է դարձել «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերությունների աջակցությամբ: Անդրադառնալով մեր մարզիկների մրցելույթներին՝ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել է.
«Զարմանալի է, երբ արծաթի համար այսքան տխրում ես: Ամեն դեպքում, իրականությունը դա է: Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատմության մեջ երրորդ մարզիկն է, որին հաջողվել է Օլիմպիական խաղերում չորս մեդալ նվաճել: Արթուրը 13 տարուց ավելի հանդես է գալիս ամենաբարձր մակարդակում և ամեն տարի նվաճում մեդալներ: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է 72 կգ քաշային կարգում, նոր է քաշը փոխել և անցել 77 կգ քաշային կարգ: Չնայած դրան՝ հիմա էլ պատրաստ էր դառնալու չեմպիոն: Հավատում եմ՝ Մալխասն իր խոսքը դեռ ասելու է: Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել, ինչը շատ լավ արդյունք է»,- ասել է Կարեն Գիլոյանն ու շնորհավորել մեր մարզիկներին հաջող ելույթների և նվաճած մեդալների առթիվ:
Մարզիկներին ողջունել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և շնորհակալություն հայտնել հպարտության բազմաթիվ պահերի համար:
Մարզիկները նույնպես շնորհակալություն են հայտնել աջակցության և ջերմ ընդունելության համար:
«Ես այստեղ ոսկե մեդալի համար էի եկել: Բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց: Այդ դրվագում իրանցի ըմբիշը երկու ոտքով գտնվում էր գոտեմարտելու տարածքից դուրս: Եվ ես այդ պահը նկատեցի և ինքս ասացի, որ մարզիչները բողոքարկեն: Եթե երկու ոտքով դուրս ես գալիս, ուրեմն մեկ միավոր ինձ պետք է տային: Բայց այդ մեկ միավորի փոխարեն երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկն ավելացրին բողոքարկելու համար: Բոլորն են հարցնում, թե ինչո՞ւ հանեցի մեդալը: Սրա համար եմ հանել այն: Այդտեղ մեկ միավորը իմը պետք է լիներ, և հաշիվն էլ պետք է լիներ 2:1 հօգուտ ինձ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Վերջինիս խոսքով` այժմ հիասթափությունը մեծ է մրցավարական անարդարությունից:
«Ապագայի մասին դեռևս վերջնական չեմ որոշել: Եվ, իրոք, այս անարդարություններից շատ եմ հիասթափված: Դեռ մնալու եմ ըմբշամարտում: Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի»-առանձնացրեց նա:
Ըստ Ալեքսանյանի՝ մրցավարների հետ կապված խնդիրներ կային նաև Սլավիկ Գալստյանի գոտեմարտում, ինչը տպավորություն է ստեղծում, որ Հայաստանի հավաքականի դեմ ինչ-որ տեղ լարվածություն կա:
«Ինչ վերաբերում է գոտեմարտերին ներկա մեծաքանակ հայ երկրպագուներին, կարծես ես տանը գոտեմարտեի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ համայնքին, բոլոր հայերին, ովքեր ներկա էին: Իրոք մեծ աջակցություն ենք զգացել: Ամբողջ թիմի անունից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-ասաց ըմբիշը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:
Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:
Օգոստոսի 7-ին Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Իրանից Մոհամմադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջել էր 4:1 հաշվով և երկրորդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձել ՕԽ արծաթե մեդալակիր:
«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/23696