Չեխահայ 91 կգ քաշային բռնցքամարտիկ Վիկտոր Աղաթելյանը կրկին դարձավ Չեխիայի չեմպիոն՝ Ուստի նադ Լաբեմ քաղաքի ամառային կինոթատրոնում անցկացված մրցաշարում՝ տիրանալով ČUBP ազգային գոտուն։ Հայ մարզիկը 3:0 հաշվով հաղթեց չեխ բռնցքամարտիկ Վացլավ Պեյսարին։ Վերջինս տարբեր քաշային կարգերում Չեխիայի եռակի չեմպիոն էր եւ տասը տարով մեծ էր Վիկտորից։ Հայ ըմբիշն այսպիսով կարողացավ տիրել նախկին չեմպիոն Վլադիմիր Տեզնիչեկի ազատած գոտուն։ Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ Վիկտորը նվաճել էր նույն չեմպիոնական գոտին՝ 72,5 կգ քաշային կարգում։ Եվ իհարկե, նոր քաշային կարգում նա առաջին անգամ էր պայքարում Չեխիայի չեմպիոնության համար։ Օգոստոսի 3-ին անցկացված բռնցքամարտի գալա երեկոն կազմակերպել էին This Is Boxing և Redface ընկերությունները։
Մեկ տարի առաջ Վիկտորի եղբայրը՝ Էրիկ Աղաթելյանը նույնպես նվաճել էր չեմպիոնության տիտղոսը՝ 72,5 քաշային կարգում։ Սիրողական բռնցքամարտում եղբայրներ Աղաթելյանները մոտ 8 անգամ դարձել են Չեխիայի չեմպիոն։ Այս տարի Էրիկը Ուստիում կայացած մրցաշարում կրկին պահպանեց իր գոտին։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հասատատեց Վիկտորը, նա փառահեղ հաղթանակից հետո որոշել է հանգստանալ, իսկ նոյեմբերին ծրագրել է ամուսնանալ նշանածի՝ հայուհի Աննայի հետ, եւ հարսանիքը նախատեսել են կազմակերպել Հայաստանում։ Նշենք նաեւ, որ մեկ շաբաթից չեխահայ բռնցքամարտիկը կդառնա 30 տարեկան։ Ջերմորեն շնորհավորում ենք Վիկտորին թե՛ տարած հաղթանակի, թե՛ գալիք ծննդյան օրվա եւ թե՛ ընտանիք կազմելու առիթներով։ Մաղթում ենք նոր հաղթանակներ եւ երջանկություն անձնական կյանքում։
Orer.eu