
Հունիսի 8 -ին Երեւանի Հանրապետության հրապարկում անցկացված հանրահավաքում Բագրատ Սրբազանի հրապարակած կարեւոր մտքերը։
Մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը։
Վերստին ցանկանում եմ հիշեցնել անցումային կառավարության և նրա գործողությունների մասին։ Կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով՝ վերկուսակցական սկզբունքով․
1․ Հաշտության կառավարություն ՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով՝ ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա
2․ Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով
3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ ԱՌԱՆՑ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։
Ինձ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ հնարավո՞ր է նրան հրաժարեցնենք։
Ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է կամ ոչ, այլ՝ ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ է կամ ոչ։
Մենք այդ պահանջը արդեն իսկ դրել ենք և մեր բոլոր գործողությունները միտված են դրան։
Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարժվել են հրապարակի վրա, այդ բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են։
Բազմիցս արտահայտել եմ և հիմա էլ ցանկանում եմ կրկնել․ այս պայքարը և շարժումը ավելին է, քան սոսկ իշխանափոխությունը։ Այն արժեքների և քաղաքակրթական վերափոխման մասին է, ճշմարտության, արդարության, հաղթանակների և վերջնական ՀԱՇՏՈՒԹՅԱՆ և դրա վրա կառուցված օրակարգի մասին է։

Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է՝ իր ժողովրդի անպատվության, ստորացման և նվաստացման գնով։
Այս իմաստով վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ․
– Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով։
– Պետք է հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։
– Անհրաժեշտ է հարաբերությունները վերականգնել գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։
Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը, «կարմիր գիծը» պետք է լինի սեփական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ՝ հեռու ծառայամտությունից և միայն ու միայն արտաքին շահերի սպասարկումից։

Բանակացյաին գործընթացի մասին
Օրինակելի բանակցային օրակարգը․
• Իրական, կայուն, արժանապատիվ, երկարաժամկետ խաղաղության հաստատում
• Ուժի սպառնալիքի վերացում
• Մարդասիրական խնդիրների հրատապ լուծում, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների վերադարձով պայմանավորված
• Հարկադրանքի կիրառման դադարեցում
• Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ ներառելով արցախցիների վերադարձը՝ լայն իմաստով անվտանգության և իրավունքների հարցերով
• ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերում
• Սահմանազատման և սահմանագծման գործընթացքի մեկնարկ խաղաղության պայմանագրի կնքումից հետո՝ ՀՀ Սահմանադրության և միջազգային չափանիշների համաձայն, հստակ քարտեզների հիման վրա՝ համապարփակ և ոչ տեղային կերպով երաշխավորների ներգրավմամբ։

Հանրահավաքում ներկայացված պահանջները՝
Հիմա ես Ձեր առջևից, այստեղ կանգնած, դիմում եմ Ազգային ժողովին, բոլոր խմբակցություններին, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք․
Առաջին՝
Այս ժողովրդի պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին, ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Երկրորդ՝
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։
Երրորդ՝
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։
Ես ձեզ չեմ դավաճանելու։ Այո, 4 օր՝ 96 ժամ․ խոստանում եմ, որ այդ փոփոխությունը տեղի է ունենալու։



Դիմում քաղաքական կուսակցություններին
Դիմում եմ քաղաքական բոլոր կուսակցություններին ու հատկապես նրանց, որոնք մեր պայքարի առաջին իսկ օրվանից համախոհություն են հայտնել մեր Սրբազան շարժմանը։
Այո, գնահատանքով եմ ուզում անդրադառնալ, որ այս մեկ ամսվա ընթացքում մեր քաղաքական տարբեր հոսանքներ չլքեցին մեր պայքարի ընթացքը։
Եվ հիմա դիմում եմ հորդորելով, ավելի խտացված շարքերով, որպես մեկ ամբողջություն մասնակցություն ունեցեք մեր կյանքի վերականգնման այս ընթացքին։
Հանուն Աստծո, հանուն մեր պետության, հանուն հայրենիքի, հանուն ճշմարտության ու գալիքի մի պահ մոռացեք բոլոր քաղաքական շահերը, բոլոր տեսակի հոսքերն, կողմնորոշումները ու դարձեք մեկ ամբողջություն ու մեկ սիրտ։
Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի։
Հանուն Աստծո, հանուն մեր պետության, հանում մեր հայրենիքի, հանուն մեր գալիքի, հանուն ճշմարտության, հանուն արդարության` մի պահ մոռացեք բոլոր քաղաքական շահերը, բոլոր տեսակ հոսքերը, դարձեք մեկ ամբողջություն, մեկ հոգի մեկ կամք:
Բագրատ Սրբազան
Հանրահավաքի ավարտին քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա՝ խորհրդարանի շենք։


Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի