Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը» լույս է տեսել չեխերեն

  • 06.06.2024
  • 0
  • 185 Views

Չեխական «Արգո» հրատարակչությունը լույս է ընծայել անվանի արձակագիր, հրապարակախոս ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» հայտնի պատմավեպը, որը հայերենով առաջին անգամ լույս է տեսել 2008 թվականին։ Չեխերենի թարգմանիչն է Միլան Դվորժակը։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակներում։

Ցավոք, Ալեքսանդր Թոփչյանը կյանքին հրաժեշտ տվեց 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ կորոնավիրուսի հետեւանքով, եւ բախտավորություն չունեցավ տեսնելու չեխերեն հրատարակությունը, որին այդքան սպասում էր։ Ի դեպ, «Բանկ Օտոմանը» թարգմանվել է տասնյակ լեզուներով եւ չեխերենը վերջին թարգմանություններից մեկն է։

Հիշեցնենք նաեւ, որ Ալեքսանդր Թոփչյանի վերջին վեպը՝ «Որոգայթը» լույս տեսավ իր մահվանից մի ամիս առաջ՝ 2021 թվականին, իսկ նրա «Եվ անգամ մահից հետո» վեպը, որ նվիրված է Ռուբեն Սեակի կյանքին ու գործունեությանը՝ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված լավագույն պատմավեպերից մեկն է, որ հրատարակվել է Երեւանում 2006 թվականին։

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրը սեպտեմբեր ամսին «Արգո» հրատարակչության հետ համատեղ կազմակերպում է գրքի շնորհանդեսը եւ գրական երեկո՝ նվիրված հեղինակի 85 ամյակին, ինչպես նաեւ Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանների գրական ժառանգությանը։ Ձեռնարկին ծրագրվում է նաեւ նրանց դստեր՝ Աննա Թոփչյանի մասնակցությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում