Մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը

  • 07.06.2024
  • 0
  • 195 Views

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և հանրահռչակելու Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ‚ որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես են գալիս ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։

Այս տարի մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրի 20 ջութակահարներ։ Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Ճապոնիան, Չինաստանը, ՌԴ-ն, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Հայաստանը, Պորտուգալիան։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը մրցույթի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց‚ որ մասնակից 20 երաժիշտներն արդեն իսկ իրենց նվագացանկերում ընդգրկել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները‚ քանի որ դրանք ներառված են մրցույթի պարտադիր ծրագրում։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրեց ստուգատեսի ժամանակացույցը‚ մասնավորապես‚ առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին և 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին և 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասուլիսում տեղեկացրեց‚ որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է‚ ինչը պայմանավորված է ստուգատեսի որակի ու հեղինակության բարձրացման հետ։ Նա նաև նշեց‚ որ 8000-ից ավելի երաժիշտ աշխարհի տարբեր բեմերում կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը‚ և այստեղ մեծ դեր է կատարում Խաչատրյանի անվան մրցույթը։

20-րդ հոբելյանական մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կարևորեց Երևանում անցկացվող մշակութային իրադարձությունները։ Ըստ նրա՝ այս օրերին Խաչատրյանի երաժշտությունը տասնյակ երիտասարդ ջութակահարների համախմբել է մեր մայրաքաղաքում‚ և մրցույթի շնորհիվ նրանք ծանոթանում են Հայաստանին‚ Երևանին‚ մեր մաշութային ժառանգությանը։

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր խոսքում ասաց‚ որ նախարարության նպատակներից է հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն աշխարհում‚ և նման միջազգային միջոցառումները նպաստում են այդ նպատակի իրականացմանը։ Տիկին Սահակյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը 20 տարիների ընթացքում եղել է մրցույթի կողքին‚ և համագործակցությունը կազմակերպիչների հետ այս տարիների ընթացքում եղել է արդյունավետ։

Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադևոսյանը‚ մրցույթի մասնակիցներին հաջողություններ մաղթելով‚ խորհուրդ տվեց ելույթ ունենալիս լինել ազատ‚ չմտածել մրցակցության մասին, այլ գերագույն հաճույք ստանալ իրենց կատարումից։ Նա նաև նշեց‚ որ իր համար‚ որպես երաժշտի‚ շատ կարևոր է կատարումը և այն ուղերձը‚ որ ելույթի միջոցով երաժիշտը փոխանցում է ունկնդրին. «Մի՛ նվագեք այնպես, ասես վերջին անգամ եք նվագում, լավագույնը դեռ առջևում է»։

Ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որի միջոցով որոշվեց մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հաջորդականությունը։

Մրցույթի մասնակիցները‚ ժյուրիի անդամներն այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։

Երեկոյան արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում