Քարոզարշավի ձախողումները. Աստղիկ Ավետիսյան

  • 03.06.2026
  • 0
  • 9 Views

Քարոզարշավի առաջին ռազմավարական ձախողումն այն է, երբ գրեթե բոլոր ուժերը փորձեցին ընտրությունները դարձնել հանրաքվե.

խաղաղության շուրջ,

Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրության շուրջ,

գործող իշխանության պահպանման կամ հեռացման շուրջ։

Արդյունքում ընտրողը շատ լսեց, թե ինչու է մրցակիցը վտանգավոր, բայց քիչ լսեց, թե ինչպիսին է լինելու Հայաստանը հինգ տարի հետո։

Քաղաքական հաղորդակցության տեսանկյունից սա դասական բացասական քարոզարշավի ծուղակ է.

Երբ բոլորը խոսում են վտանգներից, հանրությունը սկսում է կորցնել հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ։

Երկրորդ խնդիրը՝ չափազանց մեծ կախվածություն առաջնորդներից

Այս ընտրություններում ծրագրերը երկրորդ պլան են անցել։

Հանրային դիսկուրսը աստիճանաբար վերածվել է մի քանի անձանց միջև մրցակցության.

Նիկոլ Փաշինյան,

Սամվել Կարապետյան,

Ռոբերտ Քոչարյան։

Արդյունքում կուսակցությունները վերածվել են առաջնորդների բրենդների հավելվածների, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժի ինքնուրույն քաղաքական ինքնությունը, գաղափարախոսությունը, թիմը և ծրագրերը երկրորդ պլան են անցնում, իսկ ամբողջ ընկալումը կենտրոնանում է մեկ անձի վրա։ Այն կարճաժամկետ մոբիլիզացիա ստեղծում, բայց երկարաժամկետ վստահություն չի առաջացնում։

Երրորդ խնդիրը՝ քարոզարշավը դարձել է մեդիա իրադարձություն, ոչ թե հանրային երկխոսություն

Վերջին օրերին քաղաքական ուժերը հիմնականում արտադրում էին.

հանրահավաքների կադրեր,

ելույթների հատվածներ,

հակադարձումներ,

սկանդալներ,

մեղադրանքներ։

Սակայն գրեթե չկային այնպիսի հաղորդակցական ձևաչափեր, որտեղ քաղաքացին հարց էր տալիս, իսկ քաղաքական ուժը պատասխանում էր։

Սոցիալական մեդիան օգտագործվեց որպես բարձրախոս, ոչ թե երկխոսության հարթակ։

Չորրորդ խնդիրը՝ ընտրողը վերածվեց հանդիսատեսի

Սա, թերևս, ամենակարևոր խնդիրն է։

Քարոզարշավի մեծ մասում քաղաքացին ներկայացվեց որպես.

զոհ,

վտանգի տակ գտնվող մարդ,

պաշտպանություն պահանջող մարդ։

Բայց գրեթե երբեք՝ որպես փոփոխություն ստեղծող դերակատար։

Հետևաբար քաղաքական ուժերը մարդկանցից պահանջում էին աջակցություն, բայց ոչ մասնակցություն։

Հինգերորդ խնդիրը՝ ապոկալիպտիկ նարատիվների գերակայություն

Վերջին շաբաթվա հաղորդակցությունը կառուցվել է մեկ տրամաբանությամբ.

«Եթե մենք չհաղթենք, պետությունը վտանգված է»։

Տարբեր ուժեր դա ներկայացրել են տարբեր բառերով, բայց հաղորդագրության կառուցվածքը նույնն է եղել։

Սա կարճաժամկետ արդյունավետ մեթոդ է։

Բայց այն ունի մեկ լուրջ հետևանք.

Եթե ընտրողին անընդհատ ասում ես, որ երկիրը կանգնած է կործանման եզրին, մի պահից հետո նա դադարում է հավատալ բոլոր կողմերին։

Վեցերորդ խնդիրը՝ քաղաքականության փոխարեն ինքնության պատերազմ

Վերջին օրերին քարոզարշավի առանցքում հայտնվել են.

խաղաղության պայմանագիրը,

Ռուսաստանի հետ հարաբերությունները,

Եվրոպական ինտեգրումը,

ազգային ինքնության հարցերը։

Սակայն տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, բնակարանային խնդիրները և երիտասարդների ապագան երկրորդ պլան են մղվել։

Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից սա նշանակում է, որ ընտրությունները վերածվել են ինքնության շուրջ պայքարի, ոչ թե կառավարման որակի մրցակցության։

Ամենախորը հաղորդակցական ձախողումը

Իմ կարծիքով ամբողջ քարոզարշավի ամենամեծ խնդիրը հետևյալն է.

Ոչ մի ուժ չկարողացավ ձևակերպել այն պատմությունը, որի կենտրոնում քաղաքացին էր, ոչ թե քաղաքական գործիչը։

Քաղաքացին լսեց՝

առաջնորդների մասին,

հակառակորդների մասին,

աշխարհաքաղաքականության մասին,

դավադրությունների մասին,

անվտանգության մասին։

Բայց շատ քիչ լսեց իր մասին։

Սա չափազանց արդյունավետ մոբիլիզացիոն քարոզարշավ է, բայց ոչ համոզիչ։

Ուժերը կարողացան ակտիվացնել իրենց կողմնակիցներին։

Բայց նրանց մեծ մասը չկարողացավ ձևավորել նոր հանրային համաձայնություն կամ նոր ազգային պատմություն։

Այդ պատճառով հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր հարցը, իմ կարծիքով, այլևս «ով կհաղթի»-ն չէ։

Գլխավոր հարցն այն է՝ ընտրություններից հետո կգտնվի՞ քաղաքական ուժ, որը կկարողանա միավորել այն հասարակությանը, որին քարոզարշավի ընթացքում բոլորը բաժանել են տարբեր ճամբարների։

Աստղիկ Ավետիսյան

Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ,

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ
Մեդիագիտության և սեմիոտիկայի ամբիոնի վարիչ
Մեդիայի և ռազմավարական հաղորդակցության փորձագետ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում