Կյանքից հեռացավ անվանի գեղանկարիչ ու խեցեգործ Վան Սողոմոնյանը

  • 05.06.2024
  • 0
  • 482 Views

Այսօր ՝ հունիսի 5-ին  Երեւանում կյանքին հրաժեշտ տվեց անվանի գեղանկարիչ եւ խեցեգործ Վան Սողոմոնյանը։ Նա ծնվել էր 1937 թվականի օգոստոսի 3-ին Թբիլիսիում։

1956-1958 թվականներին Վանը սովորել է Թբիլիսիի Արվեստի ակադեմիայում, այնուհետև՝ 1963-1969 թվականներին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Այստեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ գեղանկարչուհի, կավագործ  եւ գրող Նոնա Գաբրիելյանին եւ ամուսնացել են  1965-ին: 1971 թվականին ամուսինները  դարձել են Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1970-1980-ական թվականներին Սողոմոնյանն աշխատում էր քանդակագործական կերամիկայի ոլորտում։

1992 թվականին Վանին հրավիրեցին գերմանական Վիսբադեն ցուցահանդեսի։  Ինչպես ինքն էր հիշում, այն ծանր տարիներին, մեծ դժվարություններով եկավ ու մնաց։ Այնուհետեւ իրեն միացավ նաեւ կինը՝ Նոնան։ Նրանք այստեղ բացեցին իրենց գալերիան՝ N&V ։ 1983 թվականին Վանը ստացել է խեցեգործության միջազգային մրցույթի 1-ին մրցանակը, իսկ նրա գործերը ցուցադրվում են Իտալիայում, Խորվաթիայում, Գերմանիայում գտնվող Խեցեգործության միջազգային թանգարաններում։ Այդ տարիներին նա ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Եվրոպայում եւ Հայաստանում, 2014 թվականին արժանացել ՀՀ Մովսես Խորենացու անվան մեդալի, Հայաստանի նկարիչների միության անդամ էր, 2001 թվականից՝ Գերմանիայի նկարիչների պրոֆեսիոնալ միության անդամ էր։ Նրա ամենահայտնի գործերից են՝ «Բաբելոնի աշտարակի փլուզումը», «Վենետիկը», «21-րդ դարի Բաբելոնը», «Զոհասեղանը» և «Տեսիլքը»: Նա համարվում է ժամանակակից հայ խեցեգործության հայրը։

Մոտ երեսուն տարի ամուսիններով ապրեցին Գերմանիայում՝ Վիսբադենում, իրենց մշակութային մթնոլորտով ներշնչված բնակարանում, որի առաջին հարկում նաեւ ցուցասրահ ունեին, եւ միայն 2022 թվականին վերջնականապես տեղափոխվեցին Երեւան։

Շուտով պետք է լույս տեսնի  ՕՐԵՐ եվրոպական ամսագրի «Հայկական մշակույթը Գերմանիայում» հատուկ թողարկումը, որտեղ պետք է տպագրվի նաեւ Վան Սողոմոնյանի հետ մեր զրույցները, որոնք տարբեր տարիներին գրանցել էինք Գերմանիայում եւ Երեւանում։ Ցավոք, մեծանուն արվեստագետը այլեւս չի տեսնի այդ հրապարակումը։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմի  կողմից խորապես ցավակցում ենք տիկին Նոնա Գաբրիելյանին, նրանց դստերը՝ նկարչուհի  Լիլիթ Սողոմոնյանին ու  փեսային՝ Գագիկ Ղազանչյանին, ինչպես նաեւ թոռանը՝  շնորհալի գեղանկարիչ Գայ Ղազանչյանին։

Հիշում եմ մեր զրույցներում նա հպարտանում էր ոչ միայն դստեր ու փեսայի աշխատանքներով, այլեւ՝  թոռան։ Հպարտությամբ ու գորովանքով էր խոսում նրանց մասին։

Աստված հոգին լուսավորի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունիսի 6-ին, ժամը` 18:00-20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում : Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 7-ին,ժամը՝ 13:00 նույն վայրից:

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում