«Հռոմի պապից ավելի կաթոլիկ լեհերը». Վարշավայում ադրբեջանական հակահայկական ցուցահանդեսի հետքերով

  • 05.06.2024
  • 0
  • 582 Views

Մամուլում արդեն մեծ աղմուկ է բարձրացրել մայիսի 24-ին Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Վարշավայի կաթոլիկ արքեպիսկոպոսության աջակցությամբ  մայրաքաղաքի  կենտրոնի Sióstr Wizytek na Krakowskim Przedmieściu եկեղեցու դիմաց  բացված «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր ներկայացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը, եկեղեցիները ներկայացնել իբրեւ ադրբեջանական, կամ ավելի ստույգ՝  աղվանական։

Լեհական ազդեցիկ www.onet.pl առցանց օրաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է  այս միջոցառմանը՝ «Ադրբեջանը շատ աշխարհիկ և բազմամշակութային երկիր է» վերնագրով։  Այս միջոցառմանը այլեւայլ ներկաների թվում են եղել Լեհաստանի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նարգիզ Գուրբանովան, Վարշավայի կարդինալի օգնական եպիսկոպոս Միխալ Յանոչան և կաթոլիկ, ուղղափառ և ալբանա-ուդին կրոնական համայնքների ներկայացուցիչներ Ադրբեջանից: Այդ պատվիրակության կազմում են եղել՝  Ռավան Հասանովը` Բաքվի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը, Ռասիմ Խալիլովը` «Ադրբեջանի աստվածաշնչային հասարակություն» Քրիստոնեական կրոնական համայնքի նախագահը,  Ռոբերտ Մոբիլին` ալբանա-ուդին քրիստոնեական համայնքի նախագահը, Էլնուր Էֆենդիևը` մի այլ ներկայացուցիչ ուղղափառ համայնքըից,  Տ. Selva Kumar SDB – կաթոլիկ համայնքի ներկայացուցիչը։ Ձեռնարկին ներկա էին նաև Տ. Վարշավայի Այցելության քույրերի եկեղեցու ռեկտոր Ալեքսանդր Սենյուկը և պատգամավոր Պավել Կովալը:  

Բայց հետաքրքիրն այն է, որ այս միջոցառման աջակիցների թվում է նաեւ  Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի անդամ  Հայր Ալեքսանդր Սենյուկը, որն էլ կաթոլիկ եկեղեցու դիմաց տարածք է տրամադրել ցուցահանդեսի կազմակերպման համար։ Այս մասին վկայել է նաեւ «Առավոտ» օրաթերթը։ Իսկ հայկական հիմնադրամի նախագահը Վարշավայի մետրոպոլիտ Կազիմիեր կարդինալ  Նիչն է, որը նաեւ  Լեհաստանի Հայ կաթոլիկ եկեղեցու  առաջնորդն է։

Ի դեպ, հիմնադրամն իր կայքէջում մի արձագանք է հրապարակել՝ «Ցավալի եզրակացություն հայերի համար…» վերնագրով, որտեղ իհարկե նշվում է, որ  ցուցահանդեսի բացման դեպքում ոչ մի արտառոց բան չէր լինի, հատկապես , որ այն խնամքով պատրաստված էր՝ ցույց տալով լեհական բազմաթիվ թեմաներ, բայց միաժամանակ կասկածներ առաջացնելով պատմական հավաստիության վերաբերյալ։ «Թեև այն վերաբերում է ալբանացիների հետ հնագույն կապերին, սակայն բաց է թողնված հայերի անվիճելի մասնակցությունը քրիստոնեական այս համապատկերին։ Հայերի քրիստոնեական ժառանգության իսպառ բացթողումը մեզ ստիպում է ենթադրել, որ ցուցահանդեսի կազմակերպիչները պատմական մանիպուլյացիա են իրականացրել, հավանաբար միտումնավոր, քանի որ դժվար է նրանց մեղադրել գիտելիքների պակասի մեջ»,- նշված է հրապարակման մեջ։ Սակայն Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հարգարժան ղեկավարները մի կարեւոր հանգամանք բաց են թողել։ Նրանք պետք է դատապարտեին կազմակերպիչներին եւ հատկապես իրենց խորհրդի անդամ Հայր Սենյուկին՝ ադրբեջանցիներին  աջակցություն ցույց տալու համար։

Բնականաբար ելույթ ունեցող ադրբեջանցի պաշտոնյաները խոսել են Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու դերի մասին, որ 2007-ին հիմք է դրվել նոր կաթոլիկ եկեղեցու կառուցման համար, որ մեծ ուշադրություն են դարձնում ուդիների ժառանգությանը, որոնք մեծ դեր են խաղացել «ադրբեջանցիների » ձեւավորման հարցում, աջակցում են 30-ից ավելի ազգերի լեզվի ու մշակույթի պահպանությանը,  բայց մոռացել են նշել, թե ինչպես են ոչնչացնում հայկական ժառանգությունն ու էթնիկ զտման ենթարկում արցախահայությանը։

Ավելի ցավալի է լեհ կաթոլիկ եպիսկոպոս Յանոչայի խոսքը. «Ինձ համար հետաքրքրաշարժ է, որ մահմեդականների մեծամասնություն ունեցող երկրում, որն անցել է խորհրդային պատերազմի միջով, կրոնական հանդուրժողականություն և բարություն կա տարբեր դավանանքների, այդ թվում՝ կաթոլիկների նկատմամբ»։ Նա հավելել է, որ Բաքվի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցում կա Տիրամայր Չենստոխովայի նկարի պատճենը։  «Ես հնարավորություն ունեցա այցելելու այս երկիր և շատ տպավորված եմ ոչ միայն բնության գեղեցկությամբ, այլև մշակույթի և քրիստոնեական ավանդույթների հարստությամբ: Այս ցուցահանդեսը հիշեցնում է մեզ այդ մասին, -ասել է Վարշավայի օգնական եպիսկոպոս Միխալ Յանոչան։ Միայն թե հարգարժան հոգեւորականը մոռացել է հիշատակել հայերին։ Իսկ ո՞ւր են հայերը եւ նրանց հոգեւոր ժառանգությունն ինչպիսի՞ ոչնչացման է ենթարկվում իր նշած «Ադրբեջանի» տարածքում, որը մտացածին աշխարհագրական կազմավորում է։ Այստեղ հարց է ծագում՝ լեհ եպիսկոպոսն ավելի ադրբեջանցի է, քան ադրբեջանցիները, կամ ինչպես հայերս ենք ասում՝ «Հռոմի պապից ավելի կաթոլի՞կ են»։

Մեր կարծիքով, Հայ կաթոլիկ եկեղեցին պետք է լուրջ դատապարտող կեցվածք ընդունի այս հակահայկական գործունեության նկատմամբ՝ կանխարգելելու նաեւ հետագայում նման ձեռնարկները։

Իհարկե, մինչ այդ Կրակովի լեհ հայագետներ դոկտորներ Նաումովիչը, Ստոպկան, Ժիեբան եւ Պիսովիչը մի քննադատական նամակ են հրապարակել Wystawa przed kościołem Sióstr Wizytek oburzyła Ormian (wpolityce.pl) թերթում, գրելով որ այդ ցուցահանդեսը վրդովվեցրել է հայերին եւ կաթոլիկ հայերին։ (Ստորեւ հոդվածի հաջորդականությամբ ներկայացնում ենք այդ նամակի բովանդակությունը)։

Քանի որ ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր  մշակութաբան Արմինե Տիգրանյանը,  այս ցուցահանդեսի նպատակը հայկական մշակութային ժառանգության յուրացումն է և միջազգային հարթակներում ապատեղեկատվության տարածումը։

Ցուցահանդեսի առանցքում հայկական պատմական Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Ծիծեռնավանքը և մի շարք կարևոր նշանակության քրիստոնեական հայկական եկեղեցիներն աղվանական հռչակելն է։

Ի դեպ, լեհական մամուլում  լույս են տեսել Արմինե Տիգրանյանի «Ադրբեջանը վերաշարադրում է պատմությունը. հայկական եկեղեցիները վտանգի տակ են» վերնագրով հոդվածը՝  լեհական Portal Informacyjny լրատվականում եւ «Լեռնային Ղարաբաղ. հայերին բռնի կերպով հեռացրել են իրենց տներից,իսկ հիմա մշակույթն է վտանգի տակ» վերնագրով  հոդվածը՝  Wakcji24 լրատվականում։

Հակոբ Ասատրյան

Պրահա

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Լեհ հայագետների փաստավորված նամակը wpolityce.pl թերթին՝ խմբագրակազմի առաջաբանով.

Պարզվում է, որ ցուցահանդեսը շատ քննադատաբար է ընդունվել հայ կաթոլիկների և մեր երկրում լեհահայերին աջակցող շրջանակների կողմից։ Տ. Յոզեֆ Նաումովիչը, ի թիվս այլոց, ուղարկել է մի բողոքի նամակ մեր խմբագրությանը։ Ինչպես պարզաբանում է նա, ցուցահանդեսը «մեծ վրդովմունք է առաջացրել Լեհաստանի հայկական շրջանակների, նաև հենց Հայաստանում և շատ երկրներում՝ հայկական սփյուռքում»:

Ահա նամակի բովանդակությունը.

Բողոքի նամակ Վարշավայում տեղի ունեցած վիճահարույց՝ «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսի կապակցությամբ

Մենք մեր խիստ բողոքն ենք հայտնում 2024 թվականի մայիսի և հունիսի վերջին կազմակերպված բացօթյա քարոզչական ցուցահանդեսի դեմ Վարշավայի Կրակովսկի Պրզեդմիեսցիեի Այցելության քույրերի եկեղեցու դիմաց։ Այն քարոզում է կեղծ բովանդակություն հայոց պատմության և քրիստոնեական մշակույթի մասին, այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք դադարեցնել այս ցուցահանդեսի առաջմղումը և դրա կազմակերպիչները ուղղում հրապարակել լրատվամիջոցներում։

«Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսը կեղծ կերպով ներկայացնում է Ադրբեջանը որպես բազմամշակութայնության, հանդուրժողականության և խաղաղության հովանավոր և Կովկասի հին քրիստոնեական մշակույթի ժառանգորդ։ Իրականում, դա Ալիևների ընտանիքի կողմից ավտորիտար կառավարվող պետություն է, որը մեղադրվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից (Human Rights Watch, Reporters առանց սահմանների, ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտե, փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբ, Amnesty International, Freedom House) մարդու հիմնական իրավունքների ոտնահարման մեջ։

Ցուցահանդեսին ներկայացված բովանդակությունը, ինչպես նաև դրա բացման ժամանակ պաշտոնական ելույթները վրդովմունք և ափսոսանք առաջացրեցին Լեհաստանի հայ կաթոլիկ համայնքի մոտ։ Դրանք բացասական ազդեցություն ունեցան նաև Հայաստանում, որտեղ Ադրբեջանի զինված ներխուժման արդյունքում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից իրենց տներից վտարված տասնյակ հազարավոր քրիստոնյա փախստականներ ապաստան գտան Ադրբեջանի քաղաքական շահերից ելնելով պատմության շահարկումը։ Ամենից առաջ, սակայն, դա մեկնաբանվեց որպես Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների սարսափելի ողբերգության ծաղր։ Այս ցուցահանդեսում պատմությունը փոխարինվեց քարոզչությամբ, որը վիրավորում է հավաստի գիտական ​​բացահայտումները: Ադրբեջանը յուրացնում է կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, մի պետություն, որը գոյություն է ունեցել հին ժամանակներից և ուներ բոլորովին այլ էթնիկ բովանդակություն, լեզու և կրոն, քան Ադրբեջանը։ Կովկասյան ալբանական եկեղեցին հիմնադրվել է 4-րդ դարում Հայ եկեղեցու միջնորդությամբ։ Հայ քրիստոնեությունն առաջինն էր, որ պետական ​​կարգավիճակ ստացավ Կովկասում և այլուր։ Ալբանական այբուբենը նույնպես գալիս է հայկական եկեղեցուց։ Ալբանական քրիստոնեական գրականությունը նույնպես ստեղծվել է հիմնականում, և ժամանակի ընթացքում բացառապես հայերենով։ Չկար նաև «Ալբանական առաքելական եկեղեցի», ինչպես սխալ ասվեց ցուցահանդեսում, սա ժամանակակից հորինված անուն է։ Իրականում եղել է ալբանական կաթողիկոսություն, բայց այն նույն պատարագն ու լեզուն ուներ, ինչ Հայաստանում։ Այն համարվում էր Հայ եկեղեցու կաթողիկոսություններից մեկը, իսկ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի կողմից լուծարվելուց հետո վերածվեց Հայ եկեղեցու արքեպիսկոպոսության։

Սխալ է պնդելը, որ Ադրբեջանը գոյություն է ունեցել Կովկասում քրիստոնեության տարածման ժամանակ, այսինքն՝ հին ժամանակներում։ Կովկասում մուսուլմաններով բնակեցված տարածաշրջանը նկարագրելու համար այս անվանումը գոյություն չի ունեցել մինչև 19-րդ դարի վերջը։ Նախկինում այն ​​վերաբերում էր միայն Իրանի հյուսիսում գտնվող պատմական Ադրբեջանին, և այն հայտնի դարձավ միայն որպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված խորհրդային հանրապետության անվանումը: Այս փաստերը չասված են մնացել ցուցահանդեսում, ինչը խեղաթյուրում է կովկասյան այս տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը։ Ալբանական եկեղեցին, թեև ցուցահանդեսն այդպես է պնդում, «այս տարածքում քրիստոնեության մեկնարկային կետը չէր»: «Ծայրահեղ անհանդուրժողականություն և թշնամանք». Նոր ժամանակների մասին թեզերը նույնպես կեղծ են հնչում։ Հայ քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությունն ու թշնամանքը մեծ ուժգնությամբ արձագանքեցին 2023 թվականի աշնանը, և դա ոչ մի կերպ «հանդուրժողականության ուժ» չէր։

Հայ քրիստոնյաների դաժան վտարումը Լեռնային Ղարաբաղից, իսկ ավելի վաղ նրանց սովամահությունն ու մարդասիրական պաշարների արգելափակումը, երկրի քրիստոնեական անցյալի դարավոր վկայությունների ոչնչացումը, որը դաժանորեն իրականացվել է Ադրբեջանի կողմից Նախիջևանում և արդեն սկսվել է Լեռնային Ղարաբաղում. սրանք փաստեր են, որոնք հակասում են Լեհաստանի Հանրապետությունում ԱՀ դեսպան Նարգիզ Գուրբանովայի ցուցահանդեսի բացման ժամանակ ներկայացված հռետորաբանությանը, ով հայտարարել է. Ադրբեջանում մենք հպարտ ենք, որ բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներն ապրում են խաղաղության, բարեկամության և փոխըմբռնման մեջ, ինչպես մեկ մեծ ընտանիք […] Մեր կրոնական և էթնիկ բազմազանությունը մեր մեծ առավելությունն է։ Հարց պետք է տալ՝ ինչպե՞ս են դեսպանի խոսքերը առնչվում այն ​​փաստին, որ հայ քրիստոնյաներին վտարել են Լեռնային Ղարաբաղի տաճարներից ու վանքերից, որոնց լուսանկարները ներկայացված էին ցուցահանդեսում։

Հայերի ընկալման մեջ Վարշավայում ադրբեջանական ցուցահանդեսը քարոզում է Լեռնային Ղարաբաղի կեղծ պատկերը` ենթադրելով, որ հայկական քրիստոնեական մշակույթն այնտեղ ընդհանրապես գոյություն չի ունեցել և 4-21-րդ դարում այս տարածաշրջանի բնիկ տարր չի եղել: Նման կեղծիքի համաձայնություն չի կարող լինել: Վերոնշյալ պատճառներով մենք պահանջում ենք դադարեցնել այս ցուցահանդեսի առաջմղումը, հայերից ներողություն խնդրել այս ցուցահանդեսի համար և դրա կազմակերպիչները լրատվամիջոցներում ուղղում հրապարակեն

Ստորագրել են ՝

քահանա պրոֆ. բ.գ.թ. Յոզեֆ Նաումովիչ, Լեհաստանի Հայ կաթոլիկ եկեղեցու հովիվ

պրոֆ. բ.գ.թ. Անջեյ Պիսովիչ Յագելոնյան համալսարան,

պատվավոր պրոֆ. բ.գ.թ. Լեհահայ մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ստոպկա

բ.գ.թ. Անջեյ Ա. Զիեբա, Մեսրոպ Մաշտոց Հայագիտական ​​հետազոտությունների աջակցության հիմնադրամի նախագահ

aja/KAI

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում