Ինչպես գրում է 168.am-ը, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ ոստիկանների վայրագ գործողությունների առնչությամբ այսօր հայտարարություններով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»:
«Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասել է նա։
Փաշինյանը նշել էր, որ ոստիկանությունը փորձել է պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը գրել է՝
«Երեկ Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի և ուղեկցող եկեղեցականների հանդեպ ոստիկանների դատապարտելի գործողությունների առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարի, պետական մարմինների իրարամերժ դատողությունները զրպարտիչ ու անհիմն են և որևէ քննության չեն դիմանում»,- 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները, ի պատասխան՝ ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Վերջինս նշեց՝ ինչպես նախորդիվ արձանագրվել է, Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդն է, և այլ վերագրում Հայոց Հայրապետին կատարվում է մարդկանց մոլորեցնելու, Եկեղեցին թիրախավորելու և իրենց չարամիտ գործողություններն իրականացնելու նպատակով։
«Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ պետական արարողակարգի պատասխանատուին, անհրաժեշտ ճշտումներ կատարելիս, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի կողմից տեղեկացվել է Սուրբ Պատարագի և Հանրապետության համար մատուցվող մաղթանքի ավարտին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի այցի ժամի մասին։ Ուստի Սարդարապատում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած սադրանք էր։
Ցավոք, ժողովրդավար ներկայացող ՀՀ իշխանությունների՝ Եկեղեցու և հոգևորականության հանդեպ ժխտողական ու քինախնդիր վերաբերմունքի փաստարկման հարցում ապացույցների պակաս չկա․ սա ընդամենը հերթականն էր»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նույն թեմայով հայտարարություն է տարածել նաեւ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս։ Նա գրել է.
«Հարգելի Հավատացեալ հայորդիներ, հայրենակիցներ,
Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ եւ շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նիվրական այդ օրը, Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղի ունեցած մերժելի եւ դատապարտելի դեպքի կապակցությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին ոստիկանները խոչընդոտել են մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր։ Հայոց Հայրապետն ու հոգեւորականները գալիս էին այս սուրբ վայր՝ աղոթելու մեր հայրենիքի բարօրության համար, ոգեկոչելու 1918 թվականի հերոսամարտերի հայ նահատակների հիշատակը։
Սարդարապատում տարած հաղթանակը, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, մեր միասնության, հաղթանակների, զարթոնքի խորհրդանիշն է։ Բազմաթիվ հայ հոգեւորականներ են մասնակցել այդ հաղթանակի կերտմանը, իրենց կյանքն են ընծայաբերել հայրենիքին։ Ե՛վ խորհրդային տարիներին, և՛ ՀՀ անկախության ողջ ընթացքում չի եղել դեպք, որ մայիսի 28-ին Հայաստանի որևէ քաղաքացու արգելեն այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է եղել այնտեղ։ Սա ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը, ում վերջին այս այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին։
Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Հասկանալի է, որ սա Հայաստանում դարձել է քաղաքականություն, որն այլ ինչ է, եթե ոչ հալածանք և բռնություն հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ: Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար։
Մենք հորդորում ենք ձեզ՝ հավատացյալներին և մեր համայնքի անդամներին, միանալ մեզ՝ դատապարտել այս քայլը: Շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն արարքը կատարողները: Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Հայ Եկեղեցու հանդեպ։
Լինենք միասնական՝ պահանջելու, որ նման մերժելի արարքները հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ձեր բողոքի ձայնը էական է արդարության և մեր սուրբ ավանդույթների ու իրավունքների պահպանման համար»։
orer.eu