Նարեկ Հախնազարյանի եւ ԺԵՆ եռյակի վիրտուոզ ելույթը ոտքի հանեց Ռուդոլֆինումը. Եվրոպական համերգները շարունակվում են

  • 29.05.2024
  • 0
  • 76 Views

Մայիսի 25-ին «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնում առաջին անգամ փայլուն ելույթ ունեցավ  ZEN եռյակը, որը կազմավորվել է դեռեւս 2015 թվականին՝ բրիտանական BBC-ի «Նոր սերնդի արտիստներ» ծրագրի շրջանակներում։ ԺԵՆ անվանումը կազմվել է երեք տաղանդավոր երիտասարդ երաժիշտների՝ դաշնակահար  Ժանգ Զուոյի, ջութակահար  Էսթեր Յուի եւ  թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունների առաջին տառերից։

Ռուդոլֆինում համերգասրահում ներկայացված  ծրագիրը բաղկացած էր Յոհաննես Բրամսի եւ Անտոնին Դվորժակի դաշնամուրային տրիոներից։ Սովորաբար եռյակների պարագայում երաժիշտներից որեւիցէ մեկը իր հետեւից տանում է մյուսներին, բայց այս պարագայում երեքն էլ առաջատար էին եւ լրացնում էին միմյանց՝ ստեղծելով ներդաշնակ կատարում։ Դահլիճն էլ համապատասխան վերաբերմունք էր ցույց տալիս։ Ու գնահատելով հանդիսատեսին՝ վերջում պարգեւատրեցին նախ Դվորժակի  «Սլավոնական պար»ով, իսկ հետո՝ Խաչատրյանի «Սուսերով պար»ով։ Ֆանտաստիկ կատարումը ստիպեց, որ ողջ դահլիճը ոտքի կանգնի՝ «կեցցեներ»ով ու ծափողջույններով  վարձատրելով տաղանդավոր եռյակին։ Միանգամից զգացվեց, որ Նարեկը լավագույնս ներշնչել է իր գործընկերուհիներին՝ կատարողական բարձր մակարդակի հասցնելով խաչատրյանական գործը։

Համերգից հետո, Նարեկին խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցերին.

-Ո՞րն էր ի վերջո այս տրիոյի ստեղծման նպատակը եւ որքա՞ն հաճախ եք միմյանց հետ ելույթ ունենում։

-Գիտեք, այս տրիոյի ստեղծումը այն պատահական հրաշքներից մեկն էր, որ տեղի ունեցավ 2015 թվականին , երբ երեք երաժիշներս էլ ընտրվեցինք BBC-ի «Նոր սերնդի արտիստներ» ծրագրի անդամներ։ BBC-ն որոշեց, որ մենք միասին պետք է ձայնագրենք Բրամսի «Դաշնամուրի տրիոն»։ Այդպես մենք ծանոթացանք, մտերմացանք եւ  շարունակեցինք ոչ միայն ձայնագրությունները, այլեւ համատեղ համերգները՝ հասկանալով, որ հաճելի է միասին նվագելը։ Դրանից հետո «Դոյչե գրամոֆոնի» մոտ ձայնագրեցինք ձայներիզ՝ Բրամս եւ Դվորժակ, իսկ մի քանի տարի առաջ  նույն ընկերությունը պատվիրեց, որ ձայնագրենք Շոստակովիչ եւ Բաբաջանյան։ Ես շատ ուրախ եմ, որ մենք մեծ հաջողությամբ ձայնագրեցինք Բաբաջանյանի տրիոն, նաեւ Խաչատրյանի «Սուսերով պարը»ն ու Ռախմանինովի «Վոկալիզը»։ Ի դեպ, «Վոկալիզը» իմ մայրիկի՝ Գայանե Հախնազարյանի փոխադրումն էր հատուկ տրիոյի համար։ Տարեկան գոնե մեկ անգամ հանդիպում ենք եւ միասին համերգային շրջագայության ենք դուրս գալիս։ Օրինակ՝ երկու  տարի առաջ  գնացինք Ավստրալիա,  իսկ այս անգամ եվրոպական շրջագայություն էր, բացի Պրահայից նվագեցինք  նաեւ հոլանդական Ամստերդամում եւ Դիլբուրգում։

-Այս ծրագիրը «Պրահայի գարուն» փառատոնն էր առաջարկել։

-Բրամսը մենք էինք ընտրել, իսկ Դվորժակի այս տրիոն իրենք էին խնդրել։ Մենք սա երբեք չէինք նվագել, բայց համաձայնեցինք եւ ընդգրկեցինք մեր շրջագայության ծրագրում։ Ի դեպ, սա Դվորժակի ամենահայտնի տրիոն չէ, բայց մենք սիրով սովորեցինք եւ կատարեցինք։ Մենք Բրամսի հետ ձայնագրել էինք Դվորժակի ամենահայտնի Դունկի լեգենդար տրիոն, որը կարելի է ասել ավելի շատ թավջութակահարային տրիո է։ Ես իհարկե, շատ կնախընտրեի դա կատարել այս հեղինակավոր դահլիճում, բայց որքան հասկացա, արդեն վերջերս փառատոնի շրջանակներում դա կատարվել է, դրա համար մեզ առաջարկել են մյուս տրիոն։

Ինչպե՞ս եք վերաբերում չեխ երաժիշտներից մեկի այն կարծիքին, թե պետք է չեխ լինես, որ ճշտորեն կատարես Սմետանայի գործերը, մոր կաթի հետ պետք է սնված լինես։

– Երեւի յուրաքանչյուր ազգ կարող է դա ասել, բացի գերմանացիներից։ Ռուսներն էլ են նույն ձեւով ասում։ Սովետական երաժշտությանն է դա հատկապես վերաբերում։ Պետք է երեւի կամ ծնողներ, կամ տատիկ-պապիկներ ունենաս կամ ապրած լիենս, որ զգաս։ Բայց ընդհանրապես, դա յուրաքանչյուր ազգին բնորոշ է։ Տվյալ ազգի ներկայացուցիչները բնականաբար ավելի լավ են կատարում։ Նմանապես, հայկական երաժշտությունը, որքան էլ օտարները փորձեն, հայ երաժիշտների կատարումից  ավելի հայկական չի ստացվում։

Առաջիկայում ի՞նչ համերգներ են սպասվում։

-Շուտով Դուո համերգով հանդես կգամ ջութակահար Սերգեյ Դոգատինի հետ Բարսելոնայում։ Ամսի 31-ին նվագում եմ Օսնաբրյուկում՝ Գերմանական փառատոնում, որտեղ հանդես եմ գալու մենահամերգով։ Իսկ հունիսի 5-ին Վիեննայի Կոնցերտհաուսում հանդես կգամ մի այլ տրիոյով։ Նոյեմբերին հանդես կգանք նաեւ Լոնդոնում, իսկ հաջորդ տարի արդեն ծրագրում ենք ասիական շրջագայություն։

Հաջողություններ ենք մաղթում եւ բարի վերադարձ Երեւան։

ՕՐԵՐ


Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում