Հայկական մշակույթն իր տարբեր գույներով ներկայացվեց Չեխիայի հանրությանը

  • 28.05.2024
  • 0
  • 1721 Views

Եվ այսպես այլեւս պատմություն դարձան մայիսի 24-ից 26-ի բուռն օրերը։ Երեք օր շարունակ Չեխիայի մայրաքաղաքում ՉԱՐՄ չեխ-հայկական մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվեցին «Հայկական մշակույթի օրեր»:

Նախ առաջին օրը  Պրահայի Ազգային փոքրամասնությունների տանը  տեղի ունեցավ հայկական տարազներով լուսանկարվելու ձեռնարկը, որին մասնակցեցին ոչ միայն հայեր, այլեւ՝ օտարներ։ Ապա նույն օրը Պրահայի Սկաուտական ինստիտուտում տեղի ունեցավ Երեւանի Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի եւ գյումրեցի երիտասարդ գեղանկարիչ Հրաչյա Վարդանյանի  դասախոսությունները հայկական տարազի ստեղծման, զարգացման եւ ժամանակակաից հայ գեղանկարչության ու բնության կապերի, արվեստի զարգացման հեռանկարների մասին։ (Տես մեր հրապարկումը՝ Պրահայում ներկայացվեց հայ ազգային տարազն ու արդի արվեստը. նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի ու գեղանկարիչ Հրաչյա Վարդանյանի դասախոսությունները – Orer

Հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ մոտ 20 տարազների, 50-ից ավելի ձեռագործ աշխատանքների,  եւ Հրաչյա Վարդանյանի կտավների ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին նաեւ   10-ից ավելի այլ հայ նկարիչների գեղանկարչական աշխատանքներ, որոնք Գյումրիում մասնակցում են ART INSIGHT արվեստի նախագծին։  Բազմաթիվ ներկաները համտեսեցին նաեւ հայկական կոնյակ ու գինի։  Նույն օրը երեկոյան Ֆրանսիական ինստիտուտի  կինոդահլիճում ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Հայկական օրերի եզրափակիչ ակորդը դարձավ Սուրբ Հոգի եկեղեցում կազմակերպված պրահայաբնակ սոպրանո Վարինե Մկրտչյանի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետին, որն արժանացավ ներկաների ջերմագին ընդունելությանը։ (Սոպրանո Վարինե Մկրտչյանի հիասքանչ մենահամերգը Սուրբ Հոգի եկեղեցում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետին – Orer

Իսկ ի՞նչ արդյունքներ գրանցեցին այդ մշակութային ձեռնարկները եւ արդյո՞ք իրականացան կազմակերպիչների ակնկալիքները, ո՞րն էր ամենահաջողված միջոցառումը եւ այլ  հարցերով դիմեցինք ՉԱՐՄ չեխ-հայկական մշակութային միության նախագահ Բելլա Կնյազչյանին։

«Իրականում կարելի է ասել, որ մեր սպասումներն ամբողջությամբ արդարացան, եւ հայկական մշակութային օրերի բոլոր միջոցառումները շատ հաջող անցան եւ դրական արձագանքներ ունեցանք։ Մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին, եւ արժանապատվորեն ներկայացնել հայ մշակույթը եւ հայկական արվեստը։ Չեմ կարող առանձնացնել միայն մեկ միջոցառում եւ  ասել, որ ամենահաջողը դա էր, քանզի բոլոր միջոցառումներն էլ իրենց տեղն ու դերը ունեին»,- ասաց Բելլա Կնյազչյանը։

Նրա կարծիքով, ուրախալի էր, որ այցելուների թվում ոչ միայն հայեր էին, այլեւ տեղացիներ ու օտարազգիներ։ Վերջիններս մասնակից են եղել գրեթե բոլոր ձեռնարկներին՝ տարազներով նկարահանումներին,ժամանակակից արվեստի մասին  դասախոսություններին ու ցուցահանդեսին, Փարաջանովի ֆիլմի ցուցադրությանն ու Կոմիտասին նվիրված համերգին։ Միջոցառումների մասնակիցների թիվը բավականին բարձր էր՝ 80 տոկոս եւ ավելին։

«Բոլորը միայն հիացմունք էին հայտնում եւ մեծ հետաքրքրություն ցուցաբերում։ Կոմիտասի համերգի ավարտին մի օտարազգի կին ծափահարելով կանգնեց ու շնորհակալություն հայտնելով, ասաց, որ լավագույն համերգն է, որ երբեւէ լսել է։ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունից հետո շատերին գրեթե ստիպելով հանեցին դահլիճից, քանի որ ֆիլմի ավարտից հետո եվրոպացիներն ու հայերը բուռն քննարկում էին ֆիլմի տեսարանները, եւ նույնիսկ շարունակեցին բանավիճել դահլիճից դուրս գալուց հետո։ Տարազների ու գեղանկարների ցուցադրությունների  եւ դասախոսությունների ժամանակ օտարները շատ հարցեր էին տալիս հայկական արվեստի մասին, խնդրելով մանրամասնել տարբեր նրբություններ՝ սկսած տարազների զարդանախշերից եւ դրանց ծագման վայրերից մինչեւ  աբստրակտ գեղանկարների հիմքում ընկած գաղափարներ։ Դա էր երեւի պատճառը նաեւ, որ ցուցադրություններին բացի չեխերից, եկան ամենամեծ թվով արտերկրացիները, այդ թվում՝ իտալացիներ, գերմանացիներ, չինացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, վիետնամցիներ, ուկրաինացիներ եւ այլք։ Ուրախալի էր, որ նրանք ձեռք բերեցին հայկական զարդանախշերով տարբեր պարագաներ, ձեռագործ գոգնոցներ, մետաքսյա զգեստներ, գլխաշորեր, վզկապներ, նաեւ մի քանի գեղանկարներ, ճաշակեցին հայկական կոնյակից պատրաստված կոկտեյլներն ու հայկական գինիները»,- պատմում է Բելլա Կնյազչյանը։  

Միության նախագահի կարծիքով, այս ամենը կազմակերպվել է շատ կարճ ժամանակամիջոցում եւ սահմանափակ հնարավորություններով, եւ ՉԱՐՄ-ի թիմն արել է ամեն ինչ, որպեսզի հանրությանը ներկայացվի լավագույնը, ինչը հայկական մշակույթը տվել է մեզ եւ աշխարհին։

Վերջում ավելացնենք, որ իրականում այս մի  քանի օրերի մշակութային հրավառությունը, որին ավելացան նաեւ  չեխական տարբեր կազմակերպությունների կողմից Պրահայի փառատոններում  հայ մշակույթի գործիչների ելույթները՝  բարիտոն Նավասարդ Հակոբյանի մենահամերգը կամ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը «Պրահայի գարուն»ում,  արձակագիր Նարինե Աբգարյանի գրքի շնորհանդեսը «Գրքերի աշխարհ» փառատոնում ու նրա «Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը, ավելի ու ավելի  հարստացրին այդ օրերը։ (Տես՝ Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» պատերազմին նվիրված գիրքը Պրահայում արժանացավ մեծ ընդունելության. Հանդիպում «Գրքերի աշխարհ» միջազգային փառատոնում – Orer եւ Նավասարդ Հակոբյանի առաջին մենահամերգը Եվրոպայում. Հայ երիտասարդ բարիտոնը շռնդալից բացեց Պրահայի երաժշտական ամրոցի դռները – Orer

Մնում է միայն խորապես շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բարձր մակարդակով այդ օրերը անցկացնելու համար։

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում