Պրահայում ներկայացվեց հայ ազգային տարազն ու արդի արվեստը. նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի ու գեղանկարիչ Հրաչյա Վարդանյանի դասախոսությունները

  • 24.05.2024
  • 0
  • 477 Views

Այսօր Պրահայի սկաուտական ինստիտուտի դահլիճում երկու դասախոսությունների ներկայացմամբ մեկնարկեցին Հայկական մշակույթի օրերը, որ կազմակերպել է ՉԱՐՄ հայ-չեխական մշակութային միությունը (carm.cz)։ Ներկաներին ողջունեց եւ օրվա բանախոսներին ներկայացրեց կազմակերպության նախագահ Բելլա Կնյազչյանը։

 «Հայկական Տարազ. Պատմություն, ծագում, մեր օրեր»  թեմային անդրադարձավ եւ տեսաֆիլմերով ներկաների հետ իր փորձառությամբ կիսվեց Երեւանի Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը։ Նա անդրադարձավ այն լայնածավալ աշխատանքներին, որ 2001 թվականից իրականացնում է կենտոնը , իր ծրագերի մեջ ներառելով բազմաթիվ ոլորտներ՝ ազգային տարազ, կրթական ու մարդասիարական ծրագրեր, հայկական ժառանգության պահպանմանն ուղղված նախագծեր։

Մի խոսքով, կենտրոնը մշակութային, գրական, կրթական, ինչպես նաև ազգագրական և հոգևոր արժեքների տարածման ու քարոզման լայն գործունեություն է ծավալում: Կենտրոնը հայտնի է որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն:

Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես հայկական տարազի մասին բացատրությունները, տարազի հանրայնացման հետ կապված նախագծերն ու կենտրոնի գրանցած հաջողությունները։ Տերյան մշակութային կենտրոնը պատրաստել է մոտ 250 ընտանեկան տարազների հավաքածու, այդ թվում՝ պատմական Հայաստանի 12 նահանգներին բնորոշ տարազները, հայկական թագավորական ընտանիքների՝ 22 թագավորների ու թագուհիների զգեստները։ Կենտրոնի պատրաստած տարազները չեն վաճառվում, այլ միայն նվիրում են թանգարաններին ու ցուցահանդեսներին։ Դրանից զատ հայկական զարդանաշխերով ժամանակակից հագուստներ են պատրաստում, որոնք վաճառվում են։

«Հայ արվեստի նոր հեռանկարներ» անգլերեն դասախոսությամբ հանդես եկավ գյումրեցի գեղանկարիչ Հրաչյա Վարդանյանը, հետաքրքիր համեմատություներով ներկայացնելով հայկական մշակութային ու պատմական ժառանգության ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։

Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին, դիտեցին կարճ ֆիլմեր՝ նվիրված օրվա թեմաներին։

Հիշեցնենք, որ նախքան դասախոսությունները, Ազգային փոքրամասնությունների տանը կայացել էր հայկական տարազներով լուսանկարչական նախագիծը։ Իսկ վաղը՝ մայիսի 25-ին ժամը 17-ին նույն տեղում տեղի կունենա տարազների ու նկարների ցուցահանդեսի բացում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում