Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» պատերազմին նվիրված գիրքը Պրահայում արժանացավ մեծ ընդունելության. Հանդիպում «Գրքերի աշխարհ» միջազգային փառատոնում

  • 27.05.2024
  • 0
  • 1386 Views

«Մանյունյա» մանակապատենական գրքով  Ռուսաստանում, ապա նաեւ Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում ճանաչում ստացած արձակագիր, բլոգեր Նարինե Աբգարյանը մայիսի 25-26-ը Պրահայի «Գրքերի աշխարհ» միջազգային ցուցահանդես-փառատոնում  ներկայացրեց օրեր առաջ չեխերենով լույս տեսած «Շարունակել ապրել» պատմվածքների ժողովածուն։

Արդեն իսկ տարբեր տարիներին Պրահայի Պրոստոր հրատարակչությունում լույս էին տեսել նրա գրքերի չեխերեն թարգմանությունները՝ 2020-ին «Երկնքից երեք խնձոր ընկավ»ը եւ 2022-ին՝ «Սիմոնը», որը չեխական տարբերակում հրատարակվել է այլ անվանումով՝ «Չորս կին եւ մեկ թաղում» ։

Քանի որ Նարինե Աբգարյանը ռուսագիր գրող է, Պրահայում շատ էին նաեւ ռուսախոս ու չեխ ընթերցողները, որոնք եկել էին նրա հետ հանդիպմանը։ Փառատոնի շրջանակներում երկու հանդիպում կազմակերպվեց բոլորի համար, որոնք վարում էին գրական դեմքեր Ռադկա Ռուբիլինան եւ  չեխ գրող Կարին Ռեդլիցկան, եւ մի հանդիպում էլ  տեղի ունեցավ Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջին հանդիպմանը ներկա էր նաեւ նրա գրքերի չեխ թարգմանչուհի Կատերինա Շիմովան, որն ի դեպ առաջին անգամ Պրահայում է ծանոթացել Նարինե Աբգարյանի հետ։  Հատկանշական է, որ Պրոստոր հրատարակչության տաղավարում, որտեղ ծրագրված էր նրա գրքերի մակագրումը, այնպիսի հերթ էր գոյացել, որ դուրս էր եկել  ցուցահանդեսային սրահից։

Բայց մինչ հանդիպումներին անցնելը, նշենք, որ փառատոնում ներկայացված էր 40 երկրների գրականություն՝ 804 մասնակիցներով ու  482 ծրագրերով, 416 մասնակից հրատարակչություններով։ Հատկանշական է, որ թեեւ Նարինե Աբգարյանն այժմ բնակվում է Գերմանիայում, սակայն նա համարվում է հայաստանցի առաջին գրողը, որը մասնակցում է այս փառատոնին։ Նախկինում մի քանի անգամ Ռումինիայի տաղավարի կազմակերպած ծրագրերում  մասնակցել է եւ իր չեխերեն գրքերի թարգմանություններն է ներկայացրել ռումինահայ հայտնի գրող, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը։

Փառատոնային հանդիպումներում Նարինե Աբգարյանը  նախ նշեց, որ առաջին անգամ է Պրահայում, ինչի համար շատ ուրախ է, եւ պատմեց իր հարազատ Բերդի ու նրա մարդկանց հետ կապված հետաքրքիր պատմություններ կամ պատասխանելով ներկաների հարցերին, մանրամասնեց, թե իր գրքերում որքանն է իրականը, եւ որքանը՝ գեղարվեստականը։ Օրինակ՝ պատերազմին նվիրված «Շարունակել ապրել» գրքում շատ պատմվածքներ ունեն իրենց իրական հերոսներին, մի մասն էլ Լեռնային Ղարաբաղի հետ են կապված, սակայն ինքը ձգտել է ընթերցողին չվախեցենլ, գրել ճշմարտությունը , բայց նաեւ մարդկանց ապրելու հույս ներշնչել։ Այդ 40 պատմությունները գրելիս հեղինակի ասելով 6 կիլոգրամով նիհարել է։ Ուստի, հիմա էլ համարում է, որ պատերազմի թեմայով գրելը շատ ծանր է։ Իսկ ահա Նարինեի հարազատ քույրը 2020-ի պատերազմից հետո գիրք է գրել, որը շուտով լույս կտեսնի Հայաստանում։

Թե ինչո՞ւ է ռուսերեն գրում հարցին պատասխանում է, որ հայերեն փորձել է գրել, սակայն այնքան հավաստի չի ստացվել, որքան ռուսերենը։

Համայնքի հետ հանդիպման ընթացքում էլ Նարինեն կիսվեց ընթերցողներից ստացվող արձագանքներով, ծիծաղաշարժ պատմություններով ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու, իր ստեղծագործություններով ներկայացումներ բեմադրելու կամ ֆիլմեր նկարահանելու  գնահատակններով։ Ի դեպ, մայիսի 24-ին Պրահայի Ատլաս կինոթատրոնում կրկին ցուցադրվեց Աբգարյանի վեպի մոտիվներով նկարահանված համանուն «Զուլալի» ֆիլմը, որը կազմակերպել էր Չեխիայի հայ-երիտասարդակն միությունը։

Հայաստանի ներքաղաքական վիճակի ու Տավուշում կատարվող սահմանազատման մասին էլ խոսեցինք ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում, որը շուտով  լույս կտեսնի մեր ամսագրում։ Բայց մինչ այդ կարող եմ միայն ավելացնել, Նարինե Աբգարյանը մնում է իր հողին ու ջրին հավատարիմ  հայ գրող, որը չի հանդուրժում  որեւէ իշխանության, որը կարող է հենց այնպես վաճառել իր երկիրը։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

orer.eu

Նարինե Աբգարյանը համայնքի հետ հանդիպումից հետո

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում