
Երեկ՝ մայիսի 22-ի երեկոյան Պրահայի Novoměstská radnice -ի պատմական դահլիճում տեղի ունեցավ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Օպերալիա» միջազգային հեղինակավոր մրցույթի «Զարզուելա» անվանակարգի հաղթող եւ 3-րդ տեղի մրցանակակիր, բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող, երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանի առաջին մենահամերգը՝ չեխաբնակ դաշնակահար Ահմադ Հեդարի նվագակցությամբ։
Դահլիճը սկզբում զգուշությամբ, ապա ամեն կատարումից հետո ավելի ջերմորեն ընդունեց հայ բարիտոնին, իսկ վերջում հետեւեցին բուռն ծափահարություններն ու «բրավոները»։
Նախօրեին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նշված անակնկալն էլ հրաշալի նվեր էր դահլիճում ներկա բազմաթիվ հայ ունկնդիրների համար։ Կոմիտասի «Ծիրանի ծառն» ու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ա՜յ վարդ» ռոմանսը, որ մեծ երգահանը գրել էր Ալեքսանդր Ծատուրյանի բանասետղծությունից ներշնչված, Նավասարդ Հակոբյանի կատարմամբ հնչեցին մի այլ նրբությամբ ու սիրով։
Ծրագրից դուրս Նավասարդը կատարեց նաեւ Ռախմանինովի երկու հրաշալի ռոմանսներ, իսկ իր ձայնի ողջ հզորությամբ դահլիճին գերեց իտալական հայտնի կոմպոզիտորների՝ Բելինիի, Դոնիցետիի, Տոստիի, Գաստալդոնի, Գուերրերոյի եւ այլոց ստեղծագործությունների կատարմամբ։ Դաշնակահար Ահմադ Նեդարն էլ առանձին կատարեց Շոպենի եւ Սմետանայի ստեղծագործություններից։
Վերջում ավելացնենք, որ համերգի կազմակերպիչն էր Nachtigall Artists ընկերությունը՝ Ալյոնա Կուներտովան, իսկ պատվո հովանավորը՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով նույնպես ներկա էր համերգին։ Համերգի գլխավոր գործընկերն էր UniCredit բանկը։
Երեկվա համերգը եւս մի ապացույցն էր այն ակնհայտ ճշմարտության, որ մենք աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով եւ այդ բարձրակարգ մշակույթով էլ պետք է հաղթենք։ Նավասարդ Հակոբյանը այդ ծանր, բայց պատվաբեր ճանապարհի խիզախ մարտիկներից մեկն է։
Հ. Ասատրյան
Պրահա
orer.eu



