Կոչ ենք անում նոր մանդատ ստացած քաղաքական և իշխանական ուժերին՝ հրաժարվել նեղ խմբային շահերից, իրականացնել քաղաքական համաներում։ Վերանայել քրեական գործերը՝ հանուն պետականության ամրապնդման, ինչը հանդիսանում է իշխանության կառավարչական արդյունավետության և պատասխանատու ղեկավարման գլխավոր չափանիշը։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ուղղված՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատ ստացած քաղաքական ուժերի առաջնորդներին և հայ հանրությանը։
Մեր իրավաքաղաքական գործունեության հիմքում դրված են հայոց թագավորություն- ների և հանրապետական իրավունքների անընդհատության սկզբունքները։ Որպես 108-ամյա հանրապետական իրավունքի կրող՝ հավատարիմ ենք մնում պատմական արդարության և միջազգային իրավունքի նորմերի պաշտպանությանը։ Հանրապետական իրավունքների անընդհատության հիմք են ծառայում 1918–1923 թթ. պետական իրավահաջորդության վավերագրերը, ինչպես նաև Ազգերի լիգայի՝ 1924 թվականի մայիսի 31-ի «Հայ գաղթականներին ինքնության վկայականների հանձնման պլանը», որը միջազգային իրավունքի շրջանակում արձանագրում է հայության իրավունքները։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումը՝ մենք վերահաստատում ենք պետական շահի բացարձակ գերակայությունը ցանկացած մասնավոր կամ խմբային շահի նկատմամբ։ Պետական կառավարման արդյունավետությունը, կառուցվածքային ամրությունը և ժողովրդավարական սկզբունքների անշեղ պաշտպանությունը մեր ազգային անվտանգության անխախտ հիմքերն են։ Սույն որոշման և ձևավորված նոր իրողությունների լույսի ներքո՝ անհրաժեշտ ենք համարում միաբանվել հետևյալ առաջնահերթությունների շուրջ.
Իրավական և ժողովրդավարական պետության կայացում. Որպես հասարակական համերաշխության և կայունության երաշխիք՝ առաջարկում ենք իրականացնել համաներում և վերանայել քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը։ Իրավական գործընթացների նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով ընդունել ժողովրավարական իրավահարաբերությունների բարձր չափանիշներ։ Արդարադատության համակարգի բարեփոխումները, օրենքի գերակայության ապահովումը և հանրային վստահության բարձրացումը հայ հասարակության առաջնահերթ խնդիրներն են։ Տարածաշրջանային անվտանգության և զարգացման նոր իրողություններ. Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերը՝ անհրաժեշտ է ձևավորել անվտանգային նոր գործիքակազմ համայն հայության մասնակցությամբ որի հիմքը ավանդական շահերն են ձևավորված հազարամյակների ընթացքում։
Մենք կողմնակից ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը ոչ հայ ազգի կամ որևէ մեկ այլ ժողովրդի հաշվին, որը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա՝ բացառելով ուժի կիրառումը։ Բանակցային օրակարգի արդիականացում. Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ առաջնորդվելով պետական ինքնիշխանության, տարածաշրջանում ձևավորված և միջազգայնորեվ ճանաչված հավասարազոր իրավահաջորդության սկզբունքներով։
Տնտեսական տարանջատման կայացում. Հրամայական է վերացնել պետական կառավարման համակարգի և տնտեսական ռեսուրսների միջև առկա սերտաճումները։ Անհրաժեշտ է ապահովել տնտեսական մրցակցության հավասար հնարավորություններ, դուրս բերել տնտեսությունը կլանային սպասարկման դաշտից և խթանել տնտեսության բազմազանեցումը՝ ապահովելով պետական ռեսուրսների թափանցիկ ու արդյունավետ բաշխումը։ Համահայկական ներուժի կառավարում. Պետական կառավարման համակարգի կատարելագործումը, ներառյալ՝ երկպալատ խորհրդարանական մեխանիզմների քննարկումը, պետք է ծառայի համայն հայության ներուժի համախմբմանը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացմանը։ Համահայկական Սենատը պատրաստ է աջակցել պետական կառույցներին հետևյալ ձևաչափերով. Փորձագիտական աջակցություն. Վերլուծական և իրավական հիմնավորումների տրամադրում պետական կարևորության հարցերում։
Աշխատանքային երկխոսություն. Ազգային նպատակների իրականացմանն ուղղված կառուցվածքային երկխոսության ձևաչափերով։ Խորհրդատվական հարթակ. Կառուցողական խորհրդատվություն՝ պետական և համահայկական շահերի համադրման հիմքով։ Մեր միասնական ջանքերն ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման ապահովմանը՝ հիմնվելով օրենքի գերակայության և ազգային միասնության ու շահի վրա։
Համահայկական Սենատ
Ա. Մկրտչյան
Տարածքային պատասխանատուներ՝ ԵՄ՝ Գ. Գրիգորյան ՌԴ՝ Ա. Աբրահամյան ԱՄՆ՝ Վ. Մեսրոպյան ՀՀ՝ Ա. Սարգսյան
10․ հուլիսի 2026 թ.



