Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մայիսին երեք օր կանցկացվեն Հայ մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ․ մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։
«Հայկական տարազ և գեղանկարներ» խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը Dům národnostních menšin (Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։
Բացի այդ, ArtInsigt հարթակի հետ համագործակցությամբ կներկայացվեն հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գևորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լևոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, ինչպես նաև Մոկո Խաչատրյանի և Հրանտ Հարությունյանի նկարները։
Օրերի շրջանակում մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաև դասախոսություններ հայ մշակույթի տարբեր տարրերի թեմաներով։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։
Տոնական միջոցառումները նախաձեռնել է հայ-չեխական ČARM կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում հայ մշակույթը Չեխիայում տարածելու և առաջխաղացնելու ուղղությամբ։
«Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք փորձում ենք մշակույթի միջոցով սևեռել Եվրոպայի ուշադրությունը մեր երկրի վրա։ Այդ փաստը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք հանդես գալ հայ մշակույթը չեխ հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ։ Արդեն իսկ հասցրել ենք իրականացնել մի շարք ծրագրեր։ Այժմ հերթը ավելի մասշտաբային՝ մշակույթի օրեր անցկացնելն է։ Այս օրերի ընթացքում մենք կներկայացնենք հայ մշակույթի ներկապնակի մի փոքր հատված միայն, որն անտարբեր չի թողնի արտերկրի հանդիսատեսին»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։
orer.eu