Իսպանիայի Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքի «Կան Մարիներ» մշակութային կենտրոնում ապրիլի 24–ից մայիսի 15–ը արվեստասեր հասարակությանը ներկայացավ նկարչուհի Արմինե Թումանյանն իր «Ապրող Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսով։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայկական համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ իսպանացիներ, փոխքաղաքապետ տիկին Բարբարա Ֆերերը, Բասկերի խորհրդարանի նախկին նախագահ պարոն Ռաֆայել Լարեյնան, «Ալկարիա» ՀԿ ղեկավար պարոն Խավիեր Բարադայը, ֆոտոլրագրող պարոն Անդրեու Ֆերնանդեսը, Կատալոնիայի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Սարգիս Հակոբյանը և այլ հյուրեր։ Ցուցահանդեսը կազմակերպված էր Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109–րդ տարելիցի միջացառումների շրջանակներում՝ «Արարատ» հայկական ասոցիացիայի աջակցությամբ։
Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ տիկին Թումանյանը միջոցառման համար ընտրել էր շուրջ երեք տասնյակ կտավներ, որոնք ստեղծվել են 2019 թվականի սեպտեմբերին Տավուշում, երբ նա, լինելով Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ, արտասահմանցի և հայ նկարիչների հետ միասին կազմակերպել էր միջազգային սիմպոզիում։
«Տավուշի գեղատեսիլ բնությունն ինձ ոգեշնչեց կազմակերպել բազում ծրագրեր, այդ թվում միջազգային նկարչական այդ սիմպոզիումը, որի շրջանակում Հայաստան եկան 23 արտասահմանցի նկարիչներ՝ 17 երկրից և տեղում մեզ միացան 8 հայ նկարիչներ՝ տարբեր քաղաքներից»,– մեզ հետ զրույցում պատմեց տիկին Թումանյանը։
Այս ցուցահանդեսի խորագիրը՝ «Ապրող Հայաստան», հստակ ասելիք ունի․ այն, որ մենք տխուր չենք, չենք սգում անվերջ, այլ՝ ապրում ենք, շարունակում ենք ստեղծագործել, նույնիսկ ոգեշնչում ենք, որ օտարազգի նկարիչներն էլ ստեղծագործեն և նկարեն Հայաստանը։
«Այստեղ հայերի հետ միասին մասնակցում են տարբեր ազգերի նկարիչների գործեր, որոնք սիմպոզիումի ժամանակ են ստեղծվել։ Կտավներում նրանց զգացողություններն ու ցգացմունքներն են արտահայտված, թե ինչպես են նրանք տեսել Հայաստանը։ Օրինակ՝ լիտվացի մեր մասնակիցը՝ Դիանա Ռուդոկինեն, իր նկարները կոչել է «զգացմունքներ Հայաստանի մասին»։ Նրա՝ այստեղ ներկայացված աշխատանքներից շատ տպավորված էր պարոն Ռաֆայել Լարեյնան և իր կարծիքն արտահայտելիս ասեց, թե ինչ ազդեցիկ ու դիպուկ են դրանք, ինչ սրտառուչ են ներկայացնում Հայաստանը»,– նշեց տիկին Թումանյանը։
Ինչպես զրուցակիցս է հավաստիացնում, այս ցուցահանդեսը նպատակ ունի լուսաբանել ժամանակակից հայ արվեստագետներին, ովքեր, չնայած տնտեսական դժվարություններից մինչև քաղաքական անկայունություն, շարունակում են ստեղծել խոսուն և գեղեցիկ արվեստ։ Նրանց ստեղծագործությունները սոսկ գեղարվեստական նախաձեռնություններ չեն, այլ նաև անհնազանդության և հույսի դրսևորում, որ լուսավորում են հայ արվեստի և ժողովրդի առաջընթացի ուղին։
Այս կտավների ասելիքը իրականության հետ աղերսվելու կոչն է միջազգային հանրությանը։ Այն համոզիչ կերպով հիշեցնում է մշակույթի անսահման ուժի մասին՝ հաղթահարելու և ապրելու հանուն ապագայի։
«Այս աշխատանքների հիմքում ընկած հիմնական ոգեկոչումը հայկականությունն է։ «Ապրող Հայաստան» նկարաշարը յուրովի մշակութային ներկայացում է, որն իր մեջ ներառում է հայ գեղարվեստի հարուստ ժառանգությունն ու դրա անջնջելի ազդեցությունը ժամանակակից դրսևորումներում։ Այս ցուցադրությունը հայ արվեստագետների տոկունության և աննկուն ոգու վկայությունն է՝ նրանց շրջապատող անհամար դժվարությունների ֆոնին։ Յուրաքանչյուր ստեղծագործություն յուրովի պատմություն է՝ միահյուսելով արարման, կյանքի, պայքարի և գոյատևման անզիջում ձգտումը։ Այստեղ հայ արվեստը ներկայանում է որպես ժամանակի դինամիկ տարեգրություն՝ արտացոլելով ոչ միայն պատմական պահերը, այլև՝ ներկա կյանքն ու ձգտումները։ Իսկ դա վկայությունն է այն բանի, թե ինչպես է Հայաստանի բնությունն ու գեղեցկությունը ոգեշնչում ամբողջ աշխարհի արվեստագետներին, որ նրանք ստեղծագործեն՝ դրանով իսկ խթանելով Հայաստանի եզակի տեղը խորապես ըմբռնելու և գնահատելու գործին։ Համոզված եմ, որ այս ընտրանին էլ իր համեստ դերը կխաղա այդ առումով»,– մեզ հետ զրույցում նշեց տիկին Թումանյանը։
Ցուցահանդեսին ներկայացված ամենաթարմ աշխատանքները տիկին Թումանյանի դստեր՝ երիտասարդ նկարչուհի Արփի Չոբանյանինն էին, որոնք բառացիորեն ստեղծվել էին օրեր առաջ՝ մեկ այլ միջազգային սիմպոզիումի ժամանակ։ Նրանցից մեկն օրինակ՝ ներկայացնում էր Շառլ Ազնավուրի դիմանկարը։
Մայր և դուստր արվեստագետները հրավեր էին ստացել ապրիլի 15-22–ը մասնակցելու Իսպանիայի Մոնզոն քաղաքում տեղի ունենալիք միջազգային նկարչական սիմպոզիումին, որին մասնակցել են 35 նկարիչներ աշխարհի 20 երկրներից՝ ԱՄՆ, Բրազիլիա, Չիլի, Պերու, Արգենտինա, Մեքսիկա, Հարավային Կորեա և այլն։ Այն տեղի է ունեցել իսպանական 21–րդ Արտ էքսպոի շրջանակներում։
«Ավելի շատ իսպանախոսներ էին մասնակիցները։ Կարևոր էր մեզ համար այնտեղ փորձի փոխանակումը։ Ստեղծագործեցինք ազատ թեմաներով և վերջում, անշուշտ, ցուցադրվեցինք։ Երբ Արտ էքսպոի կազմակերպիչ և ցուցահանդեսի կուրատոր պարոն Գորգոնիո Սանխուանն անհատական մեր ելույթների օրը ինձ ներկայացնելիս լսարանին հարցրեց, թե՝ լսել են Հայաստանի մասին, բոլորը զարմացած ասեցին՝ ոչ։ Ես ակամայից մոռացա իմ արվեստի մասին և սկսեցի երկիրս ներկայացնել։ Կլանված լսում էին, հատկացված ժամանակից երկար խոսեցի, անգամ կարճ մի տեսաֆիլմ ցույց տվեցի Հայաստանի մասին։ Սա կարծես՝ բացահայտում էր նրանց համար։ Բնականաբար, նման առիթները կարևոր են, էլ ավելի ճանաչելի և լսելի են դարձնում Հայաստանն աշխարհում»,– եզրափակեց տիկին Թումանյանը։
Գայանե Առաքելյան
Բեռլին