Ապրիլի 19-ին Բելգրադում, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, Զեմունի այգու Սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետերի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։
Արարողությունը, որին ներկա էին Սերբիայում Հունաստանի և Կիպրոսի դեսպանները, Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության դիվանագետները, Սերբիայի Ազգային ժողովի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, Սերբ Ուղղափառ եկեղեցու Պատրիարքի գրասենյակի ղեկավարը, բազմաթիվ սերբահայեր և Հայաստանի սերբ բարեկամներ, կազմակերպել էին Սերբիայում ՀՀ դեսպանությունը և Վրնյաչկա Բանյայի հայերի միությունը:
Արարողությանն առաջին անգամ ներկա գտնվեց և աղոթեց Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Վրնյաչկա Բանյայի հայերի միության նախագահ Չեդոմիր Արտինովիչը, դեսպանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղեցին խաչքարին։ ՀՀ դեսպանը ներկաներին դիմեց օրվա խորհրդին նվիրված ուղերձով, որում, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջերս Սերբիայի նախագահի և արտգործնախարարի հանրային ելույթներին, որոնցում արձանագրվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:
Նույն օրվա երեկոյան ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանավորությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Վրնյաչկա Բանյայի հայերի միության համագործակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի «Անի՝ հայ Բագրատունիների մայրաքաղաք» մենագրության սերբերեն թարգմանության ներկայացումը՝ հեղինակի մասնակցությամբ: Գիրքը տպվել էր Վեսնա Պեշիչի հրատարակչությունում, որի վաստակը Սերբիայում հայկական պատմության և արվեստի տարածման գործում բարձր գնահատականի է արժանի:
orr.eu