Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ էին հավաքվել Չեխիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը։ Ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղման, մոմավառության արարողակարգն ավարտվեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհակալանքի խոսքով, որից հետո ներկաները մեկնեցին Սուրբ Հոգի եկեղեցի, ուր Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Դիմելով ներկաներին, որոնց շարքում էին ոչ միայն օտարերկրյա պետությունների դեսպաններ, այլեւ Հռոմի պապի ներկայացուցիչը Չեխիայում, Հայր Բարսեղն անդրադարձավ օրվա խորհրդին։
«Մենք ունենք Աստվածային առաքելություն, քանի որ խաչը մեր ձեռքին մաքառել ենք ընկնել ենք ու կոտորվել, բայց միշտ իբրեւ փյունիկ վերածնվել ենք ու քայլել առաջ։ Այն ազգը, որը մահանալ չի ուզում, նրան անհնար է ոչնչացնել։ Եվ այս ճանապարհին, մեր ամենամեծ մեղքը Աստծուց հեռանալն էր եւ անմիաբանությունը։ Մեր անմիաբանության պատճառով կորցերցինք Արցախը, եւ դեռ էլի կորուստներ կունենանք, եթե չսթափվենք, չմիաբանվենք ու չաջակցենք մեր բանակին։»,- ասաց հայր Սուրբը։
Խոսելով հայտնի ու անհայտ թշնամիների մասին, նա կոչ արեց միաբանությամբ պայքարաել հայրենիքի հզորացման համար՝ չմոռանալով Աստվածային սիրո մասին։
Այնուհետեւ խոսքը տրվեց Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին։ Հայաստանի դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրերին ոչ միայն պետք է հիշենք կատարվածը, այլեւ մտածենք կանխարգելման մասին, բացառենք ցեղասպանության ժխտումն ու զանգվածային վայրագությունների կրկնությունը։
«Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի, որպեսզի նման դաժանություննները չկրկնվեն»,- ասաց դեսպանը՝ նաեւ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային տանջանքներին, շրջափակմանն ու սովին, հայ բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Նրա ասելով, ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը նաեւ կարեւոր է, որ ապագայում նման հանցագործությունները չկրկնվեն։
Դեսպանի ելույթից հետո ներկաները դիտեցին Բռնոյի Մասարիկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի նկարահանած «Հավերժ Անին» ֆիլմը, որի ստեղծմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ-ն եւ Պրահայում Հայաստանի դեսպանությունը։ Կենտրոնի դասախոսներն ու ուսանողները պրոֆեսոր Իվան Ֆոլետտիի ղեկավարությամբ մեկնել են Թուրքիա եւ նկարահանել Անիի եւ հարակից հայկական կոթողների անմխիթար վիճակը, զրուցել հայտնի գիտնականների հետ, որոնք զբաղվել են այդ տարածաշրջանի հուշարձանների պատմությամբ, այդ թվում՝ դոկտոր Քրիստինա Մարանցիի, պրոֆ. Պատրիկ Տոնապետյանի, Ջովանի Գասպարիի, Ադրիեն Պալադինոյի եւ այլոց հետ։ Հինգ մասերից բաղկացած վավերագրական ֆիլմի հեղինակներն անդրադառձել են նաեւ Հայոց ցեղասպանության թեմային, Թալեաթ Փաշայի ծրագրերին, եւ մշակութային ժառանգության ցեղասպանությանը։ Ի դեպ, իր խոսքում տիկին Մարանցին նշեց, որ մշակութային ցեղասպանություն է սպասվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին։ Ֆիլմի աշխատանքներին, սցենարի պատրաստմանն ու մոնտաժին մասնակցությունն էր բերել Գայանե Հախվերդյանովան։
Նույն օրը ժամը 18.30-ին այս անգամ Սվետոզոր կինոթատրոնում կրկին ցուցադրվեց Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17-ին՝ Պրահայի Kasarna Karlin կինոթատրոնում։
Նշենք նաեւ, որ այսօր՝ ապրիլի 25-ին Բռնոյում ժամը 19-ին Knihovna Hanse Beltinga գրադարանում (հասցեն՝ Veveří 470/28, 602 00 Brno, Česko) տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ եւ մարգինալացում» դասախոսությունը։ Բանախոսը կանդրադառնա մասնավորապես այն խնդրին, որ հայ ազգը սիստեմատիկ կերպով մարգինալացված էր, նրա արվեստը ներկայացվում էր որպես ակնհայտ ստորադաս, նույնիսկ հեթանոսական: Այս իրավիճակները կարո՞ղ են զուգահեռներ ունենալ այսօրվա աշխարհում: Դասախոսության շրջանակներում բանախոսը կփորձի ցույց տալ, թե որքանով են 19-րդ դարի վերջի իրադարձություններն անմիջականորեն կապված Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրադարձությունների հետ, այսինքն՝ մի իրավիճակի հետ, որը դժվար է սահմանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն։
Դասախոսությանը կարելի է հետեւել նաեւ յութուբյան հեռարձակմամբ։
Orer.eu
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Լուսիան Փափազյանի