Պոզներյան տեսության կանոնները՝ Սերգո Երիցյանի գրքում. Շնորհանդես «Թեքեյան» կենտրոնում

  • 22.04.2024
  • 0
  • 380 Views

«Եւ դուք կճանաչեք նաև մեր ժողովրդի բարեկամին, ով պատրաստ է հարկ եղած դեպքում գալ ու կանգնել բարի, աշխատասեր, խելացի ու հնագույն ժողովրդի կողքին։ Իսկ նա ցանկանում է, որ աշխարհում պահպանվեն նվազագույն համամարդկային արժեքները։Իսկ դրանում միշտ հայ ժողովրդին օգնության կգա այս դժվարին աշխարհը լիովին հասկացած Վլադիմիր Պոզները։ Թող այդ ճանապարհին նաև օգնության գա պոզներյան ոգու արտահայտության այս գիրքը»։ Սերգո Երիցյան

«Թեքեյան» կենտրոնում կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի՝ «Վլադիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» գրքի շնորհանդեսը։

Սերգո Երիցյանը գիրքը գրել է կյանքի վերջին մեկ-երկու տարում․ այն տպագրվել է 2022 թվականին, սակայն պրոֆեսոր Երիցյանը չհասցրեց ներկա լինել շնորհանդեսին։ Ներկա էին Սերգո Երիցյանի գործընկերները, ուսանողները, մտերիմներն ու հարազատները՝ ևս մեկ անգամ արժևորելու մասնագիտության և կրթության նվիրյալի հերթական նվերը ընթերցասեր հանրությանն ու հատկապես ապագա լրագրողներին․ Սերգո Երիցյանի նպատակն էր գրքի միջոցով ընդգծել հարցազրույցի ժանրի՝ պոզներյան տեսության կանոնները։

Գիրքը նվիրված է հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին։ Գրքում տեղ են տրվել Վլադիմիր Պոզների՝ 2019 թվականի մայիսին Երևանում ունեցած հանդիպումներին, այնտեղ արտահայտված մտքերին, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումներին։ Ներկայացվում են նաև Վլադիմիր Պոզների հարցազրույցները հայորդիների հետ, սիկ լրագրության մասին պոզներյան ասույթները նրա յուրատեսակ գնահատականն են մասնագիտությանը։

Գիրքը պատկերացում է տալիս նաև Պոզներ- Հայաստան կապի մասին, որը սկսվում է նրա ամուսնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Չեմբերջիի հետ։

ՀԹՄՄ նախագահ, Մշակույթի վաստակավոր գործիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց գրքի լույսընծայումը․«Գիրքը խիստ արժեքավոր է։ Արծարծվում են բացառիկ կրթական, մանկավարժական մի շարք հարցեր, ինչի շնորհիվ այն կարող է լինել դասագիրք լրագրողների համար»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու ընգծեց՝ Սերգո Երիցյանն իրեն հատուկ մոտեցմամբ ու աշխատասիրությամբ ստեղծեց արժեքավոր աշխատություն, որն իսկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Շնորհանդեսին ելույթ ունեցան մերօրյա անվանի լրագրողներ, խմբագիրներ, որոնք խոստովանեցին՝ Սերգո Երիցյանը շնորհակալ գործ է արել․ մասնագիտությանն անմնացորդ նվիրյալը ընթերցողներին և լրագրողներին է թողել կարևոր ու արժեքավոր աշխատություն։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, Մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, «Գոլոս Արմենիի» թերթի մշակույթի բաժնի մեկնաբան Սոնա Մելոյանն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ալավերդյանը խոսեցին Սերգո Երիցյան անհատի, մանկավարժի, լրագրողի և գրականագետի ծանրակշիռ վաստակի մասին և հույս հայտնեցին, որ նրա կրթած սերունդները կշարունակեն պահել մասնագիտական որակները։

Անդրադարձ եղավ նաև Սերգո Երիցյանի՝ որպես փորձառու հարցազրուցավարի գործունեությանը, ինչի շնորհիվ հեռուստադիտողների բազում սերունդներ դեռ երկար կհիշեն նրա հեղինակած հաղորդումները։ Նա ինքն էլ հետաքրքված էր Վլադիմիր Պոզների գործունեությամբ, նրան համարում էր անգերազանցելի լրագրող-հարցազրուցավար, ով ազատ և բաց լրագրության իրավունքների ու սկզբունքների իրական օրինակ էր։

100-ից ավելի գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ Սերգո Երիցյանի ծանրակշիռ վաստակում այս գիրքն իր ուրույն տեղն ունի․ ինչպես հենց հեղինակն է նշում․ «Վլադիմիր Պոզների միջոցով ավելի լավ կարելի է հասկանալ աշխարհի մեծաչափ և փոքրաչափ փոփոխությունները»։ 

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում