Բուխարեստ. կրկնվող ցեղասպանություն

  • 22.04.2024
  • 0
  • 151 Views

Հայոց պատմության մեջ կան թվականներ, որոնք անկարելի է մոռանալ։ Նման թվականներն իրենց հետքն են թողնում ամբողջ ազգի և սերունդների վրա։ Ժամանակակից աշխարհում, մինչև վերջին իրադարձությունները, դժվար էր հավատալ, որ նման անմարդկային դաժանություն եղել է երբևէ ․․․ 1915 թվական՝ Հայոց Ցեղասպանություն, 1,5 միլիոն հայ, որոնք կտտանքների ենթարկվելով սպանվեցին, երեխաներ, որոնք քաղցից մահացան աքսորի ճանապարհին․․․ կատարվող դաժանությունները ենթադրում ենք հայտնի են բոլորիս կամ գոնե նրանց ընդհանրական պատկերը։

            Հիշելով, հարգանքի տուրք մատուցելով և աղոթելով 1915 թվականին սպանված հայերի համար, մեզնից ոչ մեկը չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր կարող է լինել նաև ժամանակակից աշխարհում, այն աշխարհում, որը դեմոկրատ է, որը գոռում է ազատություն, մարդու իրավունք, մարդու պաշտպանություն, հավասարություն և խաղաղություն։ 2020 թվականից հայ ժողովուրդը նորից սպանվում է, սպանվում անմարդկային ձևով, 2023 թվականին վտարվում, դարձյալ բռնում գաղթի ճանապարհը, ստիպված լինում կրկին լքելու իր տունը։

Այս տարի լրանում է Ցեղասպանության 109 ամյակը և կիրակի օրը՝ ապրիլի 21-ին,  Սուրբ Պատարագից հետո, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում գտնվող Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ, Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգը։ Ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ուրուգվայի դեսպան Ալբերտո Անտոնիո Ռոդրիգեզը, Ֆրանսիայի դեսպան Նիկոլաս Վառներին, Մալթայի դեսպան Լինո Բիանկոն, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։ Խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին Ռումանիոյ Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության և ՀՀ դեսպանության կողմից։

Տաթև Սրբազանն իր պատգամը հղեց ներկաներին՝ ասելով ․ «[․․․]Ռումանիոյ հայոց թեմը ևս իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու իր իրավունքների պաշտպանության: 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին Օսմանյան կայսրության կազմակերպմամբ ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Բայց չհաջողեցին: [․․․]

Այսօր էլ, ստեղծված աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում, երբ ամենուրեք պատերազմներ ու ռումբերի պայթյուններ են, մեր դարավոր թշնամին, ոսոխը, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը և ցանկանում է ավարտին հասցնել 109 տարի առաջ կիսատ թողած գործը: 2023թ․ քաղաքակիրթ մարդկության և ժողովրդավար Եվրոպայի աչքի առաջ և լուռ համաձայնությամբ 120․000 հայեր գաղթի ճանապարհը բռնեցին՝ Արցախից դեպի Հայաստան՝ միևնույն ոսոխի միևնույն ցեղասպան գործողությունների հետևանքով։ Այս ամենը կարելի է բնութագրել իբրև շարունակվող ցեղասպանություն։

Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած ցեղասպանություն, որը չի դատապարտվում, դուռ է բացում նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների։ […]

Ու թեև այսօր խոսվում է թշնամու հետ նոր հարաբերությունների կառուցման, թշնամական մոտեցումների վերանայման մասին, բայց դրանք միմիայն ունայն խոսքեր են, քանզի մենք չենք կարող ներել, եթե հանցանք գործած կողմը ներողություն չի էլ խնդրել: Չենք կարող խոսել նոր հարաբերությունների կառուցման, խաղաղության դարաշրջանի մասին Բաքվում հայ գերիների առկայության, ամենօրյա սպառնալիքների, միակողմանի զիջումների ֆոնին, քանզի հստակ է, որ 109 տարի անց ձեռագիրը չի փոխվել և թշնամին այսօր էլ ամեն բարեպատիհ առիթով ուղղակի գլխատում և մորթում է հայ մարդուն, ինչպես 1915թ.: […]

Մեր աղոթքն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, խաղաղ ու անսասան Հայոց պետականության սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու, Հայրենիքի և ի բարօրություն համայն մարդկության

Ելույթ ունեցավ նաև Վարուժան Ոսկանյանը, այնուհետ համայնքի փոքրիկներից Դավիթ Քարամյանն արտասանեց Պ․ Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից մի հատված։ Ներկաները նույնպես ծաղիկներ դրեցին խաչքարի առաջ՝ խոնարհում բերելով և հարգանքի տուրք մատուցելով Սուրբ Նահատակներին։

Եկեղեցու պարսպի ողջ երկայնքով կազմակերպվել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը՝ հնարավորություն տալով բոլոր անցորդներին մի պահ կանգ առնելու և տեղեկանալու 21-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։  

Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգ մատուցվեց նաև Ռումանիոյ Հայոց թեմի Բրըիլայի, Գալացի, Կոստանցայի, Սուչավայի, Յաշի և Բոտոշանի հայկական եկեղեցիներում։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում