Պրահայում մահացել է կինոգործիչ Միրա Հավիարովան. հայկական կինոաշխարհի բարեկամներից մեկը

  • 22.04.2024
  • 0
  • 175 Views

Ապրիլի 20-ին Պրահայում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայտնի կինոգործիչ Միրա Հավիարովան։

Միրա Հավիարովան ծնվել է 1938 թվականին Սլովակիայում՝ Պովաժսկա Բիստրիցայում։ Մինչև 1992 թվականը Պրահայում գործող  Չեխոսլովակիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ծրագրերի տնօրենն էր։ 1991 թվականի քաղաքական փոփոխություններից հետո տեղափոխվել էր Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարարության մշակույթի բաժին։ 1992-1997թթ. աշխատել է Մոսկվայում Չեխիայի դեսպանատան առաջին քարտուղար, ուր  զբաղվել է մշակույթի և կրթության ոլորտներում։

Թոշակի անցնելով 1997թ.-ին, նա շարունակեց ակտիվորեն մասնակցել միջազգային կինոփառատոնների կազմակերպմանը: Մի քանի տարի աշխատեց Barrandov Praha Film Studio-ի գլխավոր տնօրենի խորհրդական Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի բնագավառում։ Միրա Հավիարովան հսկայական դեր է խաղացել չեխական և հունգարական, ինչպես նաեւ չեխական ու լեհական կինոգործիչների միջև կապերի ամրապնդման գործում։

Նա նաեւ համակարգում էր նախկին Խորհրդային Միության երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի կինոգործիչների հետ չեխական փառատոնների հետ կապերը,  անձամբ ճանաչում էր ամենահայտնի կինոռեժիսորներին ու դերասաններին, ընկերություն էր անում հայտնի կինոգործիչների հետ։  Նա քանիցս եղել էր Հայաստանում, ճանաչում էր հայ կինոգործիչներին։

2013 թվականին ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում նա պատմում էր Հայաստանի հետ իր կապերի, հիշողությունների ու հայտնի հայերի մասին։ Նա իբրեւ ժյուրիի անդամ մասնակցել էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, անչափ տպավորված էր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմով։ «Ես այդ ֆիլմը ամեն տարի ցույց կտայի ողջ աշխարհում։ Պետք չէ խոսել։ Առանց խոսքերի գոմեշն ավելին է ասում…»,-ասում էր նա մեզ հետ զրույցում։

Նաեւ համոզված էր, որ ճիշտ ուղղությամբ է գնում «Ոսկե ծիրանը», քանի դեռ կրկեսի չեն վերածում, գալիս են կինոյի մարդիկ եւ շփվում են, ծանոթանում ու ընկերանում, այդ փառատոնը կլինի հաջողակ։  Այսպիսին էր նրա գնահատականը։

Միրա Հավիարովան լուսավոր մարդ էր, հումորով ու մեծ փորձառությամբ։

ՕՐԵՐ ամսագրի կողմից ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 15-ին Ստրաշնիցեի գերեզմանատանը։ Strašnice Crematorium. Great Ceremonial Hall, Vinohradská 214, Prague 10 at 3:00 p.m.

Հ. Ա.

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում