Վենետիկի բիենալեում պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը` Նինա Խեմչյանի «Արձագանք»ով

  • 19.04.2024
  • 0
  • 110 Views

Ապրիլի 18-ին, Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային տաղավարի բացումը, ներկայացնելով՝ փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարուխանյանը, տաղավարի հովանավորներ «Գաֆէսճեան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և «Ֆաստեքս» կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Տաղավարի հանձնակատարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը. «Այս հարթակը Եվրոպայի մշակութային զարկերակներից մեկն է, որտեղ մշտապես ներկայացվում են հետաքրքիր նախագծեր։ Արվեստագետ Նինա Խեմչյանի աշխատանքը ոչ միայն հոգևորի, այլև տիեզերականի, մարդկային էության և աշխարհի ընկալման մասին է։ Նինա Խեմչյանը մեզ հրավիրում է մտածելու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ»։

Դանիել Դանիելյանը նաև ընդգծել է, որ այս հեղինակավոր հարթակում պետությանը ներկայացնելը յուրաքանչյուր արվեստագետի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։

«Հաջողությունը կարող է խթանել մեր բազմաթիվ երիտասարդների՝ հետագայում մշակութային բարձր հարթակներում ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից է նաև բիենալեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու արվեստագետների նորարար գաղափարներին։

Արարողությունն էլ ավելի տպավորիչ դարձավ, երբ Հայաստանի տաղավարի բացմանը հնչեցին Մեսրոպ Մաշտոցի շարականները՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։

Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում՝ կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։

Բազմամարդ տաղավարում նախագծի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել են նախագծի համադրող Արմեն Եսայանցը և արվեստագետ Նինա Խեմչյանը։

Հայաստանի տաղավարի գործունեության ընթացքում անցկացվելու են նաև կրթական ծրագրեր ու տարաբնույթ հանդիպումներ։

Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Հայկական ազգային տաղավարի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչն է։

Տաղավարը այցելուների համար բաց կլինի մինչև 2024 թվականի նոյեմբերի 24-ը։

Գտնվելու վայրը՝ Magazzino del Sale 3, Dorsoduro 264, 30123 Վենետիկ

orer.eu

Haykakan Taxavari bacum
Haykakan Taxavari bacum
Haykakan Taxavari bacum
Haykakan Taxavari bacum

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում