«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Ադրբեջանի հանցագործությունների դեմ հայց է ներկայացրել Հաագայում

  • 19.04.2024
  • 0
  • 242 Views

Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնում է Նիդերլանդական օրագիրը (livejournal.com), Նիդերլանդների Հաագա քաղաքում Էթնիկ հայերին ներկայացնող իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը ապացույցներ է ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակական ցեղասպանություն է իրականացնում:

Հինգշաբթի օրը Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև, տեղացող անձրևի պայմաններում մոտ 30 հոգուց բաղկացած խումբը 100 էջանոց փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում էր ավելի քան 500 զոհերի և վկաների ցուցմունքներ, հանձնել է դատարան: Այնտեղ ներկա են գտնվել FAON Նիդերլանդական կազմակերպության ակտիվիստները: Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։

Կալիֆորնիայում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի կամ CFTJ-ի իրավաբանները գտնում են, որ կան բավարար ապացույցներ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ ցեղասպանության համար պաշտոնական հետաքննություն սկսելու: Նրանք ներկայացրել են, այսպես կոչված, 15-րդ հոդվածի հաղորդագրություն, որը կոչ է անում դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին ուսումնասիրել ենթադրյալ վայրագությունները:

Ամերիկյան մամուլն այս իրադարձությանը պատշաճ արձագանքի է արժանացրել: Խանի գրասենյակն առայժմ կքննարկի ներկայացված ապացույցները և կորոշի, թե արդյո՞ք կարող է գործը վարույթ ընդունել, որը ակնկալվում է կտևի մի քանի ամիս:

«Այստեղ իմ նպատակն է ստիպել մարդու իրավունքները պաշտպանող բարձրագույն մարմիններին խոստումներից զատ քայլեր ձեռնարկել», – Associated Press-ին ասել է Լալա Աբգարյանը, ում քույրը՝ Գայանեն, դաժանությամբ սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2022 թվականին։

Նրա քրոջ մարմինը անդամահատվել էր, բռնության պատկերները տարածվել էին համացանցում: Աբգարյանն ասում է, որ նկարներն այնքան զազրելի էին, որ նայելուց հոգեբանական մեծ վնաս է ստացել։

Ադրբեջանի կողմից Արցախի տարածքից 120 հազ.հայերի բռնի տեղահանությունն ու Հայաստանի տարածքի վրա հարձակումը Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանին մեղադրում էր ցեղասպանություն իրականացնելու մեջ:

«Այս վայրագությունները սոցցանցերում ֆիքսված են հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որտեղ լսում ես, թե ինչպես են նրանք ծիծաղում, մեկնաբանություններ անում և վերցնում դիակները, որոնք նրանք հենց նոր մորթել և գլխատել են», – AP-ին ասել է CFTJ-ի ղեկավար Կասիա Աբգարյանը:

Իրավաբանները նշում են, որ ցեղասպանության գործընթացը կարող է անհասանելի լինել դատարանի քննարկման համար, քանի որ Հայաստանը ՄՔԴ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այդ դեպքում դատախազները միայն Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների իրավասությունը կարող են բարձրացնել: Ղարաբաղն էլ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։

Սակայն Ղարաբաղի ողջ բնակչությանը բռնի ուժով ստիպել տեղափուխվել Հայաստան` կարող է հայտնվել դատարանի քննության իրավասության շրջանակների մեջ։ Արտաքսումը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Դժվարությունը այն է, որ Ադրբեջանը չի արտաքսել փախածներին, նրանք հեռացել են հարկադրանքի ազդեցության տակ, որը էթնիկ զտում է։

«Համենայն դեպս ոչ մի կերպ, սա պատահական արտագաղթ չէր», – ասում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ և ցեղասպանագետ Մել Օ’Բրայենը:

Կալիֆորնիայի «Ճշմարտության և արդարության» կենտրոնի ղեկավար, CFTJ-ի դատավոր Կասիա Աբգարյանը «Նիդերլանդական օրագրին» պատասխանելով ասաց, որ սպասվում է երկարատև ու շարունակական գործընթաց, որտեղ պահանջվում է համառ ու հետևողական աշխատանք:

Հաագայի մեկ այլ ՄԱԿ-ի համաշխարհային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկշաբաթյա դատավարության ֆոնին լսվում է փաստարկներ ռասայական խտրականության մասին պայմանագիրը խախտելու վերաբերյալ:

«Նիդերլանդական օրագիր»

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում