Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից նշում են, որ համագումարն անցկացվում է ապրիլին՝ շեշտելու համար Ցեղասպանության անպատժելիությունը իբրև հետևանք շարունակվող ցեղասպանությունների ու Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններն Արցախի Հանրապետությունում։
Արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է կարդալու «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը և արցախահայության վերադարձ իրավունքը» թեմայով։
Քննարկումներին հրավիրված է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով այժմ գլխավորում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքները։ Նիստերին ներկա է լինելու նույն հանձնախումբի անդամ և Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեան, որ պիտի ուղեկցի Լուիս Մորենո Օկամպոյին։
Հայաստանից համաժողովին կմասնակցեն ՀՀ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը, մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Իսկուհի Ավանեսյանը, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը, Տիգրան Եկավյանը Փարիզից եւ դոկտոր Վիգեն Չիթերյանը՝ Ժնեւից և ուրիշներ։
Ապրիլի 22-ին գիտաժողովը կեզրափակվի Արմինե Տիգրանյանի զեկույցով՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական մեխանիզմների վերաբերյալ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կներկայացնի իր Հայրապետական պատգամը։
Եռօրյա քննարկումների արդյունքում ընդունվելու է հայտարարություն՝ ուղենշելու համար Արցախում ցեղասպանության հետևանքների հաղթահարման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հնարավոր ուղիները։
orer.eu
Արեւմտահայերեն
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին տնօրինումով, «Կիլիկիա վերլուծական հարթակ»ի աշխատանքներու շրջագիծին մէջ, 20-22 Ապրիլ 2024-ին Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի պիտի ունենայ համագումար՝ «Արցախի իրաւունքներու վերականգնումի հրամայականը՝ ընդդէմ Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութեան» ընդհանուր խորագիրին ներքոյ։
Այս առիթով Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ սփիռքեան տարբեր երկիրներէ հրաւիրուած են 30 պատմաբաններ, միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ քաղաքագէտներ։
Համագումարի թուական նկատի առնուած է Ապրիլը՝ շեշտելու համար Ցեղասպանութեան անպատժելիութեան իբրեւ հետեւանք շարունակուող ցեղասպանութիւններու համամարդկային սպառնալիքը եւ Թուրքիոյ աջակցութեամբ Ազրպէյճանի իրականացուցած ցեղասպանական գործողութիւնները՝ Արցախի մէջ։
Կարեւորութեամբ նշենք, որ Վեհափառ Հայրապետին հրաւէրով Անթիլիաս պիտի ժամանէ միջազգային քրէական դատարանի հիմնադիր դատախազ, համաշխարհային համբաւի տիրացած դոկտոր Լուի Մօրէնօ Օքամփօ։ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգման յատկացուած քննարկումներուն մասնակցելու համար Անթիլիաս հրաւիրուած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան, որ հայկական կողմէն երկար ատեն վարած է արցախեան հակամարտութեան բանակցութիւնները եւ այժմ կը գլխաւորէ Արցախի հարցի հետապնդման համար կազմուած յանձնախումբի մը աշխատանքները։ Նիստերուն ներկայ պիտի ըլլայ նաեւ նոյն յանձնախումբի անդամ եւ Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան, որ պիտի ուղեկցի Լուի Մօրէնօ Օքամփոյին։
Լուի Մօրէնօ Օքամփոն Լիբանանի մէջ գործող դիւանագիտական ներկայացուցիչներու եւ հրաւիրեալներու լսարանին պիտի դասախօսէ Ցեղասպանութեան ուխտի կիրառելիութեան դժուարութիւններուն եւ այդ հրամայականին առջեւ ցցուող խոչընդոտներու պատճառներուն մասին։ Ան նաեւ իր մասնակցութիւնը պիտի բերէ համագումարի աշխատանքներուն։
Երեք օրերու վրայ երկարող համագումարէն պիտի բխի յայտարարութիւն՝ ուղենշելու համար Արցախի մէջ գործադրուած ցեղասպանութեան հետեւանքներու յաղթահարման եւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնման հնարաւոր ուղիները։
Համագումարի փակումին պիտի յաջորդէ «Կիլիկիա վերլուծական հարթակ»ի առկայ երկրորդ նիստը, նախագահութեամբ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Նիստը յատկացուած պիտի ըլլայ քննելու համագումարին ընդգծած հարցերը եւ ծրագրելու համար այս հրամայականներու գործնականացման միջոցները։