Արցախի ժառանգության պաշտպան Յասմին Դում Թրագութը՝ Շտեֆանուս հիմնադրամի մրցանակակիր

  • 26.03.2024
  • 0
  • 175 Views

Հալածյալ քրիստոնյաների Շտեֆանուս հիմնադրամի 2024-ի հատուկ մրցանակակիրն է ավստրիացի հայագետ, պատմական եւ հնագիտական հետազոտություններով զբաղվող, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում Թրագութը: Նրան այս մրցանակը հանձնվելու է ապրիլի 20-ին, ժամը 19-ին, Բոննում, հանդիսավոր երեկոյի ժամանակ, որի ընթացքում ֆինանսավորում կտրամադրվի ԼՂ հայերին: Գովասանաճառը կներկայացնի քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը (Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդր համալսարան):

Ինչպես հիմնադրամն է ներկայացնում, «Դում Թրագութը քաջարի հետազոտող է» , դրա մասին է վկայում ԼՂ-ի հայերի քրիստոնեական ժառանգությունը ուսումնասիրելու նրա անզուգական հանձնառությունը, ինչի համար արժանանում է մրցանակի: ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է, իրազեկում է հիմնադրամի կայքը՝ լուսաբանելով՝ադրբեջանական ԶՈՒ հայ բնակչությանը՝ ավելի քան 100 000 մարդու վտարեց բնօրրանից՝ ամիսներ տեւած շրջափակման, 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման միջոցով:
Հիմնադրամի վարչության նախագահ Միշայելլա Քոլլերը շեշտադրել է նաեւ այն հանգամանքը, որ ուղնուծուծով գիտնական Դում Թրագութի տպավորիչ հատկանիշներից մեկն էլ հաստատակամությունն է, որով դիմակայում է Հայոց ցեղասպանությունն ուրացող եւ շարունակող Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ քարոզչության հանդեպ:

«Ազգը» ջերմորեն շնորհավորում է Յասմին Դում Թրագութին՝ մրցանակի առիթով:  Արժանի համարելով նրա վաստակի նման գնահատումը, մաղթենք Դում Թրագութին առավել արդար մրցանակ՝ տեսնել Արցախի ազատագրումը, պատմական արդարության հաստատումը իր նվիրական հայ ժողովրդի համար:

«Ազգի» այս համարում անդրադարձել ենք Յասմին Դում Թրագութի մարտի 14-ին Վիեննայի համալսարանում Արցախի մասին բանախոսությանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

(azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում