Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հերթական բացառիկ համարը՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգությանը եւ արցախցիների բռնագաղթին։
Ինչպես նշված է համարի խմբագրականում, հիմնականում ներկայացվել են վերջին շրջանում հրատարակված Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գրքերը, որոնց հեղինակները ներկայացնում են հայկական հուշարձանների ու եկեղեցիների վիճակը, դրանց պահպանության համար միջազգային ասպարեզում տարվող քայլերը։ Արմինե Տիգրանյանի , Դավիթ Ղահրամանյանի, Հովիկ Ավանեսովի, Րաֆֆի Քորթոշյանի հետ հարցազրույցները նվիրված են այդ թեմային։ Ներկայացվել են նաեւ այլ հեղինակների նույն թեմային նվիրված գրքերը։ Դավիթ Ղահրամայնանը Ստեփանակերտում է եղել ողջ շրջափակման ընթացքում եւ լուսանկարել է ոչ միայն մարդկանց առօրյան, այլեւ՝ բռնագաղթը։
Թեքեյան մշակութային միության ԱՄՆ եւ Կանադայի ատենապետ Արշավիր Կէօնճեանի հետ ծավալուն հարցազրույցով անդրադարձ է կատարվել ոչ միայն միության կողմից արցախցիներին ցույց տրվող ծրագրերին, այլեւ ՌԱԿ կուսակցության, Թեքեյան միության եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություների ներկա վիճակին նվիրված հարցերին։
Հայտնի քարտեզագետ եւ մշակութային հետազոտող Ռուբեն Գալչյանը ներկայացրել է Հայաստանի քարտեզներին նվիրված իր գրքերը՝ գնահատելով նաեւ ներկա սահմանագծման ու սահմանզատման ընթացքը։
Անվանի հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ խորքային զրույցը նվիրված է հայ ժողովրդի հոգեբանական վիճակին, ցեղասպանության, երկրաշարժի ու Արցախյան պատերազմների հոգեբանական հետեւանքներին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու ճանաչված լրագրող Միքայել Հաջյանի հետ զրույցներում արծածվում է արցախցիների վիճակը շրջափակման ու պատերազմի տարիներին, եւ նրանց ապագայի հետ կապված հարցերը։
Ֆրանսիաբնակ լրագրող Տիգրան Եկավյանն ու գերմանաբնակ լրագրող Անահիտ Հովսեփյանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ֆրանսիական եւ գերմանական պաշտոնական կեցվածքին ու դրա հետեւանքներին։
Չեխաբնակ, արցախյան արմատներով հայտնի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը ներկայացնում է Արցախ կատարած իր ճամփորդություններն ու լուսանկարները։
ՕՐԵՐ-ի այս համարում տեղ է գտել նաեւ Արցախյան պատերազմը լուսաբանած չեխ լրագրողներ Լենկա Կլիցպերովայի եւ Մարկետա Կուտիլովայի «Հայկական Ղարաբաղի վերջը» հոդածը՝ Արսեն Քոչարյանի թարգմանությամբ։
Ռումինահայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում անցկացված Արցախյան մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված համաժողովին են անդրադարձել Գերաշնորհ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, եւ հոգեշնորհ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչներ Վարդուհի Դադունցը, Պետր Դրբոհլավն ու Միխալ Զելբան ծանոթացնում են Հայաստանում կազմակերպության իրականացրած ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածներին ցույց տված առաջնահերթ օգնության ծավալներին։
Չեխ կինոբեմադրիչ Մարտին Մահդալն ու պրոդյուսեր Մարկետա Ադամցովան ներկայացնում են Արցախյան խնդրի լուսաբանման իրենց փորձառությունը եւ անդրադառնում Լեռնային Ղարաբաղին նվիրված « Գենոցիդ օնլայն» ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներին։
ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ Հայկական Բարեգործական ընդհանուր միության Արցախում եւ Հայաստանում իրականացրած ծրագրերի մասին հոդվածներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի տարեվերջյան ուղերձը։
Մշակութային բաժնում տեղ են գտել հարցազրույցներ Պրահայում անցկացված եվրոպական գրական հանդիպման մասնակիցներ լեհաբնակ բանաստեղծ Տաթեւ Չախեանի եւ պրահայաբնակ լեհ գրող Զոֆիա Բալդիգայի հետ։ Հարցազրույցներով են ներկայացված նաեւ միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը, Պրահայի Քվադրինալեի մրցանակակիր Նելլի Բարսեղյանը, ինչպես նաեւ երիտասարդ կինոբեմադրիչներ Մելանյա Համասյանն ու Գարուշ Ղազարյանը։
Ամսագրի վերջին էջում տեղ են գտել նաեւ մարզական նորություններ։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Հ.Գ.- Բաժանորդագրության եւ նվիրատվությունների համար դիմել hakob@orer.cz հասցեով։
Տարեկան բաժնեգինը՝ 50 եվրո։
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.