Իսկուհի Համբարձումյանի «Թագավորական ծաղկեփունջ» աշխատանքը Շտուգարտում արժանացել է Գրան պրի մրցանակի՝ համաշխարհային Խոհարարական մրցույթում

  • 04.02.2024
  • 0
  • 934 Views

Փետրվարի 2-7-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող հեղինակավոր IKA` Խոհարարական Օլիմպիական խաղեր 2024 մրցույթին մասնակցում է Հայաստանի «Քաղցր ծաղիկների աշխարհ» ասոցիացիան։

Փետրվարի 4-ին ասոցիացիայի նախագահ Իսկուհի Համբարձումյանը մասնակցել է Հրուշակագործության արվեստի անվանակարգի մրցույթին եւ նրա «Թագավորական ծաղկեփունջ» շքեղ աշխատանքը 100 բալով գրավել է առաջին տեղը՝ արժանանալով Գրան պրի մրցանակի եւ Ոսկե մեդալի: Մյուս երկու հայ մասնակցի աշխատանքները արժանացել են արծաթե եւ բրոնզե մեդալների։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Իսկուհի Համբարձումյանը, իր հաղթանակը նվիրում է Հայաստանին ու հայ ժողովրդին։

«Չէի պատկերացնում, որ իբրեւ հոբբի սկսած գործս, կդառնա մասնագիտություն, հաղթանակ կբերի 71 երկրների մասնակցությամբ մրցույթում եւ բարձր կպահեմ Հայաստանի անունը»,- անկեղծորեն խոստովանում է նա։

Տիկին Իսկուհու ասելով, փետրվարի 5-ին իրենք եւս ութ աշխատանք կներկայացնեն մրցույթին։ Ցավոք, 10 հոգանոց խմբից միայն երեքն են կարողացել գալ մրցույթին՝ մուտքի վիզա չստանալու պատճառով։ Տեղափոխման ընթացքում կոտրվել են նաեւ նախապես պատրաստված շաքարե աշխատանքների մեծ մասը։

Իսկուհի Համբարձումյան

Իսկուհի Համբարձումյանն իբրեւ «Քաղցր ծաղիկների աշխարհ» ասոցիացիաչի նախագահ 2022 թ Լյուքսեմբերգում Խոհարարների միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահի հետ հուշագիր է ստորագրել եւ այսպիսով անդամակցել է այդ միջազգային կազմակերպությանը՝ դառնալով նրա 71րդ անդամը։

Ադրբեջանը երկու տասնյակից ավելի տարիներ անդամակցում է եւ մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության մրցույթներին, զբաղեցնում մրցանակային տեղեր։

Մինչդեռ Հայաստանի պատվիրակությունը Գերմանիա է ժամանել առանց պետական աջակցության, եւ Իսկուհի Համբարձումյանի ասելով իրենց համար մեծ աջակցություն էր Շտուտգարտի հայ հոգեւորականներ Տեր Տիրատուրի ու Հայր Այգիկի ցույց տված օգնությունը։

Մինչդեռ նրա ասելով, իրենց թիմը միակն է, որը ներկայացնում է հրուշակագործության արվեստը Հայաստանում և նպատակ ունի Հայաստանի հրուշակեղենը ամենաբարձր մակարդակով ներկայացնել միջազգային հարթակներում։

Ասոցիացիայի նախագահը նշում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանում մի կենտրոն լինի, որտեղ կհիմնվի ազգային խոհանոցի ինստիտուտ։ Այդ մասին արդեն քննարկումներ է ունեցել նաեւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։

Գրան պրի շահած Թագավորական ծաղկեփունջը

Մեր զրուցակցի ասելով, հաղթանակների ուղին նա սկսել է դեռեւս 2013 թվականին։ Անցած տարիների ընթացքում նա մասնակցել է խոհարարական հեղինակավոր մրցույթների Բելառուսում, Ռուսաստանում, Եվրոպայում և դարձել բազմակի հաղթող, խոհարարական օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 2020 թվականից Հայաստանում ստեղծած իր թիմով մասնակցում է աշխարհի բոլոր առաջնություններին՝ Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում։ Թիմը ստեղծելը շատ դժվար է, մարդիկ իրենց գումարներով են մասնակցում։

Նա նաեւ Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի (WACS), ինչպես նաև Ռուսաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ է: 2022 թվականին իր գլխավորած թիմի հետ մասնակցել է Expogast l V&B խոհարարական աշխարհի գավաթի մրցանակաբաշխությանը և գրանցել հրաշալի արդյունքներ։

Նա գլխավորում է հայաստանյան միակ թիմը, որը ներկայացնում է հրուշակագործության արվեստը Հայաստանում և նպատակ ունի Հայաստանի հրուշակեղենը ներկայացնել միջազգային հարթակներում ամենաբարձր մակարդակով։

Ի դեպ, մրցույթի հաջորդ օրերին, հայկական թիմի մասնակիցների եւս վեց աշխատանք արժանացավ բրոնզե մեդալի եւ երկու պատվոգրի։

Իսկուհի Համբարձումյանի ասելով, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը ներկայանա պետական մակարդակով եւ նման միջազգային մրցույթներին մասնակցի պետական կարգավիճակով եւ մեկ թիմով։

Հիշեցնենք, որ նաեւ այլ հայ մասնակիցներ եվրոպական տարբեր երկրներից, որոնք նախկինում եղել էին Համբարձումյանի թիմում, առանձին-առանձին մասնակցել էին մրցույթին եւ արժանացել բրոնզե մեդալների եւ պատվոգրերի։

Ջերմորեն շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում