Կուրղինյան և Կալենց միասնական ցուցահանդեսը բեռլինաբնակների համար

  • 05.02.2024
  • 0
  • 194 Views

Բեռլինի «Թուլբոքս» (Toolbox) պատկերասրահում  հունվարի 26-ին բացվեց «Համատեղ  առերեսում»  խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին երկու հայ արվեստագետներ՝ Արչի Կալենցը (Գալենց) և Գագիկ Կուրղինյանը։

Կուրղինյանը հանդես է եկել  իր գեղանկարչական աշխատանքներով, իսկ Կալենցը հիմնականում՝ կոլաժային գործեր է ներկայացրել՝ ստեղծված 2004–ից մինչև 2023–ը թվականը։

Հատուկ այս ցուցահանդեսին ներկայացնելու համար նկարիչները միասին ստեղծել են մի գրաֆիկական աշխատանք, ուր շոշափվում է միասնականության գաղափարը, մեջք մեջքի տված իրար օգնելու, պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Որոշեցինք նկարել մի շրջագիծ, որի ներսում ենք մենք, ինչպես հին հեքիաթներում կային, երբ դու քեզ չար ուժերից անտեսանելի էիր դարձնում՝ առնելով քեզ այդ գծից ներս։ Գագիկին թեև վաղուց եմ ճանաչում, բայց նա վերջերս է Բեռլին տեղափոխվել և իրապես այդ օգնության կարիքն ունի»,– մեզ հետ զրույցում նշեց պարոն Կալենցը։

Գագիկ Կուրղինյանը ծնվել է 1953–ին՝ Երևանում։ Ինը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ուկրաինա։ Մասնագիտությամբ բժիշկ է, իսկ նկարչությամբ զբաղվել է մանկուց՝ իբրև սիրող։ Դպրոցահասակ տարիներին հաճախել է արվեստի դպրոց։ Ժամանակի ընթացքում վարպետացել, անգամ դարձել է Ուկրաինայի նկարիչների միության անդամ (1990 թ․ առ այսօր)։ Ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով 2022–ին տեղափոխվել է Բեռլին։

«Մեր քաղաքը՝ Զապորոժիեն, այժմ գնդակոծությունների տակ է, չգիտեմ՝ ինչ կլինի հետո, կմնանք այստեղ, թե կվերադառնանք։ Բայց գործերիցս որոշներն եմ բերել հետս։ Ինձ համար կարևոր մոտ 400 աշխատանքներ թողել եմ Կիևում՝ տղայիս տանը։ Այստեղ էլ շարունակում եմ ստեղծագործել, սիրով եմ զբաղվում նկարչությամբ»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Կուրղինյանը։

Նա առավելապես ֆիգուրատիվ արվեստի հետևորդ է։ Այս ցուցահանդեսի այցելուներին ներկայացրել է հիմնականում  նատյուրմորտներ և  դիմանկարներ՝ գունեղ և խոսուն մի ներկապնակ։

«Գագիկի հետ առաջին անգամը չէ, որ ցուցահանդես ենք կազմակերպում։ Դեռ «Թաուբե» պատկերասրահից իրար գիտենք։ Նախորդ հանդիպումն էլ օրինակ՝ պատերազմից հետո էր՝ «Մեկնաբանություններ դավաճանության և բռնության մասին» թեմայով։ Իհարկե, այդ երկու բառերը փոխարինում էին պատերազմ բառին։ Իմ գործընկեր Անդրեասն առաջարկեց, որ այս անգամ ես էլ հետը ներկայանամ։ Միասին որոշեցինք՝ ինչ անել, ինչպես անել։ Ամեն բան, իհարկե, տարածքին և իրավիճակին համահունչ ենք կազմակերպել»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Կալենցը։

Ինչպես գեղանկարիչ Կալենցն է վերհիշում, իր՝ այս ցուցահանդեսին բերած աշխատանքները նպատակով ստեղծված գործեր չեն, այլ պահի ազդեցության ապրումներով ծնված պատկերներ։ Դրանք խորհրդանշում են մարդկային կյանքի և իրավիճակների որոշակի դրսևորումներ։  

«Այս դրոշմանիշերը փաթեթ էր, ինձ ուղարկել էին Մոսկվայից։ Մի մասը կտրեցի, այս գործը ծնվեց։ Արտահայտում է այսօրվա Մոսկվայի կերպարը, թե ինչքան ավելորդ, ժամանակատար, անիմաստ աշխատանք է արվում։ Այսպես ավելի շատ բան կարելի է արտահայտել երբեմն, քան ներկով ու վրձնով կամ խոսքով։ Այս գործին մանրազնին նայողը կսեսնի՝ այդ ուժերի անիմաստ վատնելը, արհամարհանքը մարդկանց նկատմամբ, ռեսուրսների նկատմամբ։ Վառված փողը կոչվում է «Ժամավճար»։ Գտած օբյեկտ է, ես հատուկ չեմ վառել։ Յուրաքանչյուրն էլ մի հետաքրքրաշարժ ստեղծման պատմություն ունի»,– պատմում է պարոն Կալենցը։

Կուրղինյան և Կալենց միասնական այս գողտրիկ ցուցահանդեսը բեռլինաբնակ արվեստասերների համար բաց կլինի մինչև փետրվարի 16–ը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում