ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի կայքէջը։
ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:
Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ համագործակցության բազմակողմ օրակարգ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտմանը՝ ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել առկա խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել. «Այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Արժեւորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»:
Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:
Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Խորհրդարանների ղեկավարները կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Հունվարի 31-ին Երևանում անց է կացվել Հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
«Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանռությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում նաև վիճակագրական ցուցանիշները։ Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել տնտեսական գործակցությունը», – նշել է Ռաֆայել Գևորգյանը։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ չեխական ընկերությունների համար սա լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ենթակառուցվածքների, դպրոցների զարգացման և միջազգային գործընկերների հետ դիտարկվող այլ նախագծերի հետ։
Համաժողովի բացմանը հաջորդած B2B ձևաչափով հանդիպումների ընթացքում գործարարները քննարկել են գործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ՏՏ ոլորտում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է տիկին Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև վարչապետ Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգությանն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովին:
Խորհրդարանների ղեկավարները նախ շրջայց են կատարել «Թումո» կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
Այնուհետեւ կողմերն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ հյուրերը ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, շփվել երեխաների հետ եւ դիտել կենտրոնի սաների մասնակցությամբ պարային եւ երաժշտական բեմադրությունները:
ԱԺ նախագահը գրքեր եւ երեխաների համար ճանաչողական խաղեր է նվիրել կենտրոնին եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Օրվա ավարտին երկու պետությունների խորհրդարանների ղեկավարները մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի եւ Չեխիայի ազգային թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացմանը:
Հայաստանի պատմության եւ Չեխայի ազգային թանգարանների միջեւ ստորագրվել է հուշագիր:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և ավելի լավ կճանաչեք: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերներն ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանի Հանրապետության մասին: Վստահ եղեք, որ դուք գտնվում եք ժողովրդավարական երկրում, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները, որտեղ երկրի իշխանությունը և պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի նոր հաջողություններ գրանցվեն ժողովրդավարության ամրապնդման գործում: Վստահ եղեք, որ այս բարդ իրավիճակում, որում մենք գտնվում ենք վերջին չորս տարիների ընթացքում, մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց, հակառակը՝ ավելի խորն ենք համոզվել, որ այդ արժեքներն են Հայաստանին ապահովելու բարեկեցություն և հետագա զարգացում»,- նշել է նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք մեծապես գնահատում և արժևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնց 30-ամյակն անցյալ տարի նշվեց: Դրանք եղել են բարեկամական և փոխշահավետ: Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության շրջանակում ձեր երկրի աջակցության համար, որը լրացուցիչ խթան է հանդիսանում՝ դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք»:
Մարկետա Պեկարովա Ադամովան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար մասնավորապես ասել է. «Մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք երկարամյա ամուր հիմք ունեն, և այստեղ ենք այդ կապերն ավելի ամրապնդելու նպատակով: Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ բարգավաճող, խաղաղ գործընկերներ, որոնք կիսում են միևնույն արժեքները, հիմնված՝ ժողովրդավարության, ազատության, խոսքի ազատության, ազատ մամուլի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա: Այդ ամենը շատ կարևոր է և մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ այդ գործընթացում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև փոխշահավետ գործընկերության զարգացումն ու նոր կապերի հաստատման անհրաժեշտությունը:
Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը նպաստել են ոչ միայն ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև իրենց դրական ազդեցությունն են ունեցել երկրի տնտեսական կյանքի վրա՝ ձևավորելով տնտեսական գործունեության և ներդրումների համար գրավիչ միջավայր:
Զրուցակիցները կարևորել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է վերջնական ու կայուն խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ կայունությունը բխում է տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող գործընկեր երկրների շահերից, քանի որ առավել լայն հնարավորություններ են բացվում տնտեսական զարգացման համար: