Փաշինյանը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում

  • 13.01.2024
  • 0
  • 586 Views

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում:

«Իմ գնահատմամբ՝ վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Ի՞նչու՝ մի քանի պատճառներով։ Պատճառներից առաջինը հետևյալն է, որ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ՀՍՍՀ-ի տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան, ինչքան եղել է ԱՍՍՀ-ի տարածքը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմա-Աթայի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև ունեցած ադմինիստրատիվ սահմաններ դառնում են պետական սահմաններ։ Սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ։ Այսինքն՝ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ իրենք պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին»,-ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվել են և՛ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, և՛ նույն ամսվա ընթացքում Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և՛ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Ի՞նչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետև այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով, ուղիղ հակասում է այս տրամաբանությանը և այս պայմանավորվածությանը»,-ասաց վարչապետը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, որը նա համարեց բացարձակապես անընդունելի:

Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձ է անում միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ իրենք ասում են, որ դա նկրտում է Հայաստանի տարածքի նկատմամբ, ստանում են պատասխան, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է։ «Մեզ ասում են, որ կա Հյուսիս-հարավ, միջանցք, Հարավային միջանցք, Հյուսիսային միջանցք և կոնկրետ օրինակներ են բերում։ Նույն Ադրբեջանն ասում , որ իրենք այդ խոսույթը օգտագործում են նաև Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում՝ Ադրբեջանի արևելյան հատվածներից դեպի Նախիջևան անցման համար, այդ թվում Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ, որը Ռուսաստանից Ադրբեջանով հասնում է Իրան։ Գիտեք, որ կա Ադրբեջան-Նախիջևան կապի խնդիրը, ու զուգահեռներ են տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին։ Հիմա, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք, որ նույն պայմանով պատրաստ ենք տրամադրել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, ինչ պայմանով Իրանն է տրամադրում այդ կապը։ Մենք պատրաստ ենք և՛ երկաթուղային կապ ապահովել, և՛ ճանապարհը տրամադրել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այս համատեքստում փորձեր են արվում հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Վարչապետը նախ նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երկու կողմերը հայտարարության ստորագրումից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն այլևս իրենց համար գոյություն չունի։ «Այսինքն, այն գործողությունները, որ ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ այդ փաստաթուղթը նրանց համար այլևս գոյություն չունի։ Չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության երկու կողմերի համար այդ փաստաթուղթը չլինի, բայց երրորդ կողմի համար շարունակի գոյություն ունենալ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն երեք տարի միջանցքային խոսույթ  զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Վարչապետը շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա միջանցքի մասին, ինչպես նաև որևէ խոսք չկա այն մասին, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքական մակարդակով ըմբռնում ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները և սահմանները պետք  բացվեն սուվերենության, իրավազորության սկզբունքների հիման վրա։ Անդրադառնալով Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, թե իրենց պետք  անխոչընդոտ տեղաշարժ, Փաշինյանն ասաց, որ Հայաստանը դեմ չէ անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության խախտում։ 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում