Ինչպես հաղորդում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանատունը, այսօր ժամեր առաջ 30 դիմակավորված սադրիչներ զինված հարձակում են գործել հայ հոգեւորականների, Ժառանգավորաց վարժարանի սաների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների վրա եւ հասցրել մարմնական լրջագույն վնասվածքներ։ Երուսաղեմի հայերն ու հայ հոգեւորականները պայքարում են իրենց գոյության համար՝ վտանգելով իրենց կյանքը։ Նրանցից շատերը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ Դիվանատան հայտարարության, դա պատասխանն էր Պատրիարքության կողմից «Կովերի պարտեզի» խնդրով ավստրիալական հրեա երկու գործարարի դեմ 24 ժամ առաջ դատական հայց ներկայացնելուն դեմ։
Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանն ու ոստիկանությանը պատասխանատվության ենթարկել Դանի Ռոթմանին եւ Ջորջ Ուորներին՝ նպատակուղղված զինված հարձակումներ կազմակերպելու համար։
Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումն իր հերթին հայտնել է, որ երկու երիտասարդ՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ «Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում:
Շարժումը կոչ է անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ իրենց կապերով՝ տղաներին անմիջապես ազատ արձակելու համար։