«Բարու ուժն ի զորու է հաղթելու չարին։ Դժվար ժամանակներին կհաջորդեն ավելի լավ ժամանակներ». Վարչապետ Ֆիալա

  • 27.12.2023
  • 0
  • 205 Views

Այս մեջբերումով են հանդես եկել այսօրվա չեխական օրաթերթերը՝ անդրադառնալով Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալայի դեկտեմբերի 26-ի Սուրբ Ծննդյան ելույթին, որում կառավարության նախագահը հույս է հայտնել տարեվերջյան նախաշեմին տոնական տրամադրության փոխարեն ողբերգություն ապրած չեխ ժողովրդին՝ նշելով, որ ավարտին են մոտեցել այն ամենադժվար ժամանակները, որոնք իրենց գագաթնակետին հասան Պրահայի անցյալ շաբաթվա դաժան ոճրագործությամբ, և որ այժմ կարելի է արդեն հույսով սպասել նոր տարվան։

«Դեկտեմբերի 21-ին Կարլի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետում հնչած դաժան ու ոչ մի կերպ չարդարացվող մահաբեր կրակոցներից բոլորս ենք խորապես ցնցված։ Սուրբ Ծննդյան տոների այս ողջ ընթացքում մտքերով եղել ենք այդ հարձակումից տուժվածների ընտանիքների, մտերիմների և ընկերների հետ: Աղոթել ենք զոհերի համար, ինչպես նաև բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման համար՝ մաղթելով ուժ և համբերություն ողջ մնացածներին ու սգավորներին։ Այս տոները երբևէ եղած ամենատխուր Սուրբ Ծննդյան տոներն էին շատերի համար։ Չնայած բոլոր ողբերգություններին, մարդիկ հավատում են, որ բարու ուժն ի զորու է հաղթելու չարին, և որ դժվար ժամանակներից հետո կգան ավելի լավ ժամանակներ»,- նշել է Ֆիալան իր ելույթում։

Պետության առաջնորդի հավաստմամբ, աշխատավարձերը կրկին կբարձրանան, վերջ կդրվեն թանկացումներին, գնաճը կնվազի, իսկ երկրի պարտքը կկրճատվի. «Կառավարությունը հետևողական է իրավիճակին։ Հաջորդ տարվա ընթացքում գնաճն ի վերջո կհասնի այն արժեքներին, որոնց սովոր էինք մոտ երեք տարի առաջ։ Այլ կերպ ասած՝ հաջորդ տարի մշտական ​​գնաճը կդադարի, և ձեր իրական աշխատավարձը նորից կսկսի բարձրանալ, ինչը դրական ազդեցություն կունենա ձեր ընտանեկան բյուջեի և խնայողությունների վրա»,- շեշտել է վարչապետը, որի նախնական խոստումներին ամսվա վերջում կհաջորդի նաև հանրապետության նախագահ Պետր Պավելի ամանորյա շնորհավորական ուղերձը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում