Հայ-լեհական «Մունետիկ» ամսագրի նոր համարը՝ նվիրված արցախահայության բռնի արտագաղթին եւ հայկական ժառանգությանը

  • 16.12.2023
  • 0
  • 295 Views

Լեհաստանում լույս է տեսել «Մունիետիկ» հայ-լեհական հասարակական, հոգեւոր ու կրթամշակութային հանդեսի չորրորդ համարը։ Ստորեւ ներկայացնում ենք նոր համարի մասին խմբագրակազմի հրապարակած տեղեկատվությունը։

««Մունետիկ» պարբերականի չորրորդ համարն ամփոփում է 2023 թվականի երրորդ եռամսյակը՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները։ Սա մեր պարբերականի տարեվերջյան համարի հրատարակումն է եւ ցավ ի սիրտ այն նվիրված է Արցախի բնակչության բռնի արտագաղթին եւ թշնամու վերահսկողության տակ անցած հայկական անգնահատելի եւ հսկայածավալ ժառանգությանը, որի ճակատագիրն այսօր անհայտ է։ Երախտապարտ սրտով ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել անցնող տարվա ընթացքում մեր պարբերականի ընթերցողներին, որոնց բազմաթիվ դրական արձագանքները որքանով անսպասելի էին, այնքանով էլ պարտավորեցնող են, որպեսզի գալիք տարում փորձենք առավել ջանասիրությամբ եւ պատասխանատվությամբ շարունակենք «Մունետիկ»-ի հրատարակումները։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներին, պետական մակարդակով իրականցվող հակահայ գործողություններին, ցեղասպանական դրսևորումներին հաջորդեց մշակութային վանդալիզմը, որը շարունակվում է առայսօր։

Վաղ միջնադարյան պատմամշակութային կոթողներից, վանքերից սկսած մինչեւ մերօրյա հուշարձանները եւս հայտնվեցին թշնամու թիրախում եւ վերջիններս ամենօրյա մշակութային ու կրոնական ցեղասպանության են ենթարկում Արցախի հայկական ժառանգությունը՝ ոչնչացման կամ պատմական անհերքելի փաստերի խեղաթյուրման միջոցով։

Այս համարն ամբողջությամբ նվիրված է Արցախի Հանրապետության պատմամշակութային, կրոնական ժառանգությանը, հուշարձաններին, կոթողներին, որոնց ճակատագրերն այսօր անհայտ են եւ ոչնչացման մեծ վտանգի առջեւ են։ Ներառված են նաեւ երկու արժեքավոր հոդվածներ, որոնցից առաջինը Յագելլոնյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոկտոր Ռենատա Կռուլ-Մազուրի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչության ողբերգությունը» վերտառությամբ հոդվածն է, որում ներկայացվում է Ղարաբաղյան շարժումից մինչ մեր օրերը տեղ գտած բոլոր պատմական, քաղաքական զարգացումները եւ միջազգային հանրության քայլերը՝ ուղղված հակամարտության լուծմանը։ Երկրորդ հոդվածը վերնագրված է «Վտանգված ժառանգություն», որում հեղինակը՝ լրագրող Նարա Մարտիրոսյանը ներկայացնում է Համլետ Պետրոսյանի հետ իր հարցազրույցը եւ տրամադրում Արցախի վտանգված ժառանգության մասին կարևոր տեղեկություններ։

Այս հրատարակությամբ ցանկանում ենք «Մունետիկ» պարբերականի ընթերցողներին ծանոթացնել Արցախի հսկայական մշակութային եւ կրոնական ժառանգությանը՝ եւս մեկ անգամ բարձրաձայնելով դրանց ոչնչացման վտանգի մասին։

«Մունետիկ»ի խմբագրություն

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում