Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է պաշտպանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը. Գարեգին վարդապետ

  • 16.12.2023
  • 0
  • 102 Views

Հարցազրույց հոգշ․ Տ․ Գարեգին վրդ. Համբարձումյանի հետ

Ռումինիայի Կառավարության և Ռումինիայի Հայոց թեմի համագործակցությամբ նոյեմբերի 14-ին կայացած համագումարի շրջանակներում, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի հրավերով, Ռումինիա էր ժամանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։  

            Այս առիթով մեզ հնարավորություն ընձեռվեց հարցազրույց ունենալ Հայր Սուրբի հետ, որը ստորև․

– Աստված օգնական, Հայր Սուրբ։ Բարի գալուստ Ռումինիա։ Առաջին անգամ է, որ Ռումինիայում եք, ի՞նչ տպավորություններ ունեք։

– Աստված պահապան, շատ  ուրախ եմ գտնվել Ռումինիայի Հայոց թեմում: Ոզում եմ շնորհակալություն հայտնել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության  մեր միասնական առաքելության մեջ ցուցաբերած բացառիկ աջակցության համար: Մեծ առավելություն է Սրբազան Հոր հետ աշխատելը:

Համագումարին մասնակցելուց հետո, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Խոսելով Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և Ադրբեջանի կողմից այն վերացնելու քաղաքականության մասին, ակնկալում եմ, որ համագումարն իր նպաստը կունենա միջազգային հանրության կողմից Արցախի հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկման և դրանց անհապաղ իրականացման գործում:

Հատկապես պետք է հասնել նրան, որ միջազգային հանրության ճնշման տակ կյանքի կոչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տարածաշրջանում, հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ  տարածաշրջանի հայկական մշակույթի համար:

Հայր Սուրբ։, դուք բացի Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն լինելուց նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրենն եք։ Ե՞րբ բացվեց գրասենյակը և ո՞րն էր նրա նախնական նպատակը։ 

–  2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  հիմնվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը:

Գրասենյակի նպատակն է միջազգային հանրությանը, հասարակական տարբեր կազմակերպությունների համապարփակ տեղեկատվություն փոխանցել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ և հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերությունների ուշադրությունը հրավիրել ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագությունների մասին:

Ի՞նչ քայլեր են արվում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը պահպանելու համար։

– Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ գրասենյակն իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեություն:

Գրասենյակը հոգևոր մշակութային հուշարձանների վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ, պատրաստում վերջիններիս մասին օտարալեզու հրատարակություններ և նպաստում տեղեկատվական սույն նյութի լայն տարածմանը տարբեր երկրների գիտական և կրթական հաստատություններում, մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցներում: Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ Ավստրիայում, Ռուսաստանում, Արցախում և ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Պատրաստվել և ուղարկվել են թեմային վերաբերող զեկույցներ և տեղեկատվական փաթեթներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, ԵԽԽՎ-ին և բազմաթիվ այլ կառույցների:

– Հայր Սուրբ, դուք հանդես եք եկել մի քանի միջազգային համաժողովներում` ներկայացնելով Արցախի պատմամշակույթը։ Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը և ի՞նչ դիրքորոշում ունի այն։

 – Միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելը և դրանք իրականացնելն Արցախի հայկական հոգևոր և մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու միակ մեխանիզմն է: Ցավոք,  միջազգային համապատասխան կազմակերպություններն առ այսօր հանդես են եկել միայն կոչերով և դատապարտող բանաձևեր ընդունելով, որոնք Ադրբեջանը որևէ կերպ չի կատարել:

– Բացի միաջազգային հանրությունից և միջազգային կազմակերպություններից` եկեղեցական կառույցները, քույր եկեղեցիները կատարու՞մ են որևէ աշխատանքներ միջնորդելու կամ բողոքի ճնշումը մեծացնելու համար։

            – Եկեղեցական կառույցները, քույր եկեղեցիներն ու էկումենիկ գործիչները մշտապես հանդես են եկել Արցախի հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ իրենց մտահոգություններով և դրանց նկատմամբ իրականացրած վայրագությունները դատապարտող հայտարարություններով:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համագումարի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր համագումարի պաշտոնական հայտարարություններում ԵՀԽ-ն և ԵԵկ-ն կոչ են հղել Ադրբեջանին՝ պահպանելու գրավյալ տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած համընդհանուր ունկնդրության ավարտին հատուկ կոչ է ուղղել ի նպաստ Արցախում վանքերի և սրբավայրերի պաշտպանության:

– Արցախի ճանաչված չլինելու պատճառով, նրա պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները գրանցված չէին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկի մեջ։ Այժմ, երբ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, հնարավո՞ր է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ հուշարձանները, եկեղեցիները ճանաչի և ճանաչի հայկական ժառանգություն։ Քանի որ արդեն սկսվել են շրջանառվել տարբեր խեղաթյուրված կարծիքներ մեր հայկական եկեղեցիների և վանքերի մասին։

            – Ինչպես արդեն նշեցի պետք է անհապաղ կյանքի կոչվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տարածաշրջանում՝ նկատի ունենալով այն, որ Բաքուն հայտարարել էր, որ իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են և դրանք հեռացնելու համար աշխատանքային խումբ են ստեղծել:

Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերի խեղաթյուրման և հայկական մշակութային արժեքները որպես Աղվանական ծագման ներկայացնելու իր քաղաքականությունը:

Հարցազրույցը վարեց Ինեսա Թումասյանցը

Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում