Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախից տեղահանվածներին 

  • 07.12.2023
  • 0
  • 110 Views

Բարեգործական ուլտրամարաթոն Արգենտինայից Ուրուգվայ 14 մարաթոն 14 օրում անընդմեջ 

Բուենոս Այրես, Արգենտինա  – 2023 թվականի դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկեց 600 կմ երկարությամբ 14-օրյա ուշագրավ ուլտրամարաթոն՝ ամեն օր վազելով մեկ մարաթոն, միջինը 42.2 կմ՝ միացնելով Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միջոցներ ներգրավել, որոնք կուղղվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական կարիքներին, ինչպես նաև Շիրակի մարզի խոցելի գյուղական համայնքների բնակիչներին: 

Ուլտրամարաթոնը, որը կրում է «Շարժվելով առաջ՝ բարելավելու համայնքային առողջությունը Հայաստանում» խորագիրը, իրականացվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Արգենտինայի Հանրապետության հայկական կենտրոնի, Արգենտինայի հայկական հաստատությունների (IARA) և Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲՄԲ) աջակցությամբ։ Բժիշկ Պաբլո Էլմասյանի համար Բուենոս Այրեսը և Մոնտեվիդեոյն կապող այս ուլտրամարաթոնը խորհրդանշական է։ Ուրուգվայում ծնված և Արգենտինայում բնակվող Էլմասյանի 14-օրյա անընդմեջ վազքը արտացոլում է նրա խորը գնահատանքը այս երկու երկրներին՝ Հայաստանին անսասան նվիրվածության համար:  

«Տարիներ առաջ ես որոշեցի համատեղել վազելու իմ կիրքը բարեգործական նպատակների հետ: Այս անգամ կվազեմ՝ ի աջակցություն ՖԱՅԴԵՔ Արմենիայի ներկայումս իրականացվող առողջապահական ծրագրերի, նաև ի օգնություն արցախից տեղահանվածների»,- ասում է բժիշկ-վարակաբանը։ 

Արգենտինահայ անվանի բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանի հիմնադրած 

ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամն այս տարի նշում է իր 15-ամյակը, և այդ կապակցությամբ մեկնարկած բարեգործական ուլտրամարաթոնի միջոցով հավաքված հանգանակությունները կշարունակի ուղղել Շիրակի մարզի խոցելի գյուղական համայնքներին՝ տրամադրելով անվճար համապարփակ բժշկական գնահատում, ուղղորդում մասնագիտացված բուժհաստատություններ և ապահովելով դեղորայք՝ պետական որևէ աջակցության ծրագրերում չներառված 40-75 տարեկան շահառուներին։  

Արցախում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ավելի են մեծացրել սփյուռքի աջակցության և համերաշխության անհրաժեշտությունը։ Հայկական համայնքի և այլ աջակիցների առատաձեռն հանգանակությունների շնորհիվ ՖԱՅԴԵՔ Արմենիան հաջողությամբ կառուցել է կամուրջ՝ շարունակաբար բարելավելու առողջապահական հասանելիությունը և կյանքի որակը Հայաստանի գյուղական համայնքներում:  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում