Ժնեւում կներկայացվի «Գուրջիեւ» համույթի նոր ձայնասկավառակը՝ «Զարթիր»ը. «Մուզիկա» ասոցիացիայի մշակութային առաքելությունը

  • 06.12.2023
  • 0
  • 293 Views

Շվեյցարական «Մուզիկա» ասոցիացիայի պրոդյուսեր եւ գեղարվեստական համաղեկավար, միջազգային փառատոների համակարգող Անի Գասպարյանը պատասխանում է ՕՐԵՐ-ի հարցերին։

Մուզիկա» ասոցիացիան Ժնեւում  կազմակարպում է դեռեւս 2008-ին Լևոն Էսկենյանի հիմնած «Գուրջիեւ» համույթի համերգը։ Արդյո՞ք դա կապված է համույթի նոր՝ «Զարթիր» ձայնասկավառակի ներկայացման հետ։

-Այո, հունվարի 27-ին Ժնևի «Ալամբրա» դահլիճում համույթը հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով «Զարթիր» ալբոմը: Այդ ալբոմին են նվիրված  լինելու «Գուրջիև» համույթի  2024 թ. հունվարի վերջին նախատեսված  միջազգային հյուրախաղերը: «Զարթիր» սկավառակը լույս է տեսել հեղինակավոր ECM disc label – ի կողմից: Այն ներառում է Սայաթ-Նովայի, Բաղդասար Դպիրի, Ջիվանիի եւ ,իհարկե, Գուրջիեւի տասը ստեղծագործութունները: Սկավառակում ընդգրկված ստեղծագործություններն արդեն հասանելի են «Սփոթիֆայ» և այլ երաժշտական հարթակներում։ «Զարթիր» խորագիրը ըստ իս շատ խորհրդանշական է համաշխարհային արդի իրավիճակի պայմաններում: Այն ամենաբարձր մակարդակով է ներկայացնում հայ միջնադարյան երաժշտության փիլիսոփայութունը, որի հոգևոր մեծ արժեքի գնահատմանն ու ճանաչմանը պիտի ներկա լինենք այդ համերգին:

Որքան գիտեմ,  կազմակերպելու եք նաեւ  Փարաջնովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք։ Կմանրամասնե՞ք։

-Փարաջանովի 100 ամյակին նվիրված հետահայաց ցուցադրությունների կազմակերպումը ընթացքի մեջ է Ժնևի Գրյուտլի հեղինակավոր կինոկենտրոնի հետ: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մոտ ապագայում: Միայն կարող եմ ասել, որ բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին` «Նռան գույնը» ֆիլմով։

Մուզիկա ասոցիացիան հայտնի է նաեւ իր այլ ծրագրերով, մասնավորապես միջազգային հայտնի երաժիշտների ելույթներով։ Կնշե՞ք մի քանի անուններ։

– Այո, Մուզիկա ասոցիացիան, որի հիմնադիրն ու տնօրենն է պրոդյուսեր Պյեր-Անդրե Կրանցը, և ում հետ ես արդեն համագործակցում եմ ավելի քան 4 տարի, ունի բազմարվեստ և բազմաոճ գործունեություն: Աշխատում ենք ջութակահարներ Նայջլ Քենեդիի, Մաքսիմ Վենգերովի, թավջութակահարներ Գոթիե Կապյուսոնի եւ Սթիվեն Իսսերլի հետ, հանրաճանաչ դաշնակահարներ Արկադի Ոլոդոսի եւ Իվո Պոգորելիչի հետ:, ինչպես նաև ժամանակակից պարի EBB (Elephant in the Black Box) ընկերության հետ: Իմ առաջարկով մշտապես համագործակցում ենք հայ տաղանդաշատ երաժիշտների հետ՝  Լևոն Մինասյան – դուդուկ, Աստղիկ եւ Շուշան Սիրանոսյաններ, Նարեկ Կազազյան եւ Լեւոն Չաթիկյան: Ահա նաեւ  Գուրջիևի համույթը արժանացավ մեր ուշադրությանը: Մյուս տարի ևս նոր ծրագրեր ենք պատրաստում հայ մեծանուն երաժիշտների հետ:

Նաեւ մեծ տեղ ենք տալիս երիտասարդ տաղանդներին։ Հայտնի երաժիշտների համերգներից առաջ բեմը կես ժամով տրամադրում ենք նրանց, եւ մեր հանդիսատեսը հնարավորություն է ունենում լսելու նաեւ երիտասարդ տաղանդներին։

-Անցնող տարում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել ։

– Տարին սկսեցինք հանրաճանաչ բրիտանացի դերասանուհի Շառլոտ Ռամփլինգի Շեքսպիրյան ներկայացմամբ։ Թավջութակահարուհի Սոնիա Վիեդեր-Ատերտոնի հետ համատեղ Շեքսպիր-Բախ երաժշտական անտրպրիզային ներկայացումը ստեղծվել է Փարիզյան Théâtre des Bouffes du Nord թատրոնում: Նախագիծը ունեցավ մեծ հաջողություն և մեդիա արձագանք: Այնուհետ Չայկովսկու միջազգային մրցույթի 2019 հաղթող ֆրանսիացի դաշնակահար Ալեքսանդր Կանտորովի դաշնամուրային մենահամերգը հիացրեց և մագնիսացրեց ժնևյան պահանջկոտ լսարանին իր հրաշալի Բրամսով և Շուբերտով: Լեգենդար ջազ դաշնակահար Չուչո Վալդեսն իր խմբով նոր շունչ հաղորդեց կուբայական ջազարվեստին՝ պարային հարթակի վերածելով Ժնևյան հեղինակավոր «Վիկտորիա հոլ» համերգասրահը: Այնուհետև Շվեյցարացի ֆլեյտահար Էմմանուել Պայուն ներկայացրեց իր բազմազան ծրագիրը:

Ալեքսանդր Կանտորով

Մեր ծրագրի շրջանակներում Ժնևյան հանդիսատեսին ներկայացրինք նաև կամերային երաժշտության մի բացառիկ համագործակցություն. իսրայեցի ջութակահար Մաքսիմ Վենգերովը, բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը և մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեցկին հանդես եյան բացառապես ռուսական ծրագրով՝ Ս. Ռախմանինով, Ս. Պրոկոֆև, Դ. Շոստակովիչ։ Այն երաժշտական քննադատների կողմից որակվեց որպես Ժնևյան դասական երաժշտության աննախադեպ իրադարձություն: Իսկ ֆրանսիացի թավջութակահար Գոթիե Կապյուսոնը ներկայացավ իր 6 երիտասարդ թավջութակահարների համույթով – ծրագիրը անշուշտ հոգեհարազատ էր հանդիսատեսին՝  Ռավելի «Բոլերոն», Բիզե «Կարմեն», Պիաֆ, և այն….։

ՕՐԵՐ

Orer.eu

Անի Գասպարյանը եւ Նեյջլ Քենեդին

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով ՝

Billetterie – Musika – Gurdjieff Ensemble – Samedi 27 janvier 2024 – 20:00 (infomaniak.events)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում