Հայաստանում ստեղծվել է ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակ

  • 07.12.2023
  • 0
  • 403 Views

Հայաստանում ստեղծվել է հարթակ, որը միտված է մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը։ ArtInsight անունը կրող հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։

Դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00 Two Arcs Art Space պատկերասրահում (Սայաթ-Նովա 5) կկայանա ArtInsight-ի շնորհանդեսը։ ArtInsight-ը հարթակ է, որը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր միջավայր ձևավորելու արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար: Այս կայքը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների գործերին և արդի արվեստի միտումներին։ Հարթակում առաձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Հարթակը հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել արվեստի որակավորում անցած գործերը, այլ նաև ArtInsight-ը առաջարկում է համագործակցության տարբեր մոդելներ։ 

Որպեսզի հարթակում տեղ գտնի այս կամ այն արվեստագետի աշխատանքը, այն պետք է դիտարկվի ArtInsight-ի խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ մշակութային դաշտում իրենց տեղը ունեցող՝ գիտակ և մտահոգ մասնագետներ։

«ArtInsight-ը ևս մեկ արվեստագետներ ներկայացնող հարթակ չէ, այն մշակութային կամուրջ է, որն արվեստի ներըմբռնողական կապով միավորում է արվեստագետին և արվեստի սիրահարներին: Մենք հավատում ենք, որ արվեստը ի զորու է աշխարհն ավելի լավը դարձնել՝ միավորելով մարդկանց։ Այս հարթակի ստեղծումը՝ մեր ներդրումն է Հայաստանում ստեղծագործող արվեստագետների առաջխաղացման գործում»,-նշում է հարթակի համահիմնադիր Ավետիք Վարդանյանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում