Նոյեմբերի 27ին Բռնո քաղաքում անցկացված Չեխիայի Save Boxing մրցաշարում 72,5 քաշային կարգում 28 -ամյա չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Չեխիայի չեմպիոնի կոչումը՝ արժանանալով չեմպիոնական գոտուն։
Ի դեպ, այդ նույն գոտին միեւնույն քաշային կարգում մեկ տարի առաջ նվաճել էր նրա ավագ եղբայրը՝ 29-ամյա Վիկտոր Աղաթելյանը։
Ըստ կանոնակարգի, մեկ տարի անց գոտու համար նոր մրցույթ է անցկացվում եւ այս անգամ էլ այն շահեց Էրիկը՝ 3։0 հաշվո հաղթանակ տանելով Միրոսլավ Շերբանի նկատմամբ։ Ինչպես նշել է «Դենիկ» օրաթերթի մեկնաբանը, հավասար մեկնարկից հետո Աղաթելյանն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը և վերջապես ակնհայտորեն հաղթեց մրցակցին։ ՕՐԵՐի հետ զրույցում Էրիկը ուրախությամբ նշեց, որ այսպիսով գոտին կմնա իրենց տանը։
Ի դեպ, 2021 թվականին 63.5 քաշային կարգում Էրիկն արդեն դարձել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն։
Այս տարին կարեւոր էր Էրիկի համար նաեւ այն առումով, որ ընտանիք է կազմել եւ ամուսնացել հայուհու հետ։
Հիշեցնենք, որ Էրիկ եւ Վիկտոր Աղաթելյանները տարբեր քաշային կարգերում մոտ 8 անգամ դարձել են սիրողական բռնցքամարտի Չեխիայի չեմպիոններ։
Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակեր սպորտում, երջանկություն եւ բարօրություն՝ անձնական կյանքում։
ՕՐԵՐ