Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի 2024 թվականի հունվարի 9-ին

  • 24.11.2023
  • 0
  • 400 Views

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը քննարկել է գալիք տարի ծրագրվող միջոցառումները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, այդ հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր:  Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:  

Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես՝ միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն,  ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես  և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024թ-ի հունվարի 9-ին:

Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին,  ձևաչափերին  առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական  աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի  հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ  աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում