Երուսաղեմի հայկական թաղամասում գոյաբանական պայքարը շարունակվում է. Չեխական մամուլի անդրադարձը

  • 24.11.2023
  • 0
  • 377 Views

Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ շաբաթներ շարունակող լարվածությանն անդրադարձել է չեխական idnes.cz կայքէջը Յան Հրոնի  «Նրանք ուզում են գրավել մեր թաղամասը։ Նույնիսկ Երուսաղեմի հայերը վախենում են հրեա վերաբնակիչներից» հոդվածով։

Հեղինակը նշում է, որ Արեւելյան Երուսաղեմի քրիստոնյա հայ համայնքն այժմ վախենում է զինված հրեա վերաբնակիչներից: Վերջիններիս ասելով, հայերը փորձել են բռնի ուժով տիրանալ իսրայելական կառուցապատողի պահանջած տարածքին։ Հայերը  պայմանագիրը անվավեր են ճանաչել։ Հայ համայնքին  պաշտպանել են նաև այլ եկեղեցիներ, քանի որ ըստ նրանց վերաբնակիչների գործողությունները սպառնում են քրիստոնյաների ներկայությանը Սուրբ երկրում։

Ինչպես գիտեք, Երուսաղեմի Հին քաղաքը բաղկացած է չորս թաղամասերից՝ հայկական, քրիստոնյա, հրեական և մահմեդական։ Հայկականը ամենափոքրն է, և նրա քրիստոնեական համայնքն այժմ վախենում է, որ հրեա վերաբնակիչները մտադիր են քշել իրենց՝ դարեր շարունակ բնակեցված վայրերից:

Անցյալ շաբաթ իսրայելական բուլդոզերները տեղափոխվեցին թաղամաս և սկսեցին քանդել տեղի ավտոկայանատեղին: Երբ հայերը մարդկային շղթա կազմեցին՝ մեքենաներին վտարելու համար, զինված հրեա վերաբնակիչները փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն անհաջող։

«Նրանք եկան և սկսեցին էքսկավատորով քանդել մայթը»,- The Times-ին ասել է երիտասարդ ակտիվիստ Հակոբ Ջըրնազյանը: «Դա միայն հողի մի կտոր չէ, որը մենք պաշտպանում ենք: Երուսաղեմի հայերի և բոլոր քրիստոնյաների ապագան վտանգված է»: Հայկական թաղամասի պաշտպանության և պահպանության շարժումից ասացին, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները, որոնք ոչ թե ներխուժողներին են սաստել, այլ տեղացիներին։ Ավելին, նրանք ձերբակալել են երեք հայի։ «Իսրայելական ոստիկանությունը սահմանախախտներին հեռացնելու փոխարեն, թույլ է տվել մի քանի վերաբնակիչների շարունակել իրենց ներկայությունը՝ հայկական գույքը զավթելու նպատակով»,- ասվում է շարժման պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայերն այժմ գիշեր-ցերեկ հսկում են փշալարերով շրջապատված ավտոկայանատեղին:

«Հայերն այստեղ են եղել մ.թ. չորրորդ դարից, սակայն այժմ մենք կանգնած ենք արմատախիլ լինելու առջև»,- ասել է Ջըրնազյանը Reuters-ին։

«Մենք պետք է պայքարենք մեր գոյության համար»,-ասել է նա։

 «Վիճելի պայմանագիր» խորագրի ներքո հեղինակն անդրադառնում է տարածքի շուրջ կնքված պայմանագրին։ Նրա կարծիքով,  լարվածության պատճառ է դարձել պայմանագրի հրապարակումը, ըստ որի՝ Երուսաղեմի հայկական եկեղեցու առաջնորդը 2021 թվականին համաձայնել է այդ շրջանի տարածքի 25 տոկոսը վարձակալության տալ  իսրայելական Xana Capital Group զարգացման ընկերությանը, որը մտադիր է շքեղ հյուրանոց կառուցել այնտեղ։ Ըստ հայերի, պայմանագիրը ներառում է ոչ միայն կայանատեղին, Երուսաղեմի Հին քաղաքի ամենամեծ բաց տարածքը, այլև իրենց համայնքապետարանը, պատրիարքի այգին, քահանայական ճեմարանը և հինգ ընտանիքի տներ։ Հայ համայնքի անդամները պայմանագրի բովանդակությունը բացահայտելուց հետո միայն սկսել են ընդվզել։ Նրանք ասում են, որ պայմանագրի մասին առաջին անգամ  լսել են միայն այս տարի, երբ կառուցապատողները փորձել են ձեռք բերել հողատարածքը։ Հայոց պատրիարքարանը հրաժարվել է պայմանագրից՝ ասելով, որ մոլորության մեջ է ընկել: Մայիսին եկեղեցու սինոդը պաշտոնանկ է արել  պայմանագրի համար բանակցած հոգեւորականին, և խնդրո առարկա քահանան հեռացել է Երուսաղեմից:

«Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը բախվում է իր տասնվեցդարյա պատմության, թերեւս, ամենամեծ գոյաբանական ճգնաժամին։ Գոյաբանական տարածքային սպառնալիքն ամբողջությամբ վերաբերում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին»,- գրել է պատրիարքարանը՝ հավելելով, որ կառուցապատողը չի ներկայացրել քաղաքապետարանի թույլտվությունը հայկական թաղամասի ասֆալտը քանդելիս։ Նույնը նաեւ ոստիկանները։

 Ի դեպ, Քրիստոնեական մյուս եկեղեցիները նույնպես  արտակարգ համատեղ հայտարարությամբ պաշտպանել են հայերին։

«Ենթադրյալ կառուցապատողների կողմից օգտագործված սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունը տարածքում և թուլացնել ու սպառնալ քրիստոնեական ներկայությանը Սուրբ Երկրում»,- գրել են քրիստոնյա պաշտոնյաները, այդ թվում՝ հույն ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները։

Իսրայելցի փաստաբան և ակտիվիստ Դանիել Սայդեմանի խոսքով՝ զարգացման նախագծի նպատակն է ընդլայնել հրեական թաղամասը մինչև Հին քաղաքի կեսը։ «Մենք տեղյակ ենք Հին քաղաքի արտաքին հատվածը բնակավայրերի նախագծերով շրջապատելու ծրագրի մասին։ Մենք կասկածում ենք, որ հայկական թաղամասի այս պայմանագիրը կլինի այս ծրագրի շարունակությունը քաղաքի պարիսպների ներսում։ Սակայն դրա շուրջ այնքան շատ են խախտումները, որ մեծ հավանականություն կա, որ դատարանները մերժեն այն»:

Այնուհետեւ հոդվածագիրը գրում է՝

«Իսրայելը Երուսաղեմը համարում է իր հավերժական և անբաժանելի մայրաքաղաքը։ Արևելյան Երուսաղեմը, որում գտնվում է նաև Հին քաղաքը, ձեռք է բերվել վեցօրյա պատերազմում արաբական պետությունների պարտությունից հետո։ Սակայն աշխարհի մեծ մասը չի ճանաչել անեքսիան և այն համարում է բռնազավթած տարածք։ Պաղեստինցիները պնդում են, որ Արևելյան Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն է»։

« Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայիս կառավարությունում կան նախարարներ, որոնք վճռականորեն աջակցում են հրեական բնակավայրերի ընդլայնմանը։ Ըստ քննադատների, այդ թվում՝ իսրայելական հասարակության շրջանում, դա միայն լարվածություն է ստեղծում»,- այսպես է վերջացնում իր հոդվածը idnes.cz-ի խմբագիրը։

Հոդվածը ուղեկցվում է նաեւ  վերոհիշյալ տարածքի, հայ համայնքի ցուցարարների եւ հայկական թաղամասի լուսանկարներով։

Հակոբ Ասատրյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում