Կյանքից հեռացել է Չեխիայի նախկին արտգործնախարար, իշխան Կարել Շվարցենբերգը՝ Հայաստանին սատարող ազդեցիկ քաղաքական գործիչը

  • 12.11.2023
  • 0
  • 2368 Views

Նոյեմբերի 11-ից լույս 12-ի գիշերը  Վիեննայի հիվանդանոցում 86 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Չեխիայի նախկին փոխվարչապետ եւ արտգործնախարար, իշխան Կարել Շվարցենբերգը, նախորդ երկու տասնամյակի Չեխիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Երկար տարիներ նա տառապում էր մի քանի հիվանդությամբ՝ սրտի, թոքերի, շաքարախտի: Իր մահից առաջ Բլեսկ թերթին հայտարարել էր, որ « քիչ ժամանակ կպահանջվի աշխարհից հեռանալու համար»։  Չնայած վերջին տարիներին հիմնականում բուժվում էր, սակայն շարունակում էր հանդես գալ քաղաքական մեկնաբանություններով։ Ի դեպ, նրա վերջին հոդվածը նվիրված էր Արցախի պարպումին։ Դեռեւս հոկտեմբերի 28_ին Կարել Շվարցենբերգը հիվանդության պատճառով չկարողացավ ժամանել Պրահայի ամրոց, ուր նրան նախագահ Պետր Պավելը պարգեւատրելու էր Չեխիայի բարձրագույն պարգեւով՝ Սպիտակ առյուծի Առաջին աստիճանի շքանշանով։ Նրա փոխարեն շքանշանը ստացավ որդին։

Իշխան Շվարցենբերգը Վացլավ Հավելի նախագահ ընտրվելուց հետո ղեկավարել է վերջինիս նախագահական գրասենյակը, ապա երկու անգամ եղել է Չեխիայի արտաքին գործերի նախարար՝ 2007-2009 եւ 2010-1013թթ., եղել է  Չեխիայի խորհրդարանի երկու պալատների անդամ, ղեկավարել է Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն։ Նա հիմնադիրն է TOP-09 կուսակցության, որի կին առաջնորդն այսօր ղեկավարում է Պատգամավորների պալատը։ Նա նաեւ եղել է Չեխիայի նախագահական ընտրությունների թեկնածու։

Նրա ղեկավարությամբ  2015 թվականի ապրիլի 17-ին Պատգամավորների պալատի  արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին։ Բանաձեւին կողմ էին քվեարկել նիստին ներկա բոլոր 8  անդամները։ Դա Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատմության մեջ առաջին անդրադարձն էր  Հայոց ցեղասպանության թեմային եւ  կոմիտեի բանաձեւը ստորագրել էր  Կարել Շվարցենբերգը։ Այս որոշումից հետո միայն Պատգամավորների պալատը երկու տարի անց ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Թոշակի անցնելուց հետո էլ նա մամուլում հաճախ էր հանդես գալիս քաղաքական վերլուծություններով։ 2021  թվականի ապրիլին ցեղասպանության տարելիցին Լիդովե Նովինի օրաթերթը հրապարակեց նախկին արտգործնախարար, ԹՈՓ 09 ընդդիմադիր կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգի մեկնաբանությունը՝ ,, Հայերին համերաշխություն հայտնենք,, վերնագրով։  Նախկին արտգործնախարարը գրում էր, որ Հայոց ցեղասպանության մասին երեւի չհիշեր, եթե վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը չհայտարարեր, որ եթե Հայաստանը  Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք չտրամադրի, ապա իրենք  կվերցնեն։  Այդ ամենն իրեն հիշեցրել է 1939 թվականը, երբ Հիտլերը լեհերից միջանք էր ուզում, որպեսզի հարավային Պրուսիան միացնի Գերմանիային։ ,,Հետեւաբար  Եվրոպայի առաջին  ցեղասպանության տարիլիցի կապակցությամբ պետք է փաստենք, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Գազի ու նավթի գումարներով մինչեւ ատամները զինված ադրբեջանցիները կարող են հայերին կրկին պարտության մատնել եւ վերցնել ամեն ինչ։ Կրկին թույլ տալ հայերի ոչնչացում, դա շատ տխուր կլիներ։ Ցավոք, հայերի հետ եվրոպական համերաշխությունը շատ թույլ է,,-գրում է նախկին արտգործնախարարը։ 

 Այնուհետեւ Կարել Շվարցենբերգը համառոտ ներկայացնում է , թե ինչպես են Օսմանյան կայսրությունում ոչնչացրել հայերին, մեջբերելով նաեւ Վերֆելի ,, Մուսա քեռան 40 օրը ,, գիրքը։ Իհարկե, գրում է, թե պատերազմի ժամանակ հայերն էլ են թուրքերի սպանել, բայց այն ինչ տեղի ունեցավհետո՝  սկիզբ դրեց եվրոպական ցեղասպանությունների շարքին։ 

Ըստ նրա, այդ պատճառով է նաեւ, որ ,,պետք է արժանավորապես հիշենք եւ հայերի թիկունքին կանգնենք, որպեսզի նույնը չկրկնվի։ Դա կլինի Վացլավ Հավելի քաղաքականության արժանի շարունակություն,,։ Այսպես էր իր մեկնաբանությունը ավարտել Կարել Շվարցենբերգը։ 

Կարել Շվարցենբերգի վերջին հայամետ հոդվածը՝ 2023-ի սեպտեմբերի 26-ին  Պրավո թերթում լույս տեսավ արցախահայության բռնի տեղահանումից հետո։ Դա նրա վերջին հոդվածն էր մամուլում՝ «Պուտինը Հայաստանին ձեռքից գցեց տաք կարտոֆիլի պես» վերնագրով։ Նա խորը մտահոգություն էր հայտնում  Հայաստանի և Ղարաբաղի  իրավիճակի շուրջ։ Հոդվածին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ՝ «Պուտինը Հայաստանին ձեռքից գցեց տաք կարտոֆիլի պես». Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հոդվածը «Պրավո» թերթում – Orer

«Ռուսաստանի Դաշնությունը, ավելի ստույգ՝ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր կողքին տեսնում է նավթով ու գազով հարուստ Ադրբեջանին։ Իսկ աղքատ Հայաստանին, ինչպես ամերիկացիներն ինձ ասացին. «droped Armenia like a hot potato», տաք կարտոֆիլի պես ձեռքից դեն է նետել՝ թողնելով իրենց ճակատագրի հույսին:,_ գրել է իշխան Շվարցենբերգն այդ հոդվածում։

Ավելացնենք նաեւ, որ նախկին արտգործնախարարը մի քանի անգամ եղել էր Հայաստանում, եղեւնի էր տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։  2011 թվականի աշնանը նա արտգործնախարար Նալբանդյանի հետ ներկա էր Պրահայում Հայաստանի դեսպանության հանդիսավոր բացմանը, իսկ 2017 թվականի հուլիսի 3ին  Չեխիայում նախկին դեսպան Տիգրան Սեյրանյանը դեսպանությունում նրան է հանձնել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած վաստակի համար։

2022թ. հունիսի 20-ին Կարել Շվարցենբերգը՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում կարևոր ներդրման համար, պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով: Մեդալը հանձնեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Իշխան Շվարցենբերգը պատասխանել էր նաեւ ՕՐԵՐի հարցերին։

Ավելացնենք, որ նրա ավագ որդին՝ Յան Նեպոմուկ Օնդրեյ Շվարցենբերգը (55) այժմ կդառնա Շվարցենբերգի նոր իշխանը։ Նա դեռեւս 2007 թվականին հորից ստանձնել էր նախնիների ունեցվածքի կառավարումը, որը ներառում է մի շարք անտառներ, լճակներ և Չեխիայի Օռլիկ և Շվարցենբերգ ամրոցները։

ՕՐԵՐ ամսագրի խմագրակազմը խորապես ցավակցում է Շվարցենբերգների ընտանիքին։

Հ. Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում