Ֆրանտիշեկ Յուրինայի եւ Տիգրան Պողոսյանի համատեղ ցուցահանդեսը Պրահա-Սուխդոլի քաղաքապետարանի ցուցասրահում

  • 12.11.2023
  • 0
  • 382 Views

Երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Պողոսյանը երբեւէ չէր պատկերացնի, որ չեխ  գրաֆիկ Ֆրանտիշեկ Յուրինայի հետ փողոցում կայացած պատահական ծանոթությունը կավարտվի համատեղ ցուցահանդեսով։ Բայց բարի մարդիկ ամենուր են։ Իմանալով, որ Տիգրանն էլ նկարիչ է, Յուրինան հրավիրում է նրան միասին ցուցադրվել իր 80-ամյակի առիթով նախատեսված ցուցահանդեսում։

Այսպիսով, նոյեմբերի 1-ին Պրահայի Սուխդոլ շրջանի քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց  չեխ հայտնի գրաֆիկ Ֆրանտիշեկ Յուրինայի եւ երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Պողոսյանի համատեղ ցուցահանդեսը՝ «Գրաֆիկա եւ գույն» ընդհանուր խորագրով։

Եթե Յուրինան, որը տոնում էր իր 80 ամյակը, ներկայացել էր  «մոռացված» Պրահայի տեսարանների ու շինությունների գրաֆիկական բացառիկ աշխատանքներով, ապա հայ նկարիչը  նախընտրել էր այցելուների դատին հանձնել ոչ միայն հարազատ ծննդավայրի՝ Հայաստանի բնապատկերները, այլեւ եվրոպական շնչով արված աշխատանքներ, որոնք հիշեցնում էին ոչ միայն Պրահան, այլեւ հյուսիսային երկրների միջավայրը։

Տիգրանը ծնվել է 1995 թվականին Կապանում, ավարտել է տեղի մանկական գեղարվեստի դպրոցը, ապա՝ Երեւանի գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ Արդեն յոթ ամիս է նա բնակվում է Պրահայում եւ նախապատրաստվում է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի (AVU) մագիստրոսական բաժին։

Մեզ հետ զրույցում Տիգրանը խոստովանում է, որ ձգտել է թե՛ իր հին՝ հայաստանյան աշխատանքներից ցուցադրել, եւ  թե՛ այս ցուցահանդեսի համար հատուկ գործեր պատրաստել՝ մոդեռնիստական մոտեցումով։ Հետաքրքիր էր նկատել, որ  մի ընդհանուր ներդաշնակությամբ  ցուցադրված 14  աշխատանքները կարծես մի ամբողջական շարք լինեին՝ թե՛ գունային , եւ թե՛  բովանդակային իմաստով։ 

Թերեւս այս հանգամանքն էր գնահատել նաեւ քաղաքապետարանի մշակութային պատասխանատու Զուզաննա Կրումպհոլխովան, որն իր ելույթում նշեց, որ իրենց նախ ոգեշնչել է երկու արվեստագետների ծանոթության պատմությունը, ապա՝ նաեւ նրանց աշխատանքները։ Նա ոչ միայն շնորհավորեց նկարիչներին, այլեւ նրանց նվիրեց Սուխդոլի տեսարժան վայրերից շրջանակված լուսանկարներ։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 4-ը, ցանկացողները կարող են գնել նաեւ ցուցադրված աշխատանքները։

ՕՐԵՐ ամսագիր

Տիգրան Պողոսյանի աշխատանքները

Ֆրանտիշեկ Յուրինայի գրաֆիկական աշխատանքները

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում