«Պուտինը Հայաստանին ձեռքից գցեց տաք կարտոֆիլի պես» վերնագրով հոդված է այսօր հրապարակել չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը, որի հեղինակն է Չեխիայի Հանրապետության նախկին առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, «TOP-09» աջակողմյան կուսակցության հիմնադիր, Կարել Շվարցենբերգը՝ մտահոգություն հայտնելով այսօրվա Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական իրավիճակի շուրջ։ Հոդվածին ամբողջությամբ ծանոթացեք ստորև.
«Հայերը հինավուրց ազգ են։ Բայց քչերին է հայտնի, որ ամենահին քրիստոնյան են, որոնք այդ հավատքն ընդունել են բոլոր եվրոպացիներից առաջ, անգամ՝ հռոմեացիներից առաջ:
Հայերը նույնիսկ ունեցել են իրենց թագավորությունները, սակայն տասնյոթերորդ դարից պատմական իրադարձություններն ասես գնալով զարգացել են նրանց դեմ։
Մերձավոր Արևելքի գերիշխող կայսրությունները՝ պարսիկներն ու թուրքերը, իրենց պաշտպանության տակ են վերցրել ազերիներին՝ (մասամբ իրանական և թուրքական արմատներով թյուրքալեզու շիա ազգին), որոնք ապրել են պարսիկների կողքին։
Հայերի պաշտպանները գտնվել են շատ հեռու։ Միջնադարից մինչ օրս, ավանդաբար, այդ դերում եղել է Ֆրանսիան, այն էլ գործնականում հազիվ է կարողացել միջամտել։ Իսկ եթե անկեղծ, հենց Ռուսաստանն է այդ խնդրի կատարումը հանձն առել դարեր շարունակ»,- փոքր-ինչ թերթելով պատմության էջերը՝ Շվարցենբերգը փորձել է չեխ ընթերցողին ներկայացնել հայ ժողովրդի խոր արմատներն ու անցումային ժամանակահաշրջանները՝ խոսքը շարունակելով հետևյալ կերպ.
«Անգամ Խորհրդային Միությունն է Հայաստանի համար պաշտպանություն հանդիսացել՝ ընդդեմ թուրքերի և նրա ադրբեջանցի հարևանների։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, թեև այս պետությունը տեսականորեն շարունակեց գոյատևել, բայց վերջին տարիներին այն, այսպես կոչված, «այլասերվեց»,- չթաքցնելով իր ափսոսանքը ներկայիս Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ՝ անկեղծորեն արտահայտվել է տարեց քաղաքական գործիչը։
«Ռուսաստանի Դաշնությունը, ավելի ստույգ՝ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր կողքին տեսնում է նավթով ու գազով հարուստ Ադրբեջանին։ Իսկ աղքատ Հայաստանին, ինչպես ամերիկացիներն ինձ ասացին. «droped Armenia like a hot potato», տաք կարտոֆիլի պես ձեռքից դեն է նետել՝ թողնելով իրենց ճակատագրի հույսին:
Իսկապես, երբ այսօր Ադրբեջանը հարձակվում է հայերի վրա, կռվի ավարտից հետո ներխուժում են ռուսական խաղաղապահ ուժերը և միայն հաստատում նրանց պարտված վիճակը»,- քննադատելով մեր վաղեմի դաշնակցի քաղաքական վարքագիծը՝ նշել է հոդվածի հեղինակը և ավելացրել. «Սա կարող է հանգեցնել հայկական պետականության լիակատար կործանմանը։ Սարսափելի է, որ ոչ միայն Ռուսաստանն է իրեն այդպես պահում, այլև Եվրոպան է լռում, որն ի վերջո Հայաստանի հետ կապված է ընդհանուր քրիստոնեական արմատներով։ Եվրոպան, որը հայոց թագավորությունների ժամանակներից Հայաստանի դաշնակիցն է, խիստ արտահայտությամբ ու ափսոսանքով, չգիտես ինչու, լռակյաց հայացքը մեկ այլ կողմ է հառում։
19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին թուրքերի և հայերի միջև տեղի ունեցած դաժան բախումները հանգեցրել են նրան, որ հայերը կորցրել են իրենց նախնական տարածքները Վանա լճի շուրջը և Արարատի փեշին, որն այժմ համարվում է թուրքական հողատարածք՝ հայերին բաժին մնալով միայն ներկայիս բնակավայր Հայաստանն ու Ղարաբաղի մնացած հատվածը, որոնք պահպանվել են միայն ռուսական պաշտպանության շնորհիվ։
Պարադոքսալ է, բայց հայերն այսօր, հավանաբար, առավել լավ վիճակում են Սիրիայում, որտեղ նրանք ապրում են տեղի բռնապետի պաշտպանության տակ գտնվող փոքրամասնությունների շարքում։ Այնինչ բուն Հայաստանում և Թուրքիայում, որտեղ ապրել են դարեր շարունակ, վտանգի տակ են։
Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքով առաջացած թուլության, թե այս ոլորտում Ռուսաստանի դերի մասին պատկերացում չունենալու պատճառով, ամեն դեպքում պարզ է, որ Մոսկվան այլևս ի վիճակի չէ բանակցությունների միջոցով կարգուկանոն հաստատել իր հարևանների հետ՝ այդ տարածաշրջանում, ինչի արդյունքում նա դադարում է լինել տարածաշրջանային որոշիչ ուժ»,- իրատեսական վերլուծությամբ է խոսքն ավարտում հոդվածի հեղինակն իր վերջաբանում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա