
Աբրահամ Լինքոլն մի խոսք ունի. «Բաժանված տունը չի կարող կանգուն մնալ»: Դա կարծում եմ համընկնում է մեր այսօրվա իրադրությանը: Մեր տունն այսօր բաժանել են նախկինի ու ներկայի, ռուսամետի ու արևմտամետի միջև:
Բայց երբ նայում ես փաստերին բոլորն էլ նույն սանրի կտավն են, բոլորն էլ ծառայում են արտաքին դերակատարներին, բոլորն էլ ունեն տերեր, բոլորի համար էլ ՀՀ պետական շահը անկարևոր է, կարևորը ինչ է պետք անել ու ասել, որ տերերը գոհ մնան: Արդյունքում, երբ Հայաստանի գլխին կախված են լուրջ սպառնալիքներ մենք մնում ենք մեն–մենակ: Պարզվում է՝ բոլորը վաղուց պայմանավորվել են, ինչպես դա եղավ 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ, նաև այս տարվա սեպտեմբերի 19–ի հարձակման ու հայերին իրենց բնակության վայրից բռնի տեղահանելու հարցում:
Դրանից հետո, երբ ամեն ինչ ավարտվում է, ամեն մի կողմ սկսում է իր բաժին թատրոնը խաղալ՝ ներկաներն իրենց, նախկիններն՝ իրենց, ՌԴ–ն՝ իր, դե Արևմուտքն էլ՝ իր: Ամենավատն էլ այն է, որ մենք այս պարզ իրողությունները տեսնելու փոխարեն, էլի փրկություններ ենք փնտրում այլոց մեջ:
Մինչ հիմա հայ հանրութան մեջ կա հատված, որ չի հասկացել, որ պարտված ղեկավարը չի կարող հաջողել, նա դարձել է իր գրավոր ու բանավոր խոստումների գերին, դրանից հետո նա միայն պարտություն է բերելու, ձախողում, իշխանության մնալն է իր համար դարձել է սեփական անվտանգության ապահովման միջոց, ուստի նա ամեն քայլի պատրաստ է այն պահելու համար:
Մի հատված էլ չի ուզում ընդունել, որ գործող ընդդիմությունը եղել ու մնում է Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր երաշխավորը (կամա թե ակամա արդեն երկրորդական է դարձել), նրանց «փրկության շարժումները» փրկում են Փաշինյանին մեծ հաշվով: Փաշինյանն էլ ամեն ինչ անում է, որ դաշտը մնա նախկիններին, նոր կերպարներ չհայտնվեն ասպարեզում, մի ամբողջ քարոզչական ապարատ աշխատում է ցանկացած նորի ու պրոֆեսիոնալի դեմ, իհարկե, կպցնելով շատ մոդայիկ «ռուսամետ» կամ «քոչարյանական» պիտակը:
Մարդիկ կան, որ դեռ չեն հասկանում, որ ՌԴ–ն շատ հեռու է դաշնակից լինելուց, քանի որ այդ պետության համար համար Թուրքիան դարձել է բացարձակ գերակայություն, քանի որ սանկցիաների շրջանառման ձև է նաև, ըստ իս:
Ոմանք էլ չեն ուզում տեսնել, որ Արևմուտքի համար ևս Թուրքիան գլխավոր դաշնակիցն է, ՆԱՏՕ–ի անդամ երկիր, ում հետ որևէ մեկը մեզ համար հարաբերություն չի փչացնելու: Մի քանի խոժոռ հայտարարություններ կլինեն, մի երկու կոպեկ մեզ կհատկացնեն ու վերջ: Պատկերավոր ասած՝ մեր մեռնելուց հետո, ի տարբերություն ՌԴ—ի ոչ թե մուննաթ կգան, որ մենք ենք մեղավոր, որ մեռանք, այլ վերջում կգան ցավակցելու ու կասեն՝ քարը մենք կդնենք, չմտածեք:
Դա չի նշանակում, որ իրենց հետ պետք չի աշխատել, ոչ հակառակը՝ պետք է բոլորի հետ աշխատել՝ շատ հստակ բովանդակային օրակարգեր ունենալով, ոչ թե դատարկ հույսեր կապել, այլ աշխատել, պայմանավորվել, շահեր առաջ քաշել ու թույլ չտալ մեր դեմ վտանգավոր կոնսեսուսների ձևավորում, որոնց ականատեսը լինում ենք վերջին տարիներին:
Ինձ համար հետագա գալիք արհավիրքները կանխելու միակ ձևը պետականամետ, պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումն է, որը նաև հանրային կոնսեսուս ու համերաշխություն կբերի: Մեր բաժանված տունը կարող են հավաքել մարդիկ, որոնք դրսից տերեր չունեն, որոնք առաջնորդվում են պրոֆեսիոնալիզմով, խղճով ու պետական շահով: Հենց նման մարդիկ (իսկ իրենք հաստատ կան), կարողանան միանալ ու լուծումների առաջարկ ներկայացնել հանրությանը, մենք այս կործանարար, փակ շղթայից դուրս կգանք, համոզված եմ դրանում: Մեզ ՀՀ պետական շահին ծառայող մարդիկ են պետք, ոչ թե դրսում տերեր փնտրող ու երկիրն անտեր թողողներ:
Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու