2023 թվականի մարտի 24-ից 26-ը Հունաստանի Քսանթի քաղաքի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համայնքում կազմակերպվեցին եռօրյա միջոցառումներ, որոնք ներառում էին ֆոտոցուցահանդես Մանոս Խաջիդակիսի Արվեստի և մտքի տանը, ինչպես նաև գլխավոր հոբելյանական միջոցառում Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում և սուրբ պատարագ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում՝ Հունաստանի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Գեղամ Ս. Արք. Խաչերեանի հանդիսապետությամբ։ Այս մասին հայտնում է Աթենքում Հայաստանի դեսպանությունը։
Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում կայացած գլխավոր միջոցառմանը ներկա էին քաղաքի կրոնական, պետական և զինվորական իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Քսանթիի մետրոպոլիտ Պանտելեյմոնը, Քսանթիի քաղաքապետ պ․Էմանուել Ցեպելիսը, Քսանթիի փոխնահանգապետ պ․Կոստաս Կուրտիդիսը, Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պ․Ակիս Դաղազյանը, Հունաստանի հայերի ազգային խորհրդի նախագահ պ․Թագվոր Հովակիմյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ պ․Գասպար Կարապետյանը և այլոք։
Միջոցառմանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից ուղերձով հանդես եկավ դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը։
Ուղերձում մասնավորապես նշվում էր․ «Հունաստանում հունահայ գաղութի ձևավորումից 100, Փոքրասիական աղետի 101, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 108 տարուց անց մենք շարունակում ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից, մենք նորից ականատես ենք լինում հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու այս անգամ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին՝ Արցախում, որտեղ արդեն գրեթե 101 օրից ավել մեր հայրենակիցները գտնվում են շրջափակման պայմաններում՝ կանգնած լինելով մարդասիրական ճգնաժամի առջև։ Անպատժելիության զգացողությունն այն մակարդակի է հասել Ադրբեջանում, որ բացեիբաց այդ երկրի ղեկավարությունն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ անհապաղ Լաչինի միջանցքը բացել և դադարեցնել հայատյաց քարոզչությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մենք միասնական օրակարգով հանդես գալու անհրաժեշտություն ունենք՝ հայությանը իր պատմական հայրենիքից մնացած փոքր հատվածից օտարելու ևս մեկ փորձը ժամանակին կանխելու համար»։
Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկան նաև տիկին Յուլյա Քասապյանը՝ «Հայ փախստականների հաստատումը Հունաստանում 1922թ.-ին» և ազգագրագետ տիկին Գարիֆալիա Թեոդորիդուն՝ «Քսանթի. մյուս հայրենիքը» թեմաներով:
Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան նաև Քսանթի քաղաքի հայ համայնքի երաժշտախումբը և Կոմոտինի քաղաքի հայ համայնքի երգչախումբը:
orer.eu