Երեւանում բացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով միջազգային փառատոնը

  • 05.09.2022
  • 0
  • 102 Views

Սեպտեմբերի 5-Ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավորությամբ բացվել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը, որին ներկա են գտնվել նաեւ Հայաստանի նախագահը, վարչապետը, նախարարներ եւ այլ պաշտոնյաններ, հյուրեր։

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:

STARMUS-ը հանդիսավոր բացել է փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը: Ողջույնի խոսք է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փառատոնի շրջանակում հնչել է Sonic Universe համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը:

Սթարմուսը սկսում է իր համահաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։

«Սթարմուս փառատոնի կայացումը Հայաստանում այլևս իրականություն է»,—այսպիսի հակիրճ, բայց չափազանց հուզական նախադասությամբ սկսեց իր ելույթը աշխարհահռչակ գիտնական, Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը՝ նվիրված փառատոնի մեկնարկին։

«Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Ի ուրախություն ինձ՝ STARMUS-ի նման համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ Իսկապես, այսպիսի փոքր երկրում այսքան աշխարհահռչակ գիտնականներ ու հայտնագործություններ են եղել ու շարունակում են իրագործվել։ STARMUS-ն այստեղ է գիտությունը՝ որպես նոր թրենդ, մտածողություն փոխող և դեպի ապագան նայող ուղղություն ներկայացնելու համար և համոզված եմ՝ երիտասարդության (և ոչ միայն) համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու»,— Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

STARMUS փառատոնը Գարիկ Իսրաելյանը հիմնադրել է լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ, ով նույնպես կպատվի իր ներկայությամբ և սեպտեմբերի 7-ին աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգա փառատոնի մասնակիցների համար։ Նրան բեմում կընկերակցեն այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը և նրանց կնվագակցի Оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

STARMUS-ի շրջանակներում առաջիկա մեկ շաբաթը հագեցած ծրագիր է ունենալու՝ օրը մեկնարկելու է Հանրայնացման Ծրագրով բուհերում, ուսումնական հաստատություններում ու կառույցներում և շարունակությունն է գտնելու STARMUS-ի հիմնական Կոնֆերանսներով Մարզահամերգային Համալիրի տարածքում։ Այս ամենը համեմված է լինելու բարձրակարգ և ամենատարբեր ոճերի երաժշությամբ։ Սեպտեմբերի 8-11-ն էլ Օպերային հարակից Ազատության հրապարակը վերածվելու է գիտության ճամբարի, ուր կլինի բարձրակարգ երաժշտություն, դասախոսություններ ու գիտության շքահանդես՝ փոքրից մեծ բոլորի համար։

Փառատոնի ծրագիրը մանրամասն ներկայացված է https://starmus.com/program կայքում և սոցիալական մեդիայի հարթակներն ակտիվորեն ներկայացնելու են փառատոնի շուրջ տեղի ունեցող ամենադիտարժան իրադարձությունները։

STARMUS-ի կարևորագույն իրադարձություններից է Սթիվեն Հոքինգի մեդալի արարողությունը։ Փառատոնի պաշտոնական բացման ժամանակ` SONIC UNIVERSE (թարգմանաբար՝ Երաժշտական տիեզերք) սթարմուսյան ավանդական համերգային ծրագրի ընթացքում մեծ բեմից հայտարարվեցին 2022 թվականի դափնեկիրները, ովքեր գիտության հանրայնացման ուղղությամբ համաշխարհային ներդրում ունեցած գիտնականները։ Նրանք են Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանը և պրիմատոլոգ և մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։

Sonic Universe համերգային ծրագիրը մեկ բեմում՝ Մարսի շուրջ միավորել էր Ռիք Վեյքմանի, Քրիս Հեդֆիլդի, Sons of Apollo խմբի, Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի, Անդրեյ Մակարևիչի պես աշխարհահռչակ երաժիշտների, որոնց նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնային Սթարմուսյան շաբաթը մեկնարկեց լավագույն և բարձրորակ երաժշտությամբ՝ շաբաթվա ընթացքում տարածվելով ողջ Հայաստանով։

Եվ իհարկե այս մասշտաբային իրադարձության կայացման գործում իրենց մասնաբաժինն ունեն մեր գործընկերներն ու հովանավորները, որոնց շնորհիվ փառատոնն առավել գունեղ ու հիշարժան է դառնալու։ Փառատոնի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարությունները, OMEGA, Satlantis, CQS ընկերությունները։ Հովանավորների թվում են Team telecom, Corporation America, «Ադիբեկյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը (AFFA), Groksmith, Braind, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա, Arloopa, Karas, Converse Bank, Երևանի կոնյակի գործարանը (Ararat Brandy,ArArAt)։ Աջակիցներից են FAST հիմնադրամը, ՄԱԿ֊ի Հայաստանյան գրասենյակը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), Դասավանդի՛ր, Հայաստան ծրագիրը (Teach for Armenia), «Քվանտ» վարժարանը, Ֆիզմաթ դպրոցը, Ա. Շիրակացու անվան ճեմարանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Այբ դպրոցը, Այբ կրթական հիմնադրամը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, ԼՈՖԹ֊ը, Explore Scientific ընկերությունը, SpaceShop 42-ը։

STARMUS VI  փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս VI-ի մասին՝  https://starmus.com/Armenia
Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
Twitter: https://twitter.com/StarmusArmenia
Instagram: https://www.instagram.com/starmus/
LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival

Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest

Իր հերթին Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը՝

Այսօր Երևանում պաշտոնապես կբացվի STARMUS-ի վեցերորդ միջազգային փառատոնը: Այն մեր երկրում անցկացնելու նախաձեռնությունը Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանինն է: STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու գաղափարի մասին Արմեն Սարգսյանն առաջին անգամ խոսել էր երեք տարի առաջ՝ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ. «Ես հրավիրում եմ հաջորդ՝ վեցերորդ STARMUS-ին գալ Հայաստան։ Ուրախ կլինենք բոլորիդ՝ գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, երաժիշտների, արտիստների տեսնել Հայաստանում»,- ընդգծել էր Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է, նա մասնավորապես խոսել էր ավելի քան 2800-ամյա Երևանի, ինչպես նաև Մեծամորի՝ ուրարտական շրջանի աստղադիտարանի մասին ․ «Հայերը 4500 տարի առաջ նայում էին երկնքին, գրանցում էին տվյալները քարերի վրա։ Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը»։

Արմեն Սարգսյանը նշել էր, որ STARMUS փառատոնը լավ հնարավորություն է՝ Հայաստանը մեկ շաբաթով դարձնելու տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն. «Դա լավագույն ձևն է քաջալերելու երիտասարդներին զբաղվել գիտությամբ, հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է»:

Այս մասին հայտնել է https://shamshyan.com-ը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում