Դինա Հակոբյանի պարախմբի առաջին համերգը Պրահայում արժանացավ ջերմ ընդունելության

  • 25.03.2024
  • 0
  • 394 Views

Վերջապես չեխահայությունը կրկին վայելեց հայկական պարախմբի ելույթ։ Մարտի 23ին  Պրահայի Մանինայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Դինա Դանս» պարախմբի համերգը։ Տարիքային մի քանի խմբերի ելույթները, պարային ճաշակավոր հանդերձները, գունեղ ձեւավորումն ու յուրաքանչյուր պարային համարը լուրովի մատուցելու ձգտումը հիացրին ներկաներին։ Ընդամենը երկու ամիս ժամանակահատվածում Դինան կարողացել էր պատրաստել մի ամբողջական ծրագիր, որը  հարուստ էր թե՛ բովանդակությամբ, եւ թե՛ կատարողական վարպետությամբ։ Իհարկե, ինչպես պարուսույցը խոստովանեց մեզ հետ զրույցում, դեռ թերություններ կան, որ ժամանակի ընթացքում պետք է հղկվեն, սակայն առաջին հաշվետու համերգը նոր լիցքեր ու ոգեւորություն հաղորդեց ոչ միայն երեխաներին, պարուսույցին, ծնողներին, այլեւ լեփ-լեցուն դահլիճում ներկա հանդիսատեսին, որոնց թվում էին նաեւ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ, Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայաստանից ժամանած հյուրեր՝ հանձինս Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներ Մուշեղ Ղուկասյանի եւ Կարեն Ավանեսյանի։

Հատկանշական էր, որ համերգի ընթացքում ներկաներին իրենց ոգեշնչող կատարումներով  ողջունեցին նաեւ երիտասարդ շնորհալի երգչուհի Կարմեն Սարոյանը եւ իսպանական պարերի  դպրոցի ղեկավար Նելլի Քոչարյանի պարախումբը։ Իսկ երեկոն չեխերենով ու  հայերենով վարցեին  Արեւիկն ու Մարիամը։  

26-ամյա Դինա Հակոբյանը այս պարախումբը ստեղծել է 2019 թվականին, երբ ընտանիքով հաստատվեց Պրահայում։ Ծնվել եւ ուսում է ստացել Աբովյան քաղաքում։ Փոքր հասակից պարել է, հատկապես՝  հայկական ժողովրդական պարեր, եղել  է Էդգար Ավետիսյանի պարախմբի սան, տարբեր դասատուների մոտ է հաճախել, այդ թվում վերապատրաստում է անցել  Վրաստանում, իսկ Պրահայում հաճախել է ժամանակակից պարերի դպրոց։ Դինան ցավով նշում է, որ Հայաստանում պարային ժամանակակաից դպրոցը մահանում է, եւ պարարվեստում շատ մեծ բաց կա, շատ պրոֆեսիոնալներ հեռացել են, իսկ նորերը դժվարությամբ են ընդունում ժամանակակիցը։

Ինչպես ինքն է խոստովանում, երբ ձեռնարկել էր պարախումբ ստեղծելու դժվարին գործը, շատերը չէին հավատում, ասում էին, որ հաջողության չի հասնի, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հավատի, անսահման նվիրվածության ու ընտանիքի հաշվին կարողացավ հասնել իր նպատակին։

Այսօր պարախմբի կազմում են 3,5 տարեկանից մինչեւ 18 տարեկան երեխաներ, որոնք պրոֆեսիոնալ պարային կրթություն են ստանում։ Նաեւ ունեն սիրողական խումբ մայրիկների համար։ Պարախմբի 50 տոկոսը հայեր են, հինգ տոկոսը՝ չեխեր, եւ 45 տոկոսը՝ ուկրաինացիներ։ Խնդիր է, որ տղաները չեն ցանկանում հաճախել պարի դասերին, եւ ողջ պարախումբը կազմված է միայն աղջիկներից։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Այդ նպատակով ապագայում բացելու է Կովկասյան պարերի խումբ։ Ի դեպ, նշենք նաեւ, որ բոլոր պարերը բեմադրում է Դինան։

Առաջիկայում պարախումբը նախապատրաստվելու է «Ավե Բոհեմիա» միջազգային փառատոնին, որտեղ անցյալ տարի շահել էր առաջին տեղը բոլոր տարիքային խմբերում, իսկ այս տարվա կարեւոր ծրագիրը կլինի հայկական պարերի համերգը։

Շնորհավորում ենք եւ պարախմբին մաղթում երկարատեւ ընթացք։

Հ. Ա.

ՕՐԵՐ

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում