Մթությունից՝ լույս. Հայ անվանի գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի կտավը Պրահայի Կամպա թանգարանում

  • 24.03.2024
  • 0
  • 2247 Views

Մարտի 23-ին Պրահայի Կամպա թանգարանում հանդիսավոր պայմաններում եւ բարձրարժեք արվեստի սիրահարների ներկայությամբ բացվեց «Պատրաստվել մթությանը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Չեխիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չինաստանի եւ Հայաստանի 13 հայտնի նկարիչների ու քանդակագործների  աշխատանքները։

Հայաստանը ներկայացնում էր հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան)։ Հայտնի համակարգող Ուվե Գոլդենշտեյնի հեղինակած այս շարքի 8-րդ ցուցադրության համար ընտրված էին եվրոպական հեղինակավոր գալերիաներում ցուցադրվող  գեղանկարիչների գործեր։ Ինչպես համակարգողն է նշում, ընտրվել են ժամանակակից արվեստի այնպիսի գործեր, որոնց հեղինակները ստեղծագործելիս ինտելեկտուալ մոտեցում են ցուցաբերում։

Ռաֆայել Մեգալը (իրական ազգանունը՝ Մելիքյան) այս ցուցահանդեսին ներկայացել էր կապիկներին նվիրված շարքի նկարներից մեկով` «Primal Reveries։Turbulent discussion» («Առաջնային երազ. Տուրբուլենտ քննարկում»), որը հեղինակել է 2023 թվականին։

Ցուցահանդեսի բացումից հետո ՌաՖայելին խնդրեցինք կիսվել իր տպավորություններով.«Հիանալի ցուցահանդես էր։ Չէի սպասում, որ Պրահայում այսքան արվեստասեր մարդ կա։ Այլ երկրների հետ համեմատ, իսկ ես բազմաթիվ ցուցահանդեսների եմ ներկա գտնվել աշխարհի տասնյակ երկրներում, այսքան արվեստի նվիրյալ ու արվեստով ապրող մարդ չէի պատկերացնում։ Տպավորություններս գերազանց են»։

Ավելացնենք միայն, որ Ռաֆայելի գեղանկարները ցուցարդվել են Ֆլորենցիայի, Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Տորոնտոյի, Սանկտ Պետերբուրգի հայտնի ցուցասրահներում։ Իսկ 2017 թվականին նա Հայաստանը ներկայացրել է Վենետիկի բիենալեում։

Ցուցասրահում  բացի մեր հայրենակցի կտավից, ներկայացված էին նաեւ Նիկոլա Սամորիի, Էնրիկո Մինգուզիի, Ֆլավիա Պիտիսի, Ռադու Բելցինի, Ադելա Յանսկայի, Ռիչարդ Շտիպլի, Դանիել Պիտինի, Ադամ Մագյարի, Ատիլլա Սզուչի, Իննա Արտեմովայի, Ադամ Բոտայի եւ Լիու Լանգքինգի աշխատանքները։ (Nicola Samorì (I), Enrico Minguzzi (I), Flavia Pitis (RO), Radu Belcin (RO), Adela Janska (CZ), Richard Stipl (CZ), Daniel Pitín (CZ), Adam Magyar (H), Attila Szűcs (H), Inna Artemova (D), Adam Bota (A), Liu Langqing (CH) & Rafael Megall (ARM / in collaboration with Demetrio Paparoni). 

Մեր կարծքով, Կամպա թանգարանի առաջին հարկի ցուցասրահը հիշեցնում է ժամանակակից արվեստի մեկը մյուսի հետ ոչ միայն մրցակցող, այլեւ միմյանց լրացնող գործերի ամբողջություն։ Թեեւ աշխատանքներն իրարից շատ տարբեր են, միեւնույն ժամանակ դրանք ունեն գաղափարական ընդհանրություն։ Միայն մի հարցում համակարգողի ընտրած վերնագրի հետ համամիտ չենք։ Այս աշխատանքները մեզ ոչ թե պատրաստում էին մթությանը, այլ հակառակը՝ լույսին։

Իսկ Ռաֆայել Մեգալի հետ մեր հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 19-ը։

Հ. Ա.

orer.eu

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Պրահա

Այս լուսանկարների հեղինակ՝ Jirka Jansch

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում