Լիտվաբնակ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանի «Հայր» ֆիլմը կցուցադրվի Կինոյի տանը

  • 12.12.2023
  • 0
  • 563 Views

Այսօր, ԺԱՄԸ 19:00-ԻՆ, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ Կապույտ սրահում դիտելու ենք Լիտվայում բնակվող հայ կինոռեժիսոր ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտնի է իր «Լեռնավան» (2009), «Հայր» (2012), «Ջրհեղեղ չի լինի» (2020), «Բոգդանը չի ուզում վերդառնալ» (2023) ֆիլմերով։

Նրա ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ միջազգային փառատոներում, այդ թվում՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում, Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում, Կրակովի միջազգային կինոփառատոնում, Վիլնյուսի միջազգային կինոփառատոնում, «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնում և այլուր։

2020 թվականին Մարատը նկարահանեց իր նոր ֆիլմը՝ «Ջրհեղեղ չի լինի», որը նոմինացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի միջազգային քննադատության մրցանակի։

Ներկա պահին ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ նկարահանում է իր նոր լիամետրաժ խաղարկային «Մեծն ինկվիզիտոր» ֆիլմը:

Մարատը դասավանդում է տարբեր երկրներում։

2012 թվականին նկարահանված «Հայր» ֆիլմը ճանաչվել է լավագույն ֆիլմ «Vision du Reel» կինոփառատոնում «Չդատապարտելու համար. Միասին լինելու համար: Էկզոտիկ նյութը չչարաշահելու համար։ Հմտորեն և սրտից նկարահանված ֆիլմի համար»:

«Հայրը» վավերագրական ֆիլմ է նախկին բանտարկյալի արժեքների, ժամանակի և ճակատագրին մարտահրավեր նետած մարդու, ապրելու անվերջ ցանկության մասին։ Սա մեկ ընտանիքի սիրո պատմությունն է։ Առանց ռոմանտիկ պահերի և կախարդական փոփոխությունների։ Բայց մեծ ներուժով հարմարեցնելու մեր հասկացողությունը, թե ի՞նչ է կամ կարող է լինել երջանիկ և սիրող ընտանիքը:

Վիդաս Զենոն Անտոնովը ներառված է 20-րդ դարի Խորհրդային Միության ամենահետաքրքիր հանցագործների գրքում։ Նա պետական հիմնարկներից գողացել է մոտ մեկ միլիոն ռուբլի։ Նա իր հանցակիցների հետ առեւանգել է ուղևորներով ուղևորատար ինքնաթիռ՝ Աֆրիկա փախչելու համար։ Նա քսան տարի անցկացրել է տասնհինգ բանտում։ Նա այժմ յոթանասունմեկ տարեկան է, ունի տասը զավակներից բաղկացած մեծ ընտանիք, երկու թոռ և նորածին որդի։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում